Գեղամ Մանուկյանը և մի խումբ այլ քաղաքացիներ դադարեցրել են հացադուլը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հորդորով ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը և մի խումբ այլ քաղաքացիներ դադարեցրել են հացադուլը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորով դադարեցվեց մի շարք հայորդիների հացադուլը»,- գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։

«Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը»,- գրել է Մանուկյանը՝ հավելելով, որ հաջորդ քայլերի մասին առաջիկայում կտեղեկացի: