Ի՞նչ է սպասվում առաջիկայում. Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգի մասին՝ Վահե Գրիգորյանը

29-10-2018
826 դիտում
Ի՞նչ է սպասվում առաջիկայում. Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգի մասին՝ Վահե Գրիգորյանը

Փաստաբան Վահե Գրիգորյանն անդրադարձել է Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգին՝ ներկայացնելու ժամանակացույցը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

 

«Սիրելի ընկերներ,

Քանի որ չեմ հասցնելու պատասխանել Հանրապետության վարչապետի երկրորդ (չ)ընտրության եւ Ազգային ժողովի արձակման վերաբերյալ ձեր հարցերին անհատապես, եւ հաշվի առնելով, որ այս կարծիքը կհետաքրքրի նաեւ իմ մյուս ընկերներին, ստորեւ ներկայացնում եմ Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը՝ ժամանակացույցով։

Հանրապետության վարչապետի հրաժարականով կառավարության հրաժարականից հետո Հանրապետության վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել 24/10/2018թ․-ին։

Քանի որ քվեարկությամբ Հանրապետության վարչապետ չի ընտրվել, վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար վարչապետի թեկնածու(ներ) կարող է (են) առաջադրվել քվեարկությունից հետո 6 օրվա ընթացքում։

Վարչապետի ընտրության 1-ին փուլում քվեարկությունից հետո յոթ օր հետո վարչապետ չընտրվելու դեպքում, իրավունքի ուժով Ազգային ժողովն արձակվում է եւ նշանակվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություն։

Առավել պարզության համար ժամանակացույցը հետեւյալն է․

- 24/10/2018թ․ - վարչապետի 1-ին ընտրության քվեարկության օրը․

- 30/10/2018թ․ - վարչապետի 2-րդ ընտրության համար թեկնածու(ներ) առաջադրելու վերջնաժամկետ (Սահմ․ 149 հոդվածի 3-րդ մաս, ԱԺ կանոնակարգ ՍՕ-ի 140 հոդվածի 6-րդ մաս)․

- 31/10/2018թ․ - վարչապետի 2-րդ ընտրության համար Սահմանադրությամբ նախատեսված փուլի յոթնօրյա ժամկետի վերջին օրը։ Այս օրը, ժամը 12։00-ին իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով (Սահմ․ 149 հոդվածի 3-րդ մաս, ԱԺ կանոնակարգ ՍՕ-ի 50 հոդվածի 2․1 մաս)․

- 01/11/2018թ․ - վարչապետի 2-րդ ընտրություն/քվեարկություն, որի արդյունքում (վարչապետ չընտրվելու դեպքում) Ազգային ժողով արձակվում է իրավունքի ուժով, որի մասով Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու եւ դրա արտահերթ ընտրություն նշանակելու մասին (Սահմ․ 149 հոդվածի 3-րդ մաս, ԸՕ 104 հոդվածի 2-րդ մաս)։

- 01/11/2018թ․ - վարչապետի 2-րդ ընտրություն/քվեարկություն, որի արդյունքում (վարչապետ ընտրվելու դեպքում) ․․․ համը դուրս է գալիս ։)»։