Մեր կողքին ապրող մարդիկ. Հասմիկը

Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանի տուն գնացի զրուցելու ոչ պոեզիայից, մի բան, որ սկսել եմ չսիրել դպրոցական տարիներին: Որոշեցի խոսել իր մասին ու շեղվել պոետների մասին գրվող դասագրքային շարադրանքից: 

Մեղուներ պահող աղջկա տունը փոքր է, բայց պատճառը քառակուսի մետրերը չեն, այլ գրքերի ու տնային բույսերի առատությունը, որ մի տեսակ տարակուսանքի մեջ են գցում՝ հաստա՞տ տուն է, թե՞ գրադարան: Բացի Հասմիկից, ինձ դիմավորեց այս տան ամենակարևոր շնչավորը՝ Մորեխիկը: 

Կատուն մոտեցավ ինձ, ոտքից գլուխ չափեց, հետո այնպիսի քամահրանքով բազմեց պատուհանագոգին, որ քիչ էր մնում ներողություն խնդրեի անհանգստացնելու համար ու հեռանայի: Նա մի կերպ հանդուրժեց օտարի ներկայությունն իր տարածքում ու ողջ ընթացքում միայն երբեմն ինձ արժանացրեց իր կատվային շեշտակի ծիկրակոցներին: 

Բանաստեղծուհին մազերի գույնը փոխել է. մուգ երանգին փոխարինել է հանդարտ մեղրագույնը, թեև վարսահարդարին խնդրել էր գլուխը սափրել: Սև ու սպիտակ զոլավոր շապիկով, հողաթափերով՝ նա այնքան ներդաշնակ է տան միջավայրին, այնքան խաղաղ ու, միևնույն ժամանակ, այնքան կրակոտ: 

Դպրոցական տարիներին իմ դասագրքերում հայտնված բանաստեղծները ծնվում էին ու ավարտում տեղի ծխական դպրոցը, նրանց ճակատագրերի, սիրած ուտելիքների, վայրերի մասին ես ոչինչ չգիտեի, հետևաբար նրանք այդպես էլ դասագրքերում էին մնում՝ ինձ անհաղորդ ու օտար: Ու մի տխուր բան էլ կար այդ ամենում. դասագրքերում հայտնված պոետների մասին մենք անցյալ ժամանակով էինք խոսում՝ ասես իմ պատանեկության տարիներին ժամանակակից պոեզիա չկար: Հասմիկը, սակայն, ահա նստած է իմ դիմաց ու հարցնում է. 

– Հասմիկի թեյ կուզե՞ս: 

– Հասմիկի պատրաստա՞ծ, թե՞ հասմիկ ծաղկի: 

– Հասմիկի ձեռքով պատրաստած հասմիկի թեյ: 

Տունը բուրում է դարչինի ու շոկոլադի զգլխիչ հոտով, որը շուտով, խառնվելով տաք թեյի բույրին, մտերմիկ զրույցի համար շատ հարմար միջավայր է ստեղծում: Նրա տանն ամեն բան նրբաճաշակ է՝ մեծ, տարօրինակ անվանումներով բույսերը, որ հայտնվել են ոչ թե պատահական, վերջին շունչը փչող դույլերի կամ յուղի ամանների մեջ, այլ հենց իրենց համար նախատեսված, հարմարավետ թաղարներում, գրքերը, որ Հասմիկը հետևողական դրել է իրար կողքի՝ ըստ հեղինակության և ոչ պատահաբար: Հեղինակներին իրար դրկից դարձնելուց առաջ նա երկար մտածում է. արդյոք այս մեկն արժանի՞ է այն մյուսին կողքին լինելու, արդյոք չի՞ նեղանա, եթե իր հարևանը լինի Հեսսեն ու այսպես շարունակ: 

– Կնիկներիս ճանաչո՞ւմ ես,- իմ որոնող հայացքին ի պատասխան ասում է Հասմիկը՝ դարակաշարից հանելով մի գիրք, որտեղ հավաքել է հաշմանդամություն ունեցող կանանց մասին ոգեշնչող պատմություններ: 

– Կնիկների՞դ,- հոնքս վերև բարձրացնելով տարօրինակ նայում եմ: 

– Հաա, մի՛ զարմացիր, նախ՝ «կնիկ» բառը պաշտում եմ, երկրորդ՝ որ իմանաս՝ ինչքա՜ն են ինձ քաջալերում էս կանայք: Իրենց մասին կարդում եմ ու մտածում՝ ի՞նչն է ինձ խանգարում շուռ տալ աշխարհը: Ոչ մի բան: 

Թե իրեն ոգեշնչել են այս կանայք, ապա ինքն էլ այլոց է ոգեշնչում: Հասմիկի բանաստեղծությունները թարգմանվել են ավելի քան 20 լեզուներով: Թարգմանվել նշանակում է ոչ թե մեկ բանաստեղծություն սիրողական մակարդակում հայտնվել է համացանցում, այլ հրատարակչությունը պաշտոնապես դիմել է բանաստեղծուհուն, ստացել համաձայնություն, հրապարակել ամսագրում, ներկայացրել նրան: 

– Ինձ դժվար է թարգմանել, մետաֆորիկ պատկերները շատ են, լեզվական մանևրումները՝ ևս: Երբ աշխատում եմ թարգմանչի հետ, մի սկզբունք ունեմ. եթե որևէ լեզվից գործը թարգմանվեց անգլերեն, հետո՝ անգլերենից հայերեն, ու ես հասկացա, որ այն իմ գրածին տրամաբանությամբ, լեզվական շեշտադրումներով մոտ է, ուրեմն թարգմանությունը հաջողվել է: 

Մինչև ընթերցողի սիրելին դառնալը, օտար լեզուներով թարգմանվելը Հասմիկը բացահայտել է նախ ինքն իրեն, թարգմանել իր անձի ուժեղ ու թույլ կողմերն իր իսկ համար ու նոր միայն մտքերը հանձնել կարդացողին: 

– Ես տնից փախել եմ 100 դրամով: Հա՛, մի քիչ խենթ եմ: Ես չեմ փախել ինչ-որ մեկի համար, ոչ էլ այն պատճառով, որ ազատությունս սահմանափակվել էր: Ես փախա, որ գիրք կարդամ, մեր տանը աղմուկ էր, իսկ ես լռություն էի ուզում կարդալու համար: Տունը փախչելու, քեզ գտնելու տեղ է: 

Հասմիկի տունը հազվադեպ է աղմկոտ լինում, որովհետև սա իր մենակության տարածքն է: Նա պաշտում է իր մենակությունը, որի մեջ է իր ազատությունը, իր ամենաազնիվ ու անկեղծ վիճակը: 

Մենակությունը մեր հասարակության մեջ ածանցվում է դժբախտությանը, խեղճությանը, հուսահատությանը, բայց ոչ երբեք սեփական «ես»-ի հետ ներդաշնակ լինելուն: Նախկին կատուն՝ Աղվեզիկը, որն ասես Հասմիկի ներքին «ես»-ը լիներ, ցանկացածին կարող էր հանդիմանել մեկ կտրուկ մլավոցով, որն ապտակ էր ասես՝ մի րոպե, այս տանը ձայն չի բարձրացվում, հավաքե՛ք ձեզ: 

– Ես միայնակ չեմ՝ գրքերս են, բույսերը, Մորեխիկը: Ի դեպ, առաջին բույսը ինձ նվիրել է մայրս: Գիտե՞ս, մի տարիք է գալիս, երբ հասկանում ենք, որ ծնողները բնավորություն ունեն ծերանալու, իրենք մի տեսակ մեր երեխաներն են դառնում: Դժվար է հիմա կռիվ տալ, անգամ երբ անհամաձայնություն ունես: Ես 35 տարեկան եմ, ես գիտեմ՝ ինչու կարող եմ կռիվ անել ծնողներիս հետ, բայց մի քիչ մանկամտություն կլինի դա: Մաման իմ ծնողն է, ինքը շատ խիստ է եղել ընկեր լինելու համար: 

Մեր հասարակության մեջ ցավալիորեն շատ են դեպքերը, երբ ծնողավարությունը պարտվում է ընկերությանը: Քիչ են ընտանիքները, որտեղ ծնողները կարող են սխալ լինել ու պատրաստ լինեն ներողություն խնդրել երեխայից: Հասմիկն ասում է, որ «Մեղուներ պահող աղջիկը» գործից հետո բավական փոխվել են իր ու մոր հարաբերությունները՝ խաղաղ շրջան է: Ինքն էլ է սկսել մորը հասկանալ, երբեմն նույնիսկ մոր պես վարվել, օրինակ՝ Մորեխիկի հետ: 

– Մեր հասարակության մեջ առհասարակ հեշտ չէ կին լինելը: Կնոջ համար հստակ տեղեր են սահմանված՝ կինը, մայրը, սիրուհին. երկրորդային դերեր են մեզ տրվում միայն: Բանաստեղծական համայնքում կին լինելը դժվար է: Միշտ պիտի ապացուցես, որ կարող ես զիլ գրել: Մի տեսակ «կին» բառից հետո միշտ «բայց» շաղկապն է գալիս: Կին է, բայց լավ է գրում, կին է, բայց լավ է վարում…

Գուցե «բայց»-ը պետք է դնել մտքից առա՞ջ… «բայց կին լինելն ի՞նչ կապ ունի»: Զորավոր համայնքում, սակայն, դժվար է տեղդ գտնելը: Վերջին տարիներին Հասմիկը սկսել է պնդել, որ իրեն բանաստեղծ-ուհի ներկայացնեն հենց միայն դրա համար, որ ցույց տա, որ կին է ու գրում է, իր տեղն ունի: 

Կնոջ մասին կարծիք հայտնելն է հեշտ: Գուցե դրա համար է գրքերի կողքին իր պատվավոր տեղը զբաղեցրել Հասմիկի՝ ծխախոտը ցուցադրաբար մատների արանքում հայտնված նկարը, որն ասես ապստամբություն լինի, հանդուգն մի բան: Նկարում, ի դեպ, նա շատ գրավիչ տեսք ունի, այնքան, որ իմ՝ չափազանց անհանդուրժող լինելը ծխի նկատմամբ չի խանգարում զմայլվել նրանով: 

– Երբ մայրս ընդդիմանում էր իմ ծխելուն, ոչ թե առաջնահերթությունն առողջությունս էր, այլ այն, թե մարդիկ ինչ կասեն: Չափազանց կախված ենք հասարակությունից, բոլորի կարծիքից, պարապ բամբասանքներից: Ու հա, մայրս ամեն անգամ նորովի էր մեռնում, երբ տեսնում էր ինձ՝ ծխախոտը ձեռքիս: 

Հասմիկին հարցնում եմ՝ արդյոք ունի՞ այլ հետաքրքրություն, գրելուց բացի:

– Հա, բայց եթե ես ուսումնասիրում եմ բույսեր, մեկ է, դա մի օր գրականության մեջ պիտի հայտնվի, եթե հետաքրքրված եմ կատուներով, նրանք մի օր իմ մտքից կտեղափոխվեն գրականություն: Լավ գրողը առաջին հերթին լավ կարդացողն է: Շատ եմ կարդում, իմ գրադարանում ոչ մի գիրք զարդ չէ, ոչինչ հենց այնպես չի հայտնվել այստեղ: 

Գրքի փառատոնի ժամանակ Հասմիկը իսկական շոփինգ էր արել՝ 150000 դրամ առանց աչք թարթելու նվիրելով գրքերին: Վաճառողի զավեշտալի հարցին ի պատասխան՝ մի՞թե այսքանը կարդալու եք, ասել էր. 

– Չէ, ավելորդ գումար ունեի, որոշեցի մսխել: 

Հասմիկի տնից հեռանալիս ուզում ես անպայման մի գիրք թռցնել, պարզապես չգիտես՝ որ մեկը: Հետո հասկանում ես, որ ավելի լավ է նրան թալանել, քան որևէ գիրք խնդրել կարդալու համար: Ելքի մոտ եմ միայն նկատում պատին փակցված մի նկար, որի մեջ լիքը գույներ կան, բայց աչքի զարնողը մեղրածոր դեղինն է:

Հենց այդ պահին հասկանում եմ, որ նրա տան կրակը գալիս է հենց մեղրագույնից, որ ամեն տեղ է՝ նրա մազերի մեջ, նրա հանդուգն նկարում, գրքերի արանքներում ու մոր մասին պատումի տողերում, որ ներսդ լցնում է այնպիսի տաքությամբ, ասես հարյուրավոր պստլիկ մեղուներ նեկտար են հավաքում, հետո բզզում ու հեռանում, բզզում ու հեռանում, բզզում ու հեռանում…

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am