Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը և խստորեն պահպանել հրադադարը․ ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել․

«Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը:

ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մնում է հավատարիմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև, խաղաղ լուծման հասնելու հարցում կողմերին աջակցելու հանձնառությանը և շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերում:

Միացյալ Նահանգները միանում է առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ վերսկսելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների կոչին և շեշտում է ԵԱՀԿ դիտորդների՝ հանգամանքների նպաստավոր լինելուն պես տարածաշրջան վերադարձի կարեւորությունը»: