Ռուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձեւավորում ՝ հետագայում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Զախարովայի խոսքով ՝ Սոչիի պայմանավորվածությունները դարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ՝ իրավիճակի կարգավորման հետագա քայլերի պատրաստակամության հաստատում:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում` սահմանային վեճերի կարգավորման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար», – նշել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ջանքերը նույնպես շարունակվում են:
Զախարովան նաև հայտնել է, որ Սոչիի պայմանավորվածությունների իրագործման հարցերը քննարկվել են նաև դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում: