«Այդ զենքը նրանց պետք էր իշխանությունը պահելու համար եւ կարող էր գործի դրվել, երբ մնացած «փաստարկներն» այլևս չաշխատեին». Ռուբեն Մեհրաբյան

«Այդ զենքը նրանց պետք էր իշխանությունը պահելու համար եւ կարող էր գործի դրվել, երբ մնացած «փաստարկներն» այլևս չաշխատեին». Ռուբեն Մեհրաբյան
«Այդ զենքը նրանց պետք էր իշխանությունը պահելու համար եւ կարող էր գործի դրվել, երբ մնացած «փաստարկներն» այլևս չաշխատեին». Ռուբեն Մեհրաբյան

Նախկին իշխանության ներկայացուցիչները զինված են եղել, քանի որ զենքը նրանց պետք էր իշխանությունը պահելու համար: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

«Նրանց ինչի՞ն էր պետք այդ զենքը. պետք էր իշխանությունը պահելու համար: Հանուն իշխանության վերարտադրության նախկին պաշտոնյաներն ունեին բազմաթիվ «փաստարկներ», և այդ «փաստարկների» շարքում վերջինը, այո, զենքն էր և գնդակը: Դա կարող էր գործի դրվել, երբ մնացած «փաստարկներն» այլևս չաշխատեին»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանի տարածքում: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել են, որ չի բացառվում՝ այդ զենքը օգտագործվել է Մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ նախկին պաշտոնյաների զինվելը շատ կարևոր բաղկացուցիչ էր այն իրականության, որում մենք ապրում էինք:

«Քանի որ պետությունը թույլ էր, բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց ձեռքին կային ահռելի հնարավորություններ և լիազորություններ, կարիք ունեին ինչ-որ զենքի պաշարի՝ որպես վերջին փաստարկի: Եվ մենք տեսանք, որ այդ պաշտոնյաները մեկը չեն, երկուսը չեն: Պաշտոնյաների ամենակարճ ցուցակը ներառված է փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի կողմից հրապարակված այն ցուցակում, ըստ որի՝ նրանք տասնյակներով ու հարյուրներով զինվորական համազգեստ պետք է ստանային: Սա ամենակարճ ցուցակն է, բայց կա ավելի երկար երկրորդ շերտը»,- ասում է վերլուծաբանը:

Մեհրաբյանի խոսքով՝ մենք ականատես եղանք, որ այդ վերջին փաստարկն սկսեց աշխատել 2008 թ․ մարտի 1-ին: Այսինքն՝ երբ այլևս ոչինչ չկար, մնում էր ուղղակի քաղաքացիների դիմադրությունը զենքով կոտրել: Իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները, վերլուծաբանի խոսքով, այսօր խոսում են այն մասին, որ այդպես էլ հայտնի չէ, թե Մարտի 1-ին հարյուրավոր պարկուճներ ի՞նչ զենքերից են արձակվել: «Այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք մի երևույթի հետ, երբ որքան էլ պետության մեջ ռեպրեսիվ ապարատն ուժեղ էր, այդուհանդերձ, պետությունը թույլ էր։ Բռնության մոնոպոլիան պատկանում է պետությանը, բայց մենք տեսնում էինք, որ պետությունն այդ բռնության իրավունքը պատվիրակել էր նաև մասնավոր անձանց, այդ թվում՝ այն անձանց, ովքեր կապ չունեին իրավապահների հետ»,- ասաց Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ պետության մեջ ձևավորվել էր ոչ ֆորմալ պետություն, և մենք գործ ունեինք պետական ինստիտուտների բուտաֆորիայի հետ: Այսինքն՝ այդ ինստիտուտների անունը կար, բայց ոչնչով չէին զբաղվում: Այդ ամենը, վերլուծաբանի խոսքով, ծառայում էր մեկ նպատակի՝ որպես անսասան իշխանության երաշխավոր, երկրորդ՝ որպես իշխանության վերարտադրության երաշխավոր:

Նախորդ տարիներին մասնագետների կողմից բազմաթիվ պնդումներ են եղել այն մասին, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ օլիգարխների, իշխանության ներկայացուցիչների թիկնազորն ու կողմնակիցները գործել են ժողովրդի դեմ: Հարցին, թե կարո՞ղ ենք պնդել, որ այսօր արդեն այդ շղթան է բացվում, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Ես կդժվարանամ ասել՝ բացվում է, թե ոչ, բայց մենք լսում ենք, որ կան նման մտադրություն ու ցանկություն: Այո, մենք տեսնում ենք նաև, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում գետնի տակից խնամքով փաթաթված զենք են հանում, որը բավարար է կես դասակ զինելու համար: Իրենց այդ զենքը պետք էր իշխանությունը պահելու համար»:

Նախկին իշխանության ներկայացուցիչներն այդ զենքը պահել են մինչ օրս, քանի որ, ըստ մասնագետի, չէին մտածում, որ մի օր իշխանության մաս չեն կազմելու: Նրանք կարծում էին, որ ցմահ իշխանության են մնալու, դատավորն էլ էին իրենք, դատարանն էլ, դատախազն էլ:

Ռուբեն Մեհրաբյանը նկատում է, որ քննչական մարմինների հայտարարություններից պարզ է դառնում, որ այսօր խնդիր է դրված բացահայտելու Մարտի 1-ի գործը: Նրա խոսքով՝ բնական է, որ Մարտի 1-ի գործով կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բարձրացնում են արդար դատաքննության հարցը: «Այո, պետք է ոսկերչական ճշգրտությամբ այս քննությունը տարվի, որպեսզի հարցեր չառաջանան: Վերջին բանը, որը մենք ուզում ենք, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանն է: Դա մեզ պետք չէ: Եթե օրենքով չի արվում այդ ամենը, ստացվում է՝ քաղաքական նպատակահարմարությամբ է արվում, բայց մենք դրա կարիքը չունենք: Ես ներքին համոզմունք ունեմ, որ հայաստանյան օրենքը բավարար է, որպեսզի այն այլանդակությունը, ինչով զբաղվել է Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման 10 տարիների ընթացքում, դատապարտվի օրենքի ամենայն խստությամբ: Այո, մենք այս էջը պետք է ՀՀ օրենքով փակենք»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am