«Պետք է խիստ պատիժներ լինեն, ապօրինի անտառահատումների հետ կոմպրոմիս չի լինի». Քննարկում կառավարության նիստում

«Պետք է  խիստ պատիժներ լինեն, ապօրինի անտառահատումների հետ կոմպրոմիս չի լինի». Քննարկում կառավարության նիստում
«Պետք է խիստ պատիժներ լինեն, ապօրինի անտառահատումների հետ կոմպրոմիս չի լինի». Քննարկում կառավարության նիստում

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ կատարվեց Իջևանում երեկ տեղի ունեցած ակցիային ու բախումներին։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ ընդամենը երկու շաբաթ առաջ ընդունվեց նոր  օրենսդրական փաթեթ, որով առաջին անգամ քրեականացվեց ապօրինի անտառահատումը։ Ըստ այդմ՝ վարչական իրավախախտումից հետո արարքը կրկնելու դեպքում հաջորդ անգամ քրեականացվում է։

«Այդ փաթեթի ամբողջ էությունն այն է, որ մինչ այժմ եղած օրենսդրական բացերը փակվել են, որոնց միջոցով նախկինում մարդիկ ապօրինի անտառահատում էին իրականացնում բռնվելու դեպքում ընդամենը վարչական տույժ էին վճարում։

Երեկ այդ ակցիայի ժամանակ բազմաթիվ անգամ մասնակիցների կողմից շեշտվեց, որ օրենսդրական փոփոխություններ են եղել, քրեականացվել է։ Իրենց բարձրացրած հարցը վերաբերում  էր թուղթ ունենալուն, թուղթ, ոչ թե փայտ, որ թղթով տեղափոխեն այդ ապօրինի ծավալները։ Խոսքը չի գնում այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին։ Նրանց և անվճար տրամադրվում է թափուկ վառելափայտ, և այնտեղ կան հնարավորություններ, որպեսզի մարդիկ, ովքեր ապրում են, կարողանան իրենց պահաջարկը բավարարել։ Ամբողջ ակցիայի նպատակը դա հնարավորություն ստանալ տեղափոխել վառելափայտն ու փայտն ընդհանրապես։ Եվ ոստիկանության պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում այդ գործընթացի համար»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։

Նա ասաց, որ տասնյակ քրեական գործեր են հարուցված այս պահին տարբեր անտառտնտեսություններում, անտառապահներ, անտառապետեր, և գործընթացը շարունակական է։

«Այս պահին նաև Լոռու մարզում շատ իրավական գործընթացներ կան։ Այդ օրենսդրական փոփոխությունները, ոստիկանության, տեսչության, մեր կառույցների համատեղ աշխատանքը փոխում են իրավճակը։ Սա Հայաստանի համար կենսական նշանակության հարց է և ոչ անտառի, որովհետև անտառի այս լայնածավալ հատումները, որոնք երկար տարիներ եղել են, և նաև օրենսդրական դաշտը հարմարեցվել է, որպեսզի պատիժներից խուսափեն, դրանք իրենց հետ բերում են նաև այլ խնդիրներ՝ ջրերի, ոռոգման հետ կապված»,- նշեց նախարարը։

Էրիկ Գրիգորյանը դիմեց վարչապետին, ասաց, որ ամենայն խստությամբ և հնարավորինս ուժեղ պատիժ պետք է նախատեսվի, քանի որ այստեղ խոսքը չի գնում գյուղացիների կողմից իրենց սեփական կարիքների համար փայտ կտրելու մասին, ինչպես երկար տարիներ ներկայացվել է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ակցիաները մարդկանց շատ նեղ շրջանակ է կազմակերպել, ովքեր երկար տարիներ իրենց կոռուպցիոն կապերով ստեղծել են որոշակի լծակներ, ցանց։ Եվ ըստ էության այսօր գործ ունենք այդ ցանցի հետ, ԱԱԾ-ում կա քրեական գործ՝ հենց կազմակերպված ցանցի կողմից այդ գործողություններն իրականացնելու մասին։

«Եվ ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են  այն պոտենցիալ մարդկանց կողմից, ովքեր անխուսափելիորեն պատժվելու են։ Ես ուզում եմ հստակ լինենք՝ ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու։ Եվ այստեղ  ես խնդիրը հստակ դնում եմ իրավապահ մարմինների առաջ։ Ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ՀՀ կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ ակտիվիստ ասելը այս դեպքում սխալ է, նրանք կազմակերպված ցանցի անդամներ են, և պետք է բերման ենթարկվեր 36 մարդ։ 

Ոստիկանության պետի տեղակալ Մովսիսյանը նշեց, որ 19 մարդ բերման է ենթարկվել, որոնցից 13-ը ձերբակալվել են։ Մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ  աշխատանքներ են իրականացվում։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում