Ադրբեջանը լրագրողներին թիրախավորեց այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ առաջնագիծը լուսաբանելու համար միջազգային լրատվամիջոցներից մեծ թվով հայտեր են ստացվում․ Խոսնակ

Ադրբեջանը արտասահմանյան և տեղական լրագրողների նկատմամբ հարձակումը սկսեց այն բանից հետո, երբ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ միջազգային լրատվամիջոցների կողմից առաջնագծում կատարվողը լուսաբանելու համար հավատարմագրման մեծ թվով հայտեր են ներկայացվում։ Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա տեղեկացրեց, որ 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների թիմեր, 100-ից ավելի լրագրողներ արդեն իսկ աշխատում էին Արցախում։

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի հրետակոծության թիրախում էին հայտնվել Ֆրանսիական Լե Մոնդ պարբերականի ներկայացուցիչները, Ռուսական Դոժդ հեռուստաընկերության փոխտնօրենը, հայաստանցի լրագրողներ ու օպերատորներ։

Աննա Նաղդալյանը ընդգծեց, որ լրագրողները ունեցել են հատուկ արտահագուստ։

«Լրագրողներին ու լրագրողական գործունեությամբ զբաղվողներին ծանր զինտեխնիկայի միջոցով թիրախավորումը միջազգային իրավունքի խախտում է։ Նման գործելաոճը խստագույնս դատապարտելի է», -հայտարարեց Նաղդալյանը։