Թբիլիսահայերը ծաղիկներ են խոնարհել Հովհաննես Թումանյանի շիրիմին

Թբիլիսահայերը փետրվարի 19-ին այցելել են Մեծաց մեծերի պանթեոն, որտեղ ամփոփված է Հովհաննես Թումանյանին աճյունը և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն են այցելել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետներ:

Ներկաները, որոնց շրջանում էին մտավորականներ, գրողներ, թարգմանիչներ ու լրագրողներ, մշակույթի և հասարակական գործիչներ, ծաղիկներով զարդարել են մեծ բանաստեղծի տապանաքարն ու այստեղ հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմները:

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ:

«Հայր Սուրբը խոսք ասաց Հովհաննես Թումանյանի և Պանթեոնում հանգչող ազգի մեծերի հիշատակը և ազգային այս կառույցի նկատմամբ հարգանքն ու հպարտությունը պահպանելու պատգամով: Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց Մեծ բանաստեղծի հասարակական գործունեությանը, նրա ստեղծագործությունների մշտահմա արդիականությանը, անմահ լոռեցու մարդկային կերպարի անմահությանը, հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու եղբայրությունը ամրապնդելուն և խորացնելուն ուղղված քայլերին, կարևորեց Հայոց Պանթեոնում հանգչող երևելիների հիշատակը սրբությամբ պահելու և սերունդներին փոխանցելու թբիլիսահայության պարտականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վիրահայոց թեմից նաև հայտնում են, որ Թումանյանի տապանաքարի մոտ ելույթ ունեցողները անդրադարձել են նրա հայրենասիրական, ազգային, ժողովրդական, բարու, գեղեցիկի հաղթանակին նվիրված սրտամոտ ու սրտառուչ ստեղծագործություններին, դրանց արտահայտած գաղափարներին և դաստիարակչական ու միշտ ժամանակակից իմաստնությանը: