Հիշեցնելով, որ կառավարությունը սոցիալապես խոցելի ընտանիքներին ֆինանսական օժանդակություն էր ցուցաբերում սպառված գազի դիմաց, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է, նրանց համար 1 խորանարդ մետր գազի գինը մնալու է 100 դրամ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:
«Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը, որ մատակարարվում էր այդ ընտանիքներին, կազմում էր 132 դրամ 1 խորանարդ մետրի համար, և 32 դրամը մենք հատուցում էինք: Հիմա այդ գինը դարձել է 156 դրամ 1 խորանարդ մետրի համար: Դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք 56 դրամը նրանց փոխհատուցել: Դրա համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարվում է պատրաստել կառավարության համապատասխան որոշում և մեզ ներկայացնել այն, որպեսզի շարունակենք սոցիալապես խոցելի խավերին օժանդակել, որպեսզի նրանց համար գազի գնի բարձրացում այդ 300 խորանարդ մետրի համար տեղի չունենա և շարունակեն վճարել 100 դրամ: Մեկ շաբաթվա ընթացքում այդ որոշումն անհրաժեշտ է ներկայացնել», -ըստ հաղորդագրության ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով պետական կառավարման համակարգում աշխատանքային ծրագրերի կազմման, համակագչով կատարողականների գնահատման, կատարողականի հիման վրա պարգևատրման համակարգի ներդրման անհրաժեշտությամբ:
Ըստ աղբյուրի, արված փոփոխությունները, որոնք, վարչապետի գնահատմամբ, նոր փուլ են նշանավորում այս գործում և շեշտադրում են կատարողականների որակը, ենթադրում են հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց ներգրավումը աշխատանքային ծրագրերի գնահատման մեխանիզմ:
Medialab.am