«Ալիևն արցախցիներին հանգիստ չի թողնելու, մինչև այնտեղ չլինի միջազգային ներկայություն. ռուսները, ցավոք, այնտեղ հարց լուծող չեն». Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը 

– Պարո՛ն Ստեփանյան, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը ընթանում է օնլայն դիվանագիտության տիրույթում»։ Ի՞նչ ասել է «օնլայն դիվանագիտության տիրույթ», ու ի՞նչ արդյունքներ սպասել դրանից։

– Ենթադրում եմ՝ Բայրամովը նկատի ունի այն, ինչի մասին խոսում է մեր ղեկավարությունը, որ Ադրբեջանն ուղարկել է խաղաղության պայմանագրի իր տարբերակը, մենք լրացումներ ենք կատարել, հետ ենք ուղարկել, նրանք նորից են ուղարկում իրենց տարբերակը, մենք՝ մերը։ Կարծում եմ, որ այս գործընթացն ընթանում է համացանցի միջոցով, ինչի համար էլ Բայրամովն այդ ձևակերպումն է տվել, որևէ նոր բան իրականում չկա։

– Իսկ մենք դրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ կողմերն արդեն հստակեցրել են այդ փաստաթղթի հիմնական սկզբունքները, նպատակներն ու նշաձողերը։

– Չեմ կարող ձեր հարցին միանշանակ պատասխանել, որովհետև ես այդ փաստաթուղթը իրականում չեմ տեսել, միայն հայտնի է սկզբնականը՝ ադրբեջանական այն հայտնի հինգ կետով։

Ինչքան ես եմ հասկանում, այդ գործընթացը անընդհատ գնում է․ իրենք ինչ-որ բան են ուղարկում, մենք պատասխանում ենք դրան, իրենք՝ մեզ, մենք՝ իրենց, ու այսպես շարունակ։

Կարծում եմ, հիմնական հարցերը, որոնց շուրջ հնարավոր չէ փոխհամաձայնության գալ, նախևառաջ գործողությունների հաջորդականությունն է, այսինքն՝ հայկական կողմը ցանկանում է, որ դելիմիտացիան ու դեմարկացիան և պայմանագրի կնքումը զուգահեռ լինեն, իսկ Ադրբեջանը դա չի ցանկանում, նա առաջարկում է կնքել պայմանագիրը, հետո նոր սահմանը գծել։ Սա կողմերի միջև թիվ մեկ սկզբունքային անհամաձայնությունն է, երկրորդը՝ Արցախի մասին հիշատակումն է պայմանագրում։ Մնացած խնդիրները, որոնք առաջանում են այս պայմանագրի շուրջ, ածանցյալ են այս երկու կետից։

– Իսկ այդ կետերի շուրջ ի վերջո հնարավոր կլինի՞ համաձայնության գալ, պարո՛ն Ստեփանյան, Արցախի մասին հիշատակություն կլինի՞։

– Մենք պետք է նախ հասկանանք՝ Արցախի մասին հիշատակություն մեզ պե՞տք է, թե՞ ոչ։ Ես միշտ ասել եմ, որ Արցախի հարցի կարգավորումն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա երկու առանձին բաժնով։

Առաջինը պետք է հստակեցնել ու լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները, հետո նոր անդրադառնալ Արցախի հարցին, որովհետև Արցախի հարցն ավելի դժվար լուծելի է։ Ադրբեջանի ախորժակը 44-օրյայից հետո ավելի բացվեց, նա հիմա պահանջում է Հայաստանից միջանցք, գյուղեր, սրանք պետք է լուծել, նոր անցնել արցախյան խնդրին, բայց ասածս չի նշանակում, թե պետք է անտեսել Արցախի հետ կապված հարցերը։ Խաղաղության պայմանագրի հաստատումից հետո մեզ ավելի հեշտ է լինելու բանակցություններ տանել Արցախի մասով, թեկուզ այն սահմաններով, որով առաջարկում է ԱՄՆ-ն։

– Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասով՝ ադրբեջանական կողմը նշել է, որ իրենք առաջարկել են անցակետեր տեղադրել միջանցքում, որից հայկական կողմը հրաժարվել է։ Ըստ ձեզ՝ այդ միջանցքի բացումն ի՞նչ պայմանով է հնարավոր լինելու։

– Հերթական դժվար հարցն եք տալիս, որովհետև ես չգիտեմ՝ Ալիևի ուղեղում հիմա ի՛նչ է կատարվում, ի՛նչ է կատարվում Ռուսաստանի ուղեղում, Լավրովի ուղեղում, որն արդեն պետք է Բաքվում լինի, որովհետև վերջնական որոշումն իրենք են կայացնելու։ Այո՛, Հայաստանը դեմ է դրան, բայց ինչքան ես գիտեմ, միջանցքում արդեն ինչ-որ աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ անցագրային կետերը տեղադրվեն։ Իսկ ի՞նչ է լինելու, եթե դրանք տեղակայվեն, ոչ մեկի համար պարզ չէ։

Դա շատ վտանգավոր է առաջին հերթին արցախցիների համար, որովհետև եթե այդ անցակետերը տեղադրվեն, Ալիևին ոչ մի բան չի խանգարի բռնել բոլոր տղամարդկանց, մեղադրել նրանց տեռորիզմի մեջ, քանի որ նրանք 44-օրյայի մասնակից են, ու տանել Բաքվի դատարաններում դատել ու բանտարկել։

Այսինքն՝ սրանք լրջագույն հարցեր են, որոնք առաջին հերթին Ռուսաստանի խնդիրներն են, որովհետև Հայաստանը, մեծ հաշվով, դրա վրա ազդելու լուրջ լծակներ չունի, բացի այդ՝ Ռուսաստանն է ի սկզբանե եղել եռակողմ հայտնի այդ թղթի կտորի հովանավորը, ու նա է այդ միջանցքով անխափան երթևեկության երաշխավորը։

Եթե այդ անցակետերն իսկապես տեղադրվեն, ինչն ինձ համար սպասելի է, ապա ավտոմատ կերպով պահանջ է առաջանում, որ Արևմուտքից գա դիտորդական առաքելություն, կապ չունի՝ ո՛ր կառույցի մանդատով, ու այդ գործընթացները վերահսկեն, որովհետև այլ պարագայում Արցախում սկսվելու է վակխանալիա։

– Եթե ձեր նկարագրած սցենարն իրողություն դառնա, ապա դրանից հետո նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը շարունակելո՞ւ է ինչ-որ ուժ ունենալ, այն պարագայում, երբ, ըստ էության, Ռուսաստանն ու Ադրբեջանը խախտելու են այնտեղ նշված կետերը։

– Առաջին իսկ օրվանից, երբ դա ստորագրվեց, ես այն անվանել եմ թղթի կտոր, որովհետև չեմ կարծում, թե դա իրավական հիմք ունի։

– Բայց մինչև հիմա բոլորը հղում են անում այդ «թղթի կտորին»։

– Այո՛, ես էլ եմ շատ դեպքերում հղում անում դրան, որովհետև այլ իրավական պայմանագիր չկա, բայց այն դարձել է թղթի կտոր այն օրվանից, երբ Ադրբեջանը հրաժարվել է վերադարձնել մեր գերիներին, իսկ դա եղել է դեռ 20 թվականին։ Այսինքն՝ Ադրբեջանը սկսել է խախտել այդ պայմանագիրը, իսկ Ռուսաստանը որևէ կերպ չի արձագանքել դրան, այդ օրվանից դա դարձել է թղթի կտոր, ու հիմա դա շարունակվում է։

Կողմերից միայն Հայաստանն է կատարել այնտեղ եղած բոլոր կետերը՝ չգիտեմ ինչու, իսկ դրանից հետո ոչինչ չստացանք փոխարենը։ Ինչքան չեն կիրառվում այդտեղ գրված կետերը, այնքան Ռուսաստանը՝ որպես երաշխավոր, նվազեցնում է իր դերը, ու նա մոտենալու է իր կրիտիկական կետին, երբ իսկապես կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանը կարող է ընդհանրապես դուրս գալ այս գործընթացից, որովհետև ի վիճակի չէ ազդելու կողմերի վրա, որովհետև չի կարողանում երաշխավորել, իր պարտավորությունները կատարել։

– Պարո՛ն Ստեփանյան, անկախ արդյունքից, որոշակի տեղաշարժ սպասե՞նք Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում Լավրով-Բայրամով հանդիպումից։

– Հնարավոր տարբերակ է, բայց նույնիսկ եթե դա լինի, ապա դա չի լինելու վերջնական լուծում, որովհետև Ադրբեջանը մի օր էլ այլ պատրվակով նորից կփակի ճանապարհը։ Ալիևն արցախցիներին հանգիստ չի թողնելու, մինչև այնտեղ չլինի միջազգային ներկայություն։ Այնտեղ կարող է խաղաղություն լինել, եթե այնտեղ լինի միջազգային ներկայություն։

Ռուսաստանը չի կարող որևէ կերպ իր մանդատն օգտագործել, իսկ եթե այնտեղ չլինի միջազգային ներկայություն, ադրբեջանական կողմն անընդհատ պրովոկացիաների է դիմելու։ Հիմա հնարավորություն չունի, որ զորքը մտցնի ու միանգամից հայաթափի Արցախը, Ալիևը հասկանում է՝ ինչքան է իրեն թույլատրված, բայց այս մանր-մունր պրովոկացիաներն անընդհատ լինելու են, սա նյարդերի խաղ է։

Լուծումը մեկն է, ու դա պետք է Հայաստանն անի, պետք է կարողանա նույն կերպ, ինչպես հիմա Հայաստանի տարածքում կան դիտորդներ, այնպես էլ նրանք Արցախում պետք է լինեն։ Այնտեղ միայն Եվրամիության կամ ՄԱԿ-ի դրոշը կարող է հարց լուծել, ռուսները, ցավոք սրտի, այնտեղ հարց լուծող չեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am