««Նա բորբոքված ասաց՝ ինչո՞ւ եք առանց ինձ ասելու Արամիկին մանկապարտեզ ընդունել». Ըստ մասնագետների՝ մարդիկ չեն գիտակցում, որ խտրական վերաբերմունք ունեն

««Նա բորբոքված ասաց՝ ինչո՞ւ եք առանց ինձ ասելու Արամիկին մանկապարտեզ ընդունել». Ըստ մասնագետների՝ մարդիկ չեն գիտակցում, որ խտրական վերաբերմունք ունեն
««Նա բորբոքված ասաց՝ ինչո՞ւ եք առանց ինձ ասելու Արամիկին մանկապարտեզ ընդունել». Ըստ մասնագետների՝ մարդիկ չեն գիտակցում, որ խտրական վերաբերմունք ունեն

Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկի սանին մայրը հանել էր մանկապարտեզից, երբ իմացել էր, որ որդու հետ նույն մանկապարտեզ է հաճախում հաշմանդամություն ունեցող 5-ամյա Արամիկը (անունը փոխված է):

Արամիկը հենաշարժական խնդիր ունի, թեև քայլում է, բայց չի կարողանում ընկերներին հավասար վազել, արագ քայլել, խաղերի ժամանակ, երբ հոգնում է, ինչպես մայրն է ասում՝ չոչ է անում, հանգստանում ու շարունակում խաղալ:

Արամիկի հաշմանդամությունը խոչընդոտ չէ, որ մանկապարտեզի ընկերները նրա հետ շփվեն ու խաղան:

Մանկապարտեզի տնօրեն Լ. Մկրտչյանն ասում է, որ անմիջապես հասկացել է` ինչո՛ւ է այդ ծնողն իր երեխային մանկապարտեզից հանել:

«Նա բորբոքված ասաց՝ ինչո՞ւ եք առանց ինձ ասելու Արամիկին մանկապարտեզ ընդունել: Ծնողը պատմել է, որ իր երեխան տանը չոչ է արել, ընդօրինակել Արամիկին, և դա իրեն անհանգստացրել է: Նրա իրավունքն է, ես չեմ փորձել համոզել հետ կանգնի իր մտադրությունից»,-պատմում է տնօրենը:

Արամիկի մայրը՝ տիկին Աննան, ասում է, որ հենց իմացել է այս միջադեպի մասին, նախ անհանգստացել է տնօրենի համար, բայց նաև իր երեխայի համար է մտահոգվել՝ հանկարծ Արամիկն այդ մասին չիմանա, ոչինչ չզգա:

«Իհարկե, դա անխուսափելի է: Եվ հետո` ամեն մարդ, որը մտածում է, որ իր երեխան չպիտի շփվի հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, դա նրա իրավունքն է: Այդ ծնողն իր երեխային հեռու է պահում այս աշխարհից, քանի որ մեր աշխարհում շատ են տղայիս նման երեխաները»,- ասում է տիկին Աննան:

Մանկապարտեզի տնօրենն ասում է, որ այդ ծնողի երեխան շատ ջերմ էր, շփվում էր Արամիկի հետ, և այդպես երեխաները հոգատարություն են սովորում.

«Խաղի ժամանակ  Արամիկին բակում նստացնում ենք աթոռի վրա, նա այդպես է գնդակը բռնում, երբ գնդակը նետում են, և նա չի կարողանում գնդակը բռնել, ընկերներն անմիջապես վազում են նրա մոտ ու գնդակը նրան տալիս»,- պատմում է տնօրենը:

Մինչև այս մանկապարտեզ հաճախելը մայրն Արամիկին փորձել է մի քանի մանկապարտեզներ տանել. մի մանկապարտեզում դաստիարակները պատրաստ չեն եղել հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքը պատշաճ անելուն, մյուսն էլ ուրիշ պատճառ է ունեցել, ու Արամիկը չի հարմարվել: Որոշ ժամանակ Արամիկը քոլեջ է հաճախել, բայց ընդամենը  օրական ընդամենը 2 ժամ:

«Իսկ ինձ պետք էր, որ երեխաս որքան հնարավոր է շատ լինի երեխաների շրջանում»,- պատմում է Արամիկի մայրը:

Մանկապարտեզի տնօրենը պատմում է, որ անմիջապես զգացել է Արամիկի բարությունն ու խաղաղությունը.

«Արամիկն այս տարի դպրոց չի գնալու, շարունակելու է մեզ մոտ գալ: Ես նրա համար մասնագետ եմ աշխատանքի ընդունել, որպեսզի անընդհատ նրա կողքին լինի: Արամիկը բոլոր պարապմունքներին ուշադիր է, նկարչությունն ու ձեռքի աշխատանքները գերազանց է կատարում»:

«Արամիկը լիարժեք մարդ է, նրան սովորեցրել եմ ինքնապաշտպանվել, նա երբեք չի դժգոհում, որ, ասենք, ինչ-որ մեկն իրեն նեղացրել է կամ հարվածել: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ նրա նման որդի ունեմ»,- ասում է Արամիկի մայրը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» ղեկավար Զարուհի Բաթոյանն ասում է՝ երեխան իրավունք ունի հաճախել այն մանկապարտեզը, որն ընտրում է ծնողը, և որևէ մեկն իրավունք չունի խտրականություն դրսևորելու:

Բաթոյանի դիտարկմամբ՝ այսօր նախադպրոցական տարիքի երեխաներին մանկապարտեզներում ներառման խնդիր կա հատկապես մարզերում, մինչև դպրոց գնալը հաշմանդամություն ունեցող երեխան ոչ մի տեղ չունի գնալու, ու նրա համար դպրոց գնալը կրկնակի դժվար է լինում: Նրա խոսքով` ամենամեծ բացթողումն այն է, որ խոսում են համընդհանուր ներառման մասին, սակայն այդ այդ ուղղությամբ առաջին քայլերը հենց մանկապարտեզում չեն արվում.

«Թեև մանկապարտեզներում որոշ ծրագրեր կան, բայց միջազգային կառույցներն են անում, դա չի վերածվել պետական քաղաքականության»:

 «Ունիսոն» հասարակական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանն ասում է, որ Հայաստանում խտրականություն գոյություն ունի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, որը բավականին խորացած է:

«Մարդիկ անգամ չեն էլ գիտակցում, որ իրենց վերաբերմունքը խտրականության դրսևորում է: Ես չէի առանձնացնի որևէ վայր կամ ոլորտ, որովհետև նման մոտեցում առկա է հասարակությունում, և այն ամենուր զգալ է տալիս»,- ասում է Չալիկյանը:

Նա նշում է, որ մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն ավելի հաճախ է հանդիպում:

Չալիկյանը ողջունում է այս մանկապարտեզի տնօրենի քայլը, ասում՝ տնօրենը կանխել է խտրական վերաբերմունքը, սակայն հաշվի առնելով, որ կան շահագրգիռ կողմեր, Արամիկին ընդունելուց առաջ ծնողներին պետք է իրազեկել ու բացատրել, որն ավելի լավ արդյունք կտա:

Չալիկյանը պատմում է, որ տարիներ առաջ, երբ իրենք իրազեկման աշխատանքներ էին կատարում կրթօջախներում, ծնողներից մեկը բացասական է արտահայտվել հաշմանդամություն ունեցող մի երեխայի մասին. այդ երեխան բարձր ճիչեր էր արձակում, և այս ծնողի երեխան ընդօրինակում էր, ինչը մորը դուր չէր գալիս:

«Բայց այդ ծնողի հետ մեր աշխատանքից հետո նրա մտածելակերպը փոխվեց»,- ասում է Չալիկյանը:

Կրթության և գիտության նախարարության տվյալներով` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 6141 երեխաներ հաճախում են 208 ներառական դպրոցներ, այսինքն` հաշմանդամություն ունեցող 6141 երեխա է ներառված հանրակրթական դպրոցներում, իսկ մանկապարտեզներում՝ 451 հաշմանդամություն ունեցող  երեխա:

Ըստ նախարարության մեզ տրամադրած տեղեկատվության` հանրապետությունում 2000 երեխա սովորում է հատուկ դպրոցներում:

Երևանի քաղաքապետարանի՝ մեզ տրամադրած տվյալներով՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 8 մանկապարտեզ-կենտրոն, որտեղ հաճախում է հաշմանդամություն ունեցող 209 երեխա:

2015-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու մարդկանց վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթօջախներում ներառելու վերաբերյալ: Ըստ Մանկական հիմնադրամի «Հանրային վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ» զեկույցի` բազմաթիվ ծնողները խտրական վերաբերմունք ունեն հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում մասնագետները տարանջատել են ֆիզիկական և մտավոր հաշմանդամությունը, և, ինչպես հիմնադրամի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանն է ասում՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ խտրականության մակարդակն ավելի բարձր է:

Սարգսյանի խոսքով` 2015 թ. անցկացված ուսումնասիրության տվյալներով` եթե հասարակության 96%-ը կողմ է եղել ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների ներառմանը, ապա մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ներառմանը կողմ է եղել 73%-ը: Հասարակության մոտ 20%-ը դեմ է հաշմանդամություն ունեցող երեխաների ներառմանը:

Սարգսյանն ասում է՝ ի պատասխան հարցման ընթացքում առաջ քաշած հարցերից մեկի՝ արդյոք հաշմանդամություն ունեցող երեխան պե՞տք է հաճախի հիմնական կամ ներառական դպրոց, թե՞ հատուկ դպրոց, հնչած կարծիքները ուրախացնող չեն եղել:

43%-ի կարծիքով` ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է հաճախեն հատուկ դպրոց, իսկ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների դեպքում՝ 71 %-ն է այդ կարծիքին եղել:

Սարգսյանը նկատում է, որ երբ հետաքրքրվել են պատճառների մասին, հարցման մասնակիցներն ասել են, թե այդ դպրոցները չեն կարող բավարարել երեխաների կրթական կարիքները, և հաշմանդամություն ունեցող երեխաները գուցե իրենց լավ չզգան հաշմանդամություն չունեցող երեխաների շրջապատում: Հարցվածները նաև ասել են, որ հատուկ դպրոցներն ավելի լավ են բավարարում հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները, որը խիստ վիճահարույց է:

Նույն զեկույցի համաձայն` 85%-ը կողմ է, որ իր երեխան հաշմանդամություն ունեցող ընկեր ունենա, իսկ մտավոր խնդիրներ ունեցողների դեպքում 65%-ն է դրական պատասխանել:

«Մենք այս ուղղությամբ աշխատում ենք, որպեսզի խտրականությունը նվազեցնենք»,- ասում է Զառա Սարգսյանը:

Նկարազարդումը՝ Լուսինե Ղուկասյանի

Նելլի Բաբայան

MediaLab.am