«Իշխանությունները միջնադարյան հավատաքննության մեթոդներով պառակտում են ժողովրդին». «Գնում ենք ոչ թե զարգացում, այլ խավար»

24-07-2015
1110 դիտում
«Իշխանությունները միջնադարյան հավատաքննության մեթոդներով պառակտում են ժողովրդին». «Գնում ենք ոչ թե զարգացում, այլ խավար»

«Աղանդը կենդանի օրգանիզմում քաղցկեղի բջիջ է, և եթե քաղցկեղի բջիջն առաջացել է, ապա օրգանիզմն ունի խնդիրներ, հետևաբար և մեր հասարակությունը ունի որոշակի խնդիրներ, որի հետևանքով առաջացել են աղանդները»: Այս հայտարարությունը վերջերս հրավիրած ասուլիսում արել էր  «Դիալոգ» ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը՝ ազդարարելով այլ կրոնական կազմակերպությունների դեմ պայքարի իրենց ծրագրի մասին:

Չնայած Հայաստանի Սահմանադրությամբ ու երկրի ստանձնած միջազգային պարտավորություններով «ՀՀ-ում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը», սակայն պետական մակարդակով ատելություն ու անհանդուրժողականություն է սերմանվում այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ:

Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը, որը գործում է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, այս տարվա հունիսին հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Երիտասարդական հիմնադրամը մի շարք ՀԿ-ների հետ նախաձեռնել է «Ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների քայքայիչ գործունեության մասին» խորագրով ոչ ֆորմալ դասընթացների շարք: Հաշվի առնելով այն, որ Կարեն Ավագյանը իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր է ու նաև նրա միջոցով է իրականացվում նախագահի դրամաշնորհի բաշխման գոծընթացը, ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչների կողմից պայքար է մղվում այլ կրոնական կազմակերպությունների դեմ:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ բոլորին է հայտնի, թե իշխանական տարբեր թևեր այլ կրոնական կազմակերպությունների և ընդհանրապես կրոնական ազատության մասին ինչ կարծիք ունեն: Սա ռաջին դեպքը չէ:

«Եթե վերլուծենք նրանց ելույթները՝ և Կրթության ու գիտության նախարարի, և  տարբեր պատգամավորների ու իշխանական թևի ներկայացուցիչների, ապա միանշանակ կարելի է ենթադրել, թե այդ դասընթացներն ինչ նպատակ են հետապնդում: Բավական չէ, որ դպրոցներում պատադիր դասավանդում են Հայ եկեղեցու պատմություն, որը քարոզչություն է և այլ կրոնական կազմակերպությունների դեմ է, հիմա էլ այս ուղղությամբ են աշխատում»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը՝ հավելելով. «Սա շատ վտանգավոր տենդենց է: Առանց այն էլ մեր պառակտված հասարակության պայմաններում հերթական անգամ իշխանությունը նախաձեռնում է ժողովրդի պառակտում»: 

Ինքը՝ Կարեն Ավագյանը հերքում է, թե որևէ կապ ունի այս ծրագրի բովանդակության հետ:

«Հասարակական կազմակերպություններն իրենք են որոշում իրենց ծրագրերի թեման, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հասարակական կազմակերպությունների ծրագրերը կյանքի կոչելու, հասարակական կազմակերպություններին խրախուսելու, իրենց միջոցառումներին որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար է: Թե ինչո՞ւ են որոշում այս կամ այն հասարակական կազմակերպությունները նմանատիպ ծրագրերով հանդես գալ, դա կոնկրետ հասարակական կազմակերպությունների իրավասությունների շրջանակներում է, մենք իրավասու չենք խոսել դրա մասին»,- «Մեդիալաբին» ասում է Կարեն Ավագյանը:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, սակայն, կարծում է, որ ֆինանսավորողն է կրում պատասխանատվությունը, ոչ թե նման ծրագրեր ներկայացնող կազմակերպությունները:

«Հիմա կարող է ես էլ ռասիստական մի ծրագիր ներկայացնեմ, իրենք ֆինանսավորեն, հետո՞ ինչ, պետք է ասեն, որ ե՞ս եմ մեղավորը: Այստեղ քաղաքականությունը որոշում է հիմնադրամը և հիմնադրամը պատասխանատու է այն ծրագրերի համար, որոնց աջակցում է»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:


Կարեն Ավագյանի խոսքով՝ Երիտասարդական հիմանդրամը կարևորում է նմանօրինակ ծրագրերը, այդ պատճառով էլ ֆինանսավորում է:

«Իհարկե կարևորում ենք, մենք բազմաթիվ նմանատիպ ծրագրեր ունենք եկեղեցու հետ, բազմաթիվ ծրագրեր ունենք քայքայիչ բոլոր տեսակի, այսպես ասած, չակերտավոր կրոնական կազմակերպությունների դեմ: Այնպես որ դա նորություն չէ մեզ համար»,- նշում է նա:

Հարցին, թե արդյո՞ք դա խտրականություն չէ և ատելություն չի սերմանվում մյուս կրոնների նկատմամբ, չէ՞ որ խախտվում է Սահմանդրությունը, ՀՀԿ-ական գործիչը փորձում է հարթեցնել անկյունները.

«Բացարձակ, ոչ թե ինչ-որ մի բանի դեմ են նմանատիպ ծրագրերը, այլ Հայ առաքելական եկեղեցու կողմ են: Դրա համար որևէ խնդիր ես չեմ տեսնում, որ ատելություն սերմանել կամ չգիտեմ ինչ, ձեր ձևակերպումներից որևէ բան չի տեղավորվում ծրագրի շրջանակներում: Էլի եմ կրկնում՝ ծրագրի պատասխանատուն այդ կազմակերպություններն են, դա նրանց ծրագիրն է»: 

«Դիալոգ» ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը, ով ծրագրի հեղինակներից է, համամիտ չէ, որ նման ծրագրերի միջոցով ատելություն է սերմանվում այլ հավատքների նկատմամբ:

«Իսկ ինչո՞վ ենք մենք դա անում, իսկ որտե՞ղ եք դուք տեսնում այդ անհանդուրժողականությունը: Եթե մենք խոսում ենք կրոնական կազմակերպությունների մասին, պարտադիր անհանդուրժողականությո՞ւն է ենթադրում»,- «Մեդիալաբին» ասում է Ալմաստ Մուրադյանը՝ հավելելով, որ իրենց դասընթացը վերաբերում է նրան, որպեսզի երիտասարդներին ծանոթացնեն Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններին:

«Այլ հավատքների մեջ մտնում է նաև Հայ առաքելական եկեղեցին, որի դավանանքին ծանոթացնում ենք սեմինարների ժամանակ»,- նշում է նա:

Ծրագրի մյուս համահեղինակ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ Սևան Աղաջանյանը նշում է, որ իրենց նպատակն ի սկզբանե եղել է այն, որ պատրաստեն երիտասարդներին, ովքեր գիտակ կլինեն ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների գործունեության մասին:

«Մեր նպատակն ի սկզբանե եղել է այն, որ երիտասարդները տեղյակ լինեն քայքայիչ աղանդների գործողությունների մասին»,- «Մեդիալաբին» ասում է Սևան Աղաջանյանը:

Նա եւս չի կիսում այն կարծիքը, որ նմանօրինակ ծրագրերն ատելություն են սերմանում հանրության շրջանում այլ հավատքների նկատմամբ և խախտում ՀՀ Սահմանդրությունը:

«Դա ոչ ֆորմալ քննարկում էր, իսկ ոչ ֆորմալ քննարկման ժամանակ կարող էին լինել նաև աղանդավորական կազմակերպությունների անդամներ, որովհետև դասընթացը բաց էր, սահմանափակումներ չկային: Այսինքն՝ զուտ կրոնական թշնամանք հարուցել այլ կրոնական կազմակերպությունների դեմ, դրա մասին անգամ խոսկացություն չէր կարող գնալ, որովհետև նման պատկերացում չկար մեր կողմից»,- նշում է նա՝ հավելելով. «Եթե Եհովայի վկան մոտենար մարդուն, իր գաղափարախոսությունը տարածեր, մարդը պետք է տեղյակ լինի, իրեն չկարողանան խաբել ու ինչ-որ միջոցներով տանեն այդ կազմակերպություններ: Միակ նպատակը եղել է մարդկանց իրազեկելը»:

Սակայն, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նկատում է, որ իշխանություններն այսօր հասարակությունից դուրս են մղում այլ կրոնական ուղղություն ունեցող մարդկանց, ինչը շատ վտանգավոր երևույթ է:

«Կղերականությունը շարունակվում է, սա նշանակում է մեր երկիրը գնում է ոչ թե զարգացում, առաջընթաց, այլ գնում է դեպի հետ, սա խավար է, դեպի խավար ենք մենք գնում՝ մի կողմից կղերական սովորույթներն ամրապնդելով, մյուս կողմից էլ միջանդարյան հավատաքննության մեթոդներով պառակտելով ժողովրդին: Շատ անհանգստացնող երևույթ է սա»,- ասում է նա:

Իշխանյանը նկատում է, որ նմանօրինակ ծրագրերի իրականացման հետևանքով խախտվում է Սահմանադրությունը, Հայաստանը խախտում է ստանձնած պարտավորությունները, բայց դրանից ավելի մտահոգիչը իշխանության մաս կազմող անձանց մտածելակերպն է:

«Կարծես քարանձավից դուրս եկած չլինեն, 21-րդ դարում չապրեն: Այս 21-րդ դարում հետ գնալ դեպի միջանադար, ես զարմանում եմ, մենք անկախություն ունենք, բայց այդ անկախությունը հարմարեցնում ենք միջանադարյան ֆեոդալակղեարական պետությանը»:

Ստեփան Դանիելյանը նշում է, որ հավատաքննության հարցով այսօր նման գործելակերպ տարբեր ոլորտներում ակնհայտ է:

«Ցավոք սրտի, արդեն մուտք են գործել բանակ, կրթության ոլորտ և ոչ միայն: Արդեն ոստիկանները Հայ եկեղեցու միաբանների հետ մուտք են գործում դպրոցներ: Սա, կարելի է ասել, Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության քաղաքականությունն է, ինչը Սահմանադրության և օրենսդրության կոպիտ խախտում է»,- ասում է Դանիելյանը:

Ավետիք Իշխանյանը նշում է, որ իշխանությունները մտածում են իրենց ունեցվածքի պահպանման մասին, իսկ կղերական մտածողությունն ու դաստիարակությունը ժողովրդին դարձնում է հլու-հնազադ իշխանության նկատմամբ:

«Այդ է քարոզել մեր եկեղեցին դարերի ընթացքում՝ հնազանդ լինել իշխանությանը: ՆմաՆ ծրագրերն, իմ կարծիքով, փոխադարձ պամանավորվածություն են իշխանության ու եկեղեցու միջև:Նրանք հնազանդության քարոզչություն են անում իշխանության նկատմամբ, իշխանությունն էլ թույլ է տալիս, որ եկեղեցին առանց հարկվելու ինչքան ուզի, փող աշխատի»,- ասում է Իշխանյանը:

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Հայաստանի Կուսակցությունների մասին օրենքում սահմանված չէ, թե ինչպիսի արժեքային համարգ կարող են ունենալ կուսակցությունները, այդ պատճառով էլ այս իրավիճակն է ստեղծվել:

«Հայաստանի կուսակցությունները կարող են ակնհայտ ֆաշիստական գաղափարախոսություն ունենալ, ակնհայտ հակամարդկային հռետորաբանություն օգտագործել, և որևէ հստակ սահմանափակում օրենքում չկա, միայն ընդհանուր ֆրազներ են: Կայացած երկրներում Կուսակցությունների մասին օրենքներում հստակ նշվում է նման գաղափարախոսություններ ունեցող կուսակցությունների անթույլատրելիությունը»,- ասում է Դանիելյանը:

Նա նկատում է, որ իշխող ՀՀԿ-ական պաշտոնյաների շրջանում տարածված մի խորամանկություն կա՝ վերջին ժամանակները նրանք շատ են օգտագործում «քայքայիչ աղանդներ» բառակապակցությունը: Ի՞նչ է քայքայիչ աղանդ, ոչ ոք չգիտի, նման սահմանում իրավական փաստաթղթերում գոյություն չունի: Սակայն հատուկ են ասում՝ «քայքայիչ աղանդ», այլ ոչ թե աղանդ: «Աղանդ» բառը այդ կոնտեքստով խուսափում են օգտագործել, որ իրենց չմեղադրեն այլ կրոնական կազմակերպությունների դեմ ատելության և խտրականության քարոզի մեջ, իսկ «քայքայիչ աղանդ» բառակապակցությունը, իրենց խոսքերով, օգտագործում են ինչ որ քայքայիչ խմբերի հանդեպ:

«Սակայն, երբ պահանջեք հստակեցնել, թե կոնկրետ որ կազմակերպություններին նկատի ունեն, ապա, որպես կանոն, նրանք խուսափում են պարզաբանել: Դա մտածված խորամանկություն է: Խղճուկ տպավորություն են թողնում նրանք, ովքեր նման բառախաղերով քողարկում են իրենց հակահանրային գործունեությունը»,- նշում է Ստեփան Դանիելյանը:

Ռոզա Հովհաննիսյան

Նկարազարդումը` Վահե Ներսեսյանի

© Medialab.am