Լըմուանը ներկայացրեց ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարևորությունը

Հեղինակ MediaLab

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում շարունակում է արդիական համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լըմուանն ասաց հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն արծարծում է մի շարք կետեր, բայց կան բաներ, որոնք այդտեղ արծարծված չեն: Մինսկի խմբի շրջանակներում պետք է արծարծվեն հենց այդ բացակայող կետերը: Դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած այցի շրջանակներում կողմերը վերահաստատեցին, որ պատրաստ են շարունակել քննարկումներն այդ ձևաչափում: ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը շարունակում է արդիական մնալ և այդ շրջանակներում աշխատանքները պետք է շարունակվեն»,- ասաց Լըմուանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը: