Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից հայտնում են, որ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:
Հանձնաժողովականներից բացի քննարկմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախարարների տեղակալները, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ինչպես նաեւ Հայաստանի տեսչական մարմինների ներկայացուցիչներ:
Առանցքում հանրապետությունում դեղերի շուկայում առկա խնդիրներն էին: Դրանց զգալի մասն ի հայտ է եկել համավարակին զուգահեռ եւ 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում:
Իրավիճակները ցույց են տվել, որ գործող օրենքի մի շարք դրույթներ նորօրյա մարտահրավերների հետ համադրելի չեն: Դրանով էլ պայմանավորված՝ նախատեսվում են փոփոխություններ «Դեղերի մասին» օրենքում:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ներկրված դեղերի ցանկում արձանագրվել են խնդիրներ՝ մասնավորապես որակի անհամապատասխանության հետ կապված: Բացի այդ՝ եղել են լոգիստիկ դժվարություններ:Հաջորդ ուղղությունը, որը ենթակա է օրենսդրական կանոնակարգման, վերաբերում է շուկայի գնային քաղաքականությանը: Հանձնաժողովի նախագահի բնորոշմամբ՝ օրենսդրական դաշտում լուծումները երկարաժամկետ հեռանկարում պետք է ապահովեն գների իջեցումն ու համադրելիությունն այլ երկրների հետ:
Նարեկ Զեյնալյանը շեշտել է, որը դեղորայքը երբեք չի կարելի համեմատել սպառման այլ ապրանքատեսակների հետ, նաեւ նշել է, որ շուկայում պետք է լինի խիստ վերահսկողություն՝ հատուկ կանոններով:Դեղերի շուկայի շուրջ 17 տոկոսն ապահովում է տեղական արտադրությունը, մնացածը բաժին է ընկնում ներկրումներին:Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահ է, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթը թույլ կտա առավել կատարելագործել դեղերի շուկան:Աշխատանքային նման քննարկումները դեռեւս կլինեն շարունակական: