Ինչ է կատարվում Գորիս-Կապան ճանապարհին. նոր սադրանք` Ադրբեջանի կողմից. Factor.am․տեսանյութ

Ադրբեջանական կողմի սադրանքները Սյունիքի սահմաններին գնալով նոր երանգեր են ստանում։ Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ  Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, գրում է Factor.am-ը։

Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը, այսօր Factor TV-ին փոխանցեց, որ ստուգումները սկսվել են ավելի վաղ: Ստուգումներից զատ վարորդներից պահանջում են նաև  համապատասխան վճարումներ կատարել: Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ  հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան ալիքը տարածել է վճարման անդորրագիրը և հայտնել, որ Հայաստանի տարածքում տեղակայված Ադրբեջանի ոստիկանության  ծառայողները իրանական բեռնատարի վարորդից գանձել են մոտ 130 ԱՄՆ դոլար գումար։ Հայաստանի կենտրոնական իշխանություններն այս տեղեկությունները ոչ հերքում են, ոչ հաստատում:

Միակ պաշտոնական պարզաբանումը երեկ ԱԱԾ-ի կողմից տարածված այն հաղորդագրությունն է, որով հաստավում է ադրբեջանական ոստիկանության կողմից անցակետի տեղակայումն ու իրանցի վարորդներին ստուգելը:  Եր7անում իշխող ՔՊ ներկայացուցիչներն անպատասխան են թողնում թեմայի վերաբերյալ բոլոր հարցերը: ԱԱԾ-ից երեկ նաև տեղեկացրել էին, որ Հայաստանի և Ռուաստանի սահմանապահ զորքերի կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Մեկ օր անց, թե ինչ արդյունքներ կան՝ անհայտ է:

ԱԱԾ-ն ամբողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց, իսկ Հայաստանի ԱԳՆ-ից հրաժարվեցին խնդրի շուրջ մեկնաբանություն տալ՝ առաջարկելով հրատապանություն պահանջող այս թեմայի վերաբերյալ հարցերն ուղղել գրավոր: Գորիս-Կապան ավտոճանապարհին առաջացած խնդրահարույց իրավիճակը այսօր նաև Ազգային ժողովում քննարկվեց: Հայաստան խմբակցությունը գրավոր դիմել է ԱԺ նախագահին, որ խորհրդարան հրավիրի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:

Ընդդիմությունն ԱԱԾ-ի նախորդ օրվա հայտարարությունն «անատամ» է որակում և ընդգծում՝ Հայաստանի հատուկ ծառայությունը կիրառում է ադրբեջանական տերմիններ: ՔՊ-ական պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը մտահոգիչ է համարում Որոտանի հատվածում ադրբեջանցիների կողմից Հայաստան մտնող բեռների ստուգումները եւ գումարներ գանձելը: Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչն այս տարվա հունվարին հայտարարել էր, որ Հայաստանը նախատեսել է 2250 անվանում թուրքական ապրանքների ներմուծումն իրանական ապրանքներով փոխարինել։ Իրանից Հայաստան են ներմուծվում տարբեր շինարարական ապրանքներ՝ ցեմենտ, մետաղալարեր, սալիկներ, խողովակներ, ինչպես նաև՝ միրգ, պարարտանյութ և այլն: Բաբկեն Թունյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչ կլինի, եթե այս ապրանքերի ներմուծման ծավալները կրճատվեն:

Ըննդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանը ևս անվտանգային խնդիրներից զատ նաև տնեսական խնդիրներ է տեսնում: Իրանում անհանգստացած են  Հայաստանում՝ Կապանի ճանապարհին, ադրբեջանական ոստիկանության կողմից իրանական բեռնատարները կանգնեցնելու և փաստաթղթերը ստուգելու միջադեպի պատճառով, բայց կարծում են, որ խնդիրը կլուծվի կողմերի միջև բանակցությունների արդյունքում։ 

Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Հարավային Կովկասի և Միջին Ասիայի հարցերով իրանցի փորձագետ Վալի Քալեջին։ «Մենք հավատում ենք, որ միջազգային սահմանների փոփոխություն չի լինի։ Իսկ Կապանին հարող տարածքը Ղարաբաղից դուրս է, այն Հայաստանի մաս է։ Այստեղ իրավիճակը մեզ համար լրիվ այլ է, ի տարբրություն Ղարաբաղի։ Այստեղ միջազգային սահմանները ճանաչված են, սա հայ-իրանական սահմանն է: Մեզ պետք է, որ վերականգնվի Սովետական միության տարիներին գործող հայ-իրանական երկաթգիծը։ Դա կարող է օգնել մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը»,- ասել է նա: