ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ում ոսկերչական արտադրանքի տեղաշարժը պարզեցնող համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայնագրով պարզեցվում է ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում:

Համաձայնագրով սահմանվում են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի գործառնությունների առանձնահատկությունները ԵԱՏՄ շրջանակում և տարածվում իրավաբանական ու ֆիզիկական անձանց իրավական հարաբերությունների վրա, ինչպես նաև գրանցված անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով գործունեություն:

Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որով մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում են ոսկերչական և այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները: Մի երկրի հարգադրոշմումը ճանաչվելու է ԵԱՏՄ մյուս անդամ երկրի կողմից:

Ստեղծվելու է տեսչական մարմին անդամ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներից, որոնք իրականացնելու են տեսչական այցեր, ստուգելու անդամ երկրների օրենսդրության համապատասխանությունը: Համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. նոյեմբերի 22-ին՝ Մոսկվայում:

Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 88 «կողմ» ձայնով: