ՀՅԴ-Դրո գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը բաց նամակով դիմել է ՀՀ երեք նախագահներին

24-03-2014
328 դիտում
ՀՅԴ-Դրո գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը բաց նամակով դիմել է ՀՀ երեք նախագահներին

ՀՅԴ-Դրո գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Լևոնի Մնջոյանը բաց նամակով դիմել է ՀՀ երեք նախագահներին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Մեծարգո պարոն Սարգսյան,

Մեծարգո պարոնայք՝

Լևոն Տեր-Պետրոսյան,  

Ռոբերտ Քոչարյան.

Բավական երկար մտածելուց հետո որոշեցի այս անկեղծ նամակս գրել՝ հետևելով այն ճշմարտությանը, թե «իշխանները պետք է հնազանդ լինեն Աստծո օրենքներին, որպեսզի իբրև Տիրոջ դեմ ապստամբածներ չպատժվեն» ըստ Ներսես Շնորհալու Աստվածաշունչ գրառության։ Միևնույն ժամանակ ակնկալելով՝ Ձեր Ողջախոհությունը, Արդարամտությունն ու Սերն առ ի հայրենաց ժողովրդի։ 

Նախ ժամանակի պատմական առումով մենք դեգերում ենք մի այնպիսի շրջափուլի շուրջ, երբ կարծեք թե որոշիչ ու նշանակալից դերակատարությունը քաղաքական ու սոցիալական մակարդակներում հանձնված է հասարակությանը և հանրային կարծիքի գերիշխանությամբ էլ հաճախ ձևավորվում է աննախադեպ առաջացած խնդիրների օպտիմալ լուծումներն ու կամ պետական նոր կառավարման ինստիտուտների յուրովի ձևավորումը։ Սակայն դա այդքան էլ այդպես չէ։ 

Ձեր թույլտվությամբ հարկ եմ համարում նշել, որ ներկայիս հասարակությունը ժամանակակից կեղծ ժողովրդավարական սկզբունքներից բխած առկա իրողություն է, ուստի և զուրկ է մարմնից, ոգուց ու տեսակից։ Սակայն նրա հիմքը միշտ էլ ժողովուրդն է, բայց ոչ երբեք ազգը։ Այն ձևավորվում է ժողովրդի բազմատարր շերտերից բայց չի կայանում երբեք որպես ժողովրդավարական ճշմարիտ ինստիտուտ և կամ կատարյալ հասարակարգի ձևավորման իբրև խթան։ 

Ժողովուրդը՝ միասերտ, ունիտար ազգությունների սպեցիֆիկ բազմազանությունը, միատեսականության ենթարկված, սակայն հասարակական և սոցիալական տարբեր խմբերի ձևավորված մեկ ամբողջություն է։ 

Ազգը՝ տոհմերի (ցեղերի) միջև կենսաբանական ինտեգրացիայի բնական ընթացքով ձևավոևված յուրովի, եզակի և անկրկնելի տեսակ է, որն էլ ունի պահպանած իր տոհմի ոգին, բարքերն ու կեցութաձևերը։ 

Ինչպես կայացած և հզոր ժողովրդի, նույնպես էլ ազգի և տոհմի մարմինը կազմված է Առաջնորդ-իշխանավորներից, Հոգևորական-հայրերից, Մտավորական-գիտնականներից ու Ավատապետ-մեծահարուստներից։ Այս բոլորի պահպանությունը, զարգացումն ու հարատևությունը սահմանվում է նրանց տոհմային ժառանգական ոգու բարոյականությունից բխած օրենքներով, խղճից ուղղորդված կառավարմամբ և սրտի թարգման խոսքի լեզվամտածողությամբ։ Երբ առաջնորդ, հոգևորական, մտավորական ու ավատապետ այս չորս գլխավոր բարեխառնության հավասարազոր սյուները խախտվում են, ապա ինչպես իշխանությունր, նույնպես էլ հասարակությունը կանգ է առնում կործանման եզրին։ Իսկ երբ խաթարվում է օրենքը, կառավարումն ու կեզվամտածողությունը, ապա պետությունն ու ժողովուրդը դատապարտվում են ոչնչացման։ Այսպես են կործանվել աշխարհի հզորագույն կայսրությունները։Ուստի և իշխանավոր-առաջնորդի օրինապահության, սրտի, ոգու և կամքի իմաստուն դրսևորումների շնորհիվ է , որ հաստատվում է հասարակությունը բարեկարգության սահմաններում։ 

Հասարակության, ժողովրդի, ազգի ու տոհմի արմատը անհատ մարդն է։ Անհատը բնությամբ բազմանման է, ինպես հասարակությունը, սակայն նույնական չէ, ինչպես ժողովուրդը, էությամբ եզակի է ինչպես ազգը և անկրկնելի ինչպես տոհմը։ Այն ուղղորդվում է ի սկզբանե Տիրոջ կողմից տրված իր առաքելությամբ և նախանշված ուղիով։ Նա ունի իր աշխարհընկալման յուրովի ու աշխարհայացքի արտահայտման խորհրդանիշների սեփական համակարգը։ Աշխարհընկալման և միայն իրեն հատուկ ինքնաճանաչման բազմաուղղվածության լոգիստիկայի մեջ ընտրում է իրեն նախանշված ուղի և իրեն վերապահված սրբագույն  առաքելությունը, աշխարհն արտահայտելու խորհրդանիշների ամբողջական իր համակարգն ու արարում, ստեղծում ու երկնում է իր մշակույթը։ 

Անհատի ոգու և կամքի միաձուլումը բոլոր զուգահեռներով ամբողջ ազգի ոգուն և ապա նրա որպես մեկ ամբողջի հավաքականության փոխադարձ կապը հարազատ միջավայրին՝ Հայրենիքին կայանում է նույնպես միայն Աստվածային օրենքներից բխած անհատի-տոհմի-ազգի-ժողովրդի էության ու բնության կողմից ճշգրիտ ընկալման արդյունքում։ Սա է հանդիսանում ազգային գաղափարախոսության երկնման պատճառը առ ի կարևորություն ազգի պահպանման, զարգացման ու առաջադիմության։ 

Ազգային գաղափարախոսությունն իր տոհմիկ տեսակին ի վերուստ՝ Աստվածային ներգործությամբ և ոչ զորությամբ տրված աշխարհընկալումի իմաստավորումն է։ Աշխարհայացքը տեսական գիտություն չէ, այլ կենսական զգացում է, արարչաստեղծ-մարդ-երրորդություն, բնության ֆոնեմեն։ Ազգը պատմական, սոցիալական սուբյեկտ է, այն իր տոհմի ոգու-մարմնի արտահայտությունն է և նյութեղեն ու ոչ նյութեղեն բարձր արժեքների զուգահեռներով դրսևորող արարիչն ու ստեղծարարը և հանդիսանում է որպես նախապատմական Աստվածային ֆենոմեն։ Ազգի նախապատմական տոհմային ոգու աշխարհընկալման, մեր ազգի աշխարհիկ ոգու ձևավորումն է և նյութական աշխարհի վրա հակակշռող չափանիշը, նա իր արարչական առաքելությունը ծառայեցնում է միայն բարձրագույն նպատակին՝ Աստծուն։ Ազգի գաղափարախոսությունը մեր նախապատմական տոհմի ոգու ինքնաճանաչման կենսական զգացումն է, որը ճանաչվում է միայն ինքնության ու նրա ինքնաճանաչման գերագույն ակտով։ Ինքնաճանաչումը սահմանվում է նախ և առաջ սեփական ոգու մեջ անմար ջահի լույսի պես բոցկլտացող նվիրական կրոնի ու նրա Աստվածաստեղծ տոհմի ճանաչմամբ։ Աստծո ճանաչողությունն ու նրա իմացությունը հավիտենական և անվախճան կյանքն է։ Այն իր կրոնի մեջ զարգացնում է իր որպես տեսակի պատմաժառանգությամբ փոխանցված բարոյական, հոգեբանական ու աշխարհընկալման էությունն ու բնույթը։ Նա իր արյան մեջ է կրում անցյալի առկայությունն ու ներկայում մանրակերտում ապագայի հաղթանակւ հանուն հայրենիքի և ի փառս  Ամենաբարձրյալ Տիրոջ։ Գաղափարախոսությունն իր մեջ ներառում է ինչպես Տիրոջ կողմից տրված Հաբեթյան տոհմի Թորգոմաց Տուն Եվրոպայի ու Ասիայի տարածքային, նույնպես էլ մշակութային և հոգևոր գիտակցումն ու ապա ձևավորում ազգի կամքն ու նրա մոդուսը ուղղում դեպի լուսյն ու հոգևոր առաքելությունը, դեպի հավիտենականությունն ու դեպի Աստված։ Հին աշխարհի գիտակ Հենրիխ Շլիմանը ճիշտ էր նկատել, որ «Եվրոպայի ողբերգությունն այն է, որ իր քաղաքակրթության հիմքում դրեց ոչ թե հին Հայկական, այլ Հունական մշակույթը»։ 

Մինչդեռ այսօր գրեթե ցանկացած իշխանավոր եթե բանական բարոյականության տեսանկյունից դիտարկի իր ղեկավարման արդյունքում առաջացած ժողովրդի վշտերին, ցավին ու տառապանքներին, իր համար դժբախտություն կհամարի իշխանավոր լինելը։ Երբ իշխանավորը անօրեն է ու անհավատարիմ պետությանը, ապա ժողովուրդն էլ մեծամասամբ վերածվում է ապերախտության մեկ ամբողջական մարմնի։ Քանզի ապերախտության ծնունդը բարքերից է, իսկ բարքերը անօրեն օրենքների և անբարո կեցութաձևերի՝ իշխանավորի կողմից պարտադրված սահմանադրումներն են ժողովրդի վրա, որոնց չենթարկվելու պարագային հետևում է նույն անօրեն օրենքով սահմանված անօրեն պատիժը։ Սակայն ժողովուրդը միշտ էլ տատանվող է, փոփոխական և դեգերող, բայց և վերջնական արդյունքում ճանաչում է բարերարությունը որպես ճշմարիտ առաքինություն և հենց հանուն բարերարության էլ վաղ թե ուշ դատաստանի է ենթարկում սեփական իշխանությանը։ Եվ հենց այսօր էլ մենք բոլորս դրա վկաներն ենք։ 

Ոչ կրթության ոլորտ ներմուծած ճատրակային դասիարակությունը, ոչ վարչապետական տեխնոտրոնային ինտելեկտուալիզմը և ոչ էլ մոսկաների հիթ-շքերթային խոհափիլիսոփայությունները, իմա ոչ գործնական գիտական և տեխնիկական փորձառությունն ու ոչ էլ տեսական գիտությունների աքսիոմների ու թեորեմների ըմբռնումը մարդկային բանականությանն ու բնությանը բարի և բարեպաշտ չի դարձնում։ Մարդ անհատից մինչև ազգի ու ժողովրդի բարեպաշտությունն ու բարիությունը, պարկեշտություն, սերն ու ողորմածությունը ոչ թե գիտության ու մտքի դրսևորում է, այլ սրտի բարիության և հոգու բարոյականության կամքի դրսևորումն է, քանզի Աստվա՛ծ վարձատրում և կամ պատժում է, ոչ թե մտքի ճատրակագիտության ու ինտելեկտի, այլև սրտի և ոգու կամքի արտահայտման դիմաց: Հիշե՛ք, թե Տերն ինչ ասաց. «Իժե՛րի ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ ասել, երբ դուք ինքներդ չար եք, քանի որ բերանը սրտի մեջ եղածից է խոսում: Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձից՝ չարիք. Մատթեոս. 12.34:35»: 

Որքան իշխանությունը հեռանում է իր ազգային ոգուց բխած գաղափարախոսությունից՝ իմա իր տեսակին տրված Աստվածային կանոնակարգից ու օրենքներից, նույնքան էլ ազգային իմունիտետը կորցրած ժողովուրդը օտարվում է իր ոգեղեն ուժից՝ Աստծո զորությունից: Իսկ երբ Աստված ցանկանում է խրատել նման ժողովուրդին, ապա իմաստուններին աղքատացնում և հեռացնում է իշխանությունից, որպեսզի տգետները հարստանալով ձգտեն իշխանության և դառնան սեփական ժողովրդի գլխին պատուհաս: Մինչդեռ օրենքները պիտի բխեն խղճից և ոգուց, որոնք ունակ պիտի լինեն նոր ուժ ու լիցքեր հաղորդելու տկարացած ժողովրդի վերաշինման, նրա ոգու ուժեղացման ու ազգային ինքնության գիտակցումին: Եվ քանի դեռ մենք չենք գիտակցելու արդարության, ճշմարտության, արժանապատվության ու ազատության մեր միակ ու անփոխարինելի տիրոջ իրավունքին տեր լինելու հրամայականը, շարունակաբար տառապելու ենք անարդարության արնաշաղախ ճիրաններում, ստրկացվելու ենք սեփական ազգի տականքի կողմից, հալածվելու ենք ստի, կեղծիքի ու բանսարկույի զազրելի հետապնդումներից և ոչնչանալու ենք ճորտի ու ստրուկի անփառունակ նահատակությամբ: Մենք՝ կորցնելով մեր Հայկյան տոհմի, Թորգոմաց տան ժառանգականությունը, այսօր անզոր ենք գտնվել դիմադրելու օտարի պարտադրանքներին ուստի ր պարուրվել ենք հոռետեսությամբ ու պարտվողականությամբ: 

Սակայն նամակս ամենևին էլ սրան չէր վերաբերում... 

Մեծարգո պարոն Ս. Սարգսյան 

Մեծարգո պարոնայք՝

Լ. Տեր-Պետրոսյան,

Ռ. Քոչարյան   

Ձեզանից՝ նախագահներից, առաջին նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյանը, անկախ բոլոր պատճառաբանությունների կամ ստեղծված քաղաքական պարտադրումների, 1994 թ. ինձ դատապարտեց դանդաղ և տանջալի մահապատժի: Մինչև իսկ եթե մեր պայքարում ունենայի կատարած որևէ հանցանք, ապա արդար կլիներ հետևելու ոչ թե դիվապաշտ Վիշինսկու անօրեն օրենքներին, այլև մեր ոգուն հարազատ, Աստվածահաճ օրենքներին: Հանցավորին, անկախ նրա կատարած հանցանքի ծանրությունից, որին կարելի է սաստելով և խրատելով ուղղել, վրեժխնդրության և կամ դոգմատիկ օրենքների պարտադրմամբ պատժելը անօրենություն է և դեմ է ինչպես Աստվածային կանոնակարգին, նույնպես էլ մարդկային բանական բնությանը, քանզի պատիժն արդարության սպասավորն է և ոչ թե անօրենության ծառայակիցը: «Եթե առանց օրենքի (Տի՛րոջ Նոր Օրենքը) դատելով մարդկանց անիրավաբար սպանեք ու պատժեք, հաստատ իմացեք, որ դատաստանի օրը Աստված պիտի պահանջի ձեզանից սպանվածների արյունը... Սուրբ Ներսես Շնորհալի. Թ.Ը»: Մինչդեռ Աստծով չառաջնորդվելը ինձ հետ միասին անօրենաբար պատժեց ընտանիքս, նույնպես էլ այն պայքարը, որն ուղղված էր մեր բոլորիս Հայրենիքի ամբողջական ազատագրմանն ու ազգային ոգու վերածնման Աստվածահաճ զարթոնքին: 

Երկրորդ նախագահ՝ Ռ. Քոչարյանի նախագահության երկու աղետալի շրջաններն էլ անցկացրեցի նույն մահապատժի կարգավիճակում: Եթե առաջին նախագահը անօրինաբար դատապարտել էր մահվան, ապա երկրորդ նախագահը անօրինաբար պահեց անազատության մեջ: Միևնույն ժամանակ տարբեր քաղաքական պատճառներով խոչընդոտեց ազատ արձակմանս և արդարության վերականգնմանը: «Նա ով խոչընդոտում է վերքի ապաքինմանը, ավելի խիստ պատժի է արժանի, քան նա, ով հասցրել է վերքը. Սուրբ Հովհան Ոսկեբերան»: 2003թ.ին «ներման» հրամանագրով դատապարտեց ցմահ ազատազրկման, երբ մահապատժի վերացման արդյունքում օրենքով նախատեսված էր մինչև 15 տարվա ազատազրկում: «(իշխանավորները), փոխանակ բանտարկյալներին տեսնելու և գործով ու խոսքով մխիթարելու, նպաստում են, որ անմեղ արձակվածները բանտի և կապանքի մատնվեն, ու՞ր և ի՞նչ չափով պիտի պատժվեն արդյո՞ք, եթե ոչ սատանայի և իր արբանյակների հետ, որոնց կամքն էլ կատարեցին: Ս. Ներսես Շնորհալի»: Եվ այդ ներում պատիժը պատճառ դարձավ, որ 9 տարվա անօրեն բանտարկությունից հետո ևս 11 տարի զրկվեմ ազատությունից: Մինչդեռ եթե պատիժ նշանակելու մեջ գեթ մեկ անգամ էլ սխալվեն, ապա որքան էլ, որ զղջալու և ապաշխարելու լինեն, միևնույն է կորցրածը հետ չի դառնալու: 

Եվ ահա այս դժոխային բանտարկությանս 20 տարին թևակոխեցի երրորդ՝ ներկայիս գործող նախագահ՝ Ս. Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանում: Եվ եթե նախկին երկու նախագահները անվերադարձորեն կորցրել են իրենց տրված հնարավորությունները սրտի, ոգու կամքի դրսևորման, ապա գործող նախագահը դեռևս ունի հնարավորություն ոչ միայն նախկինների սխալը չկրկնելու այլև առաջնորդվելու Ամենայն Բարձրյալի իմաստության, խրատի, հանճարի և նրա գործակից մտքի՝ Հայոց Սրբերի կողմից հեղինակված բարեպաշտ հուշարձան մատյաններով: 

Հայոց Արքա Աշոտ Բագրատունի Ողորմածը Տիրո՛ջ կամքով կառուցեց հիվանդանոցներ, բորոտանոցներ, որոնց մեջ հենց ինքը Արքան անձամբ սպասավորում էր հիվանդներին: Նա՛ հաշմանդամներին՝ կաղերին, կույրերին, անդամալույծներին հավաքում էր իր պալատը և իրեն սեղանակից էր անում ու իր արքայական գավաթով նրանց ըմպելիք էր մատուցում և նոր միայն վերջում գավաթի տակ մնացածը ինքն էր ըմպում: Բազում ողորմածությունների ցուցաբերմամբ չէր մոռանում նաև բանտարկյալներին ու գերիներին, նա ազատ էր արձակում շղթաներից զնդաններում փակվածներին, ներման շնորհ էր տալիս մահվան դատապարտվածներին և բազում բարիքների բերկրություն տալով իր ժողովրդին փորձում էր նմանվել Մարդասեր Տիրոջը: «Ինչպես, որ Տերը՛ ազատում է մեզ մեղքի ծանր բանտից և տալիս բազում բարիքների բերկրություն, այդպես էլ մենք, (Հայոց Արքաները) ինչով կարող ենք, պետք է նմանվենք մեր մարդասեր Տիրոջը»: Նրա մահից հետո արքայական գանձարանում դրամ չէր մնացել, անգամ իր անձնական զարդերը բաշխել էր կարիքավորներին: Ասողիկ պատմիչը վկայում է, որ «խոնարհությամբ ու ողորմածությամբ գերազանցեց ամենքին»: Սուրբ Առաքելական եկեղեցում Աշոտ Ողորմածը դասվում է տոնելի սրբերի շարքին՝ մայիսի 20: «Մարդիկ դժոխքում պատժվելու են ոչ միայն գործած չարիքների համար, այլև այն բարիքների, որոնք պարտավոր էին անել, բայց զանց առան: Պողոս Պատրիարք Ադրիանապոլսեցի. 18-19-րդ դդ.»: 

Եվ ահա այսօր, 20 տարի անօրինաբար մահապատժի խցերում պատիժ կրողի իրավունքով խոնարհաբար գրում եմ ձե՛զ նախկին նախագահներ Լ. Տեր-Պետրոսյան և Ռ. Քոչարյան՝ այն բոլոր վշտերն ու ցավը, ընտանիքիս անդամների կորուստները և այն զրկանքներն ու մղկտանքը, որ պատճառեցիք ինձ, ես ձեզ ներել եմ և ներել եմ վաղուց, ի սրտե և ըստ Տերունական կարգի: Եվ թող Ամենաբարի Տերն էլ ձեզ ներին ձեր գործած մեղքերի համար... Աստվա՛ծ ձեր հետ: 

Մինչդեռ  գործող նախագահ Սերժ Սարգսյանին ուզում եմ դեռ հիշեցնել «Հիշե՛ք բանտում եղողներին՝ Դուք ձեզ բանտակից զգալով նրանց... (եբր 13.3)»: Տիրոջ խոսքը միևնույն ժամանակ նշելով, որ վաղաժամկետ ազատման 20 տարին սպառված է, և եթե կան քաղաքական և այլ դրդապատճառներ ինձ ազատ չարձակելու, ապա նախընտրում եմ իմ մասով մահապատժի կիրառումը նաև հավելում եմ, որ իրական մահը չի սահմանվում հոգին մարմնից բաժանումով, բաժանումով նյութը ոգուց: Իրական մահը հոգու հեռացումն է Աստծուց, քանզի Աստված է կյանքը և կյանքը հավիտենական է, քանզի հավիտենական է մեզ ստեղծող ու շունչ տվող Արարիչը: Ուստի և համարձակությամբ ասում եմ «Տե՛րն է իմ օգնականը, ուստի չեմ վախենում ես, մարդն ի՞նչ կարող է անել ինձ» ըստ եբր. 13.6-ի: 

Վճռեք պարոն նախագահ. Ազատությու՛ն կամ Մա՛հ... »

© Medialab.am