Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել քաղցկեղային հիվանդությունների իմունաթերապիայի համար

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել քաղցկեղային հիվանդությունների իմունաթերապիայի համար
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել քաղցկեղային հիվանդությունների իմունաթերապիայի համար

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի Ջեյմս Ալիսոնն ու ճապոնացի Տասուկու Հոնձյուն՝ T-բջիջների օգնությամբ քաղցկեղային հիվանդությունների իմունաթերապիայի հեղափոխական մեթոդիկայի համար: համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նրանց հաջողվել է հայտնաբերել, որ պացիենտի իմունիտետը հնարավոր է «տրամադրել» ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարին:

Սովորաբար իմունային համակարգը ինքնուրույն փնտրում է մեր օրգանիզմում մուտացիայի ենթարկված բջիջներ և քայքայում դրանք՝ թույլ չտալով դրանց բազմանալ: Սակայն քաղցկեղային բջիջները գտել են այս բնական պաշտպանությունը շրջանցելու միջոցը, որը հնարավորություն է տալիս ուռուցքին արագ աճելու:

Քաղցկեղի բազմաթիվ տեսակներ դա անում են՝ գործարկելով մի մեխանիզմ, որը հարձակումից հետո «հանգստացնում» է իմունային բջիջները. այսպես են առողջ օրգանիզմում կարգավորվում իմունային պատասխանի ուժը և տևողությունը:

Ալիսոնի ու Հոնձյուի հայտնագործությունը հեղաշրջում է կատարել քաղցկեղային հիվանդությունների բուժման մեջ և ընկած է դեղամիջոցների նոր կարգի հիմքում, որոնք թույլ չեն տալիս բլոկադայի ենթարկել իմունային պատասխանը: Արդյունքում՝ օրգանիզմը բնական ճանապարհով պայքարում է մուտանտ բջիջների դեմ:

Առայժմ այս դեղամիջոցներն ունեն կողմնակի ազդեցություն, սակայն դրանք ապացուցել են իրենց արդյունավետությունը ուռուցքների դեմ պայքարում: Որոշ դեպքերում բժիշկներին հաջողվել է նույնիսկ բուժել պացիենտներին քաղցկեղի ուշ փուլում, որոնք մինչ այդ անբուժելի են համարվել:

Գիտնականները իրար մեջ կբաժանեն մրցանակը, որը կազմում է 9 մլն շվեդական կրոն (1 մլն դոլարից քիչ ավելի):

Բժշկության Նոբելյան մրցանակը բացում է նոբելյան շաբաթը: Երեքշաբթի կհայտարարվեն ֆիզիկայի գծով դափնեկիրները, չորեքշաբթի՝ քիմիայի, ուրբաթ՝ խաղաղության դափնեկիրները: