Կրեմլը բացահայտել է Պուտինի և Չինաստանի նախագահի բանակցությունների թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունների թեման, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 15-ին առցանց տարբերակով, կլինի երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ապագայում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ին հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Կամփոփվեն 2021 թվականին ռուս-չինական համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքները և կքննարկվեն հետագա համագործակցության առաջնահերթությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները կքննարկեն արդիական գլոբալ և տարածաշրջանային հարցեր։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ գագաթնաժողովը կամրապնդի Պեկինի և Մոսկվայի միջև փոխվստահությունը և «կայունություն և դրական էներգիա կբերի միջազգային քաոսային իրավիճակին»։

Քաղաքական գործիչների նախորդ հանդիպումը նույնպես առցանց էր։ Այն տեղի ունեցավ հունիսի 28-ին և համընկավ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին ռուս-չինական պայմանագրի ստորագրման 20-ամյակի հետ։