Հարձակում. հայ-թուրքական սահմանի առճակատումը կապվում է պետերբուրգյան հանդիպման հետ

20-06-2010
352 դիտում
Հարձակում. հայ-թուրքական սահմանի առճակատումը կապվում է պետերբուրգյան հանդիպման հետ

Հայաստանում փորձագետները եւ քաղաքական գործիչները ուղիղ կապ են տեսնում նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի առճակատման եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պետերբուրգյան հանդիպումից դժգոհ, հապշտապ հեռանալու մեջ` որակելով տեղի ունացածը որպես ադրբեջանական կողմի հերթական սադրանք:

«Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար», – հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը` նշելով, որ գործողությունը ակնհայտորեն նախապես մտածված ու ծրագրված է եղել:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունիսի 17-19-ը աշխատանքային այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ ամենամյա միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսված էր նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Սակայն, նախագահների հանդիպումից հետո, նախատեսվածին ի հակառակ  Ալիեւը հապշտապ լքել է Սանկտ Պետերբուրգը, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել են, որ նրա աշխատանքային այցն  «ավարտվել է»:

«Իրականությանը շատ մոտ է այն, որ բանակցություններն այնպես չեն ընթացել, ինչպես ինքն է ուզել։ Ալիեւն ուզում է, որպեսզի Հայաստանի վրա ճնշումներ գործադրվեն»,- Ադրբեջանի նախագահի նման պահվածքը վերլուծում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Ադրբեջանի նախագահի պետերբուրգյան համաժողովին չմասնակցելու մասին լուրերի հետ,   նույն օրը` հունիսի 18-ի գիշերը Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է  ներխուժել զինված հետախուզական խմբավորում, որի արդյունքում տեղի է ունեցել առճակատում:

«Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: -նշվել է ՀՀ Պաշտպանության նախարարության  տարածած հաղորդագրության մեջ,-Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր»:

Այս տեղեկությանը շտապել է արձագանքել Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահը:

«Սադրանքները միշտ էլ անընդունելի են, բայց այս տմարդի գործողությունը հատկապես անընդունելի է, որովհետև այն տեղի ունեցավ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց,-ասել է Սերժ Սարգսյանը` շեշտելով, որ համանախագահներն ու ներգրավված երկրները շատ բան ունեն մտածելու:

«Ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները մնալով անպատիժ, չեմ ասում` անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ շատ ավելի վատ հետևանքների: Ես համարում եմ, որ այսպիսի վերաբերմունքը անհարգալից վերաբերմունք էր նաև համանախագահների նկատմամբ»,-հայտարարել է Սարգսյանը:

Ադրբեջանական կողմի պատասխանը չի ուշացել: ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից պատահարի մասին տեղեկության տարածումից հետո, ադրբեջանական կողմը հաստատել է կատարվածի եղելությունը, նշելով սակայն, որ հայկական կողմից զոհերի թիվն ավելի մեծ է եղել: Բաքուն ինչպես միշտ, շտապել է ամեն ինչում մեղադրել Երեւանին:

«Մադրիդյան սկզբունքներից հեռանալու համար, Հայաստանը խախտում է զինադադարի ռեժիմը»,-հայտարարել է  Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Էլդար Սաբիրողլուն:

Սակայն, պետերբուրգյան հանդիպմանը մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության տարածած հայտարարությամբ շեշտել  է, թե բարձր մակարդակով կազմակերպված  յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում է սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները:

«Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում’ ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը, նշելով, որ «գիշերվա քողի տակ ուխտադրուժ հարձակվելը բնորոշ է Ադրբեջանին»:

Ի պատասխան, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ բախումը ցույց է տալիս, որ երբեք չեն համակերպվի «իրենց տարածքների զավթման փաստի հետ»:

«Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, ինչպես ցանկանում է մտածել հայկական կողմը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է Ադրբեջանի ԱԳ  մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն,  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադառնալով վերջին դեպքերին նշում է, որ տեղի ունեցածը «շանտաժի նշաձողի բարձրացման փորձ է»:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը միշտ փորձում է խոսել սպառնալիքներով,- «Մեդիալաբին» ասում է Իսկանդարյանը,-որոնք, սակայն, աշխարհում մեծ արձագանք չեն ստանում»:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am