«Բրյուսելյան հարթակն իմաստ չուներ, դա ընդամենը ավելորդ լարվածություն առաջացրեց ռուսների հետ». Արման Գրիգորյան

Լուսանկարում Արման Գրիգորյանը (Լուսանկարը՝ Արման Կարախանյանի )

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանը 

Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Սոչիի եռակողմ հանդիպումն ու ընդունված հայտարարությունը։

– Ես կարծում եմ՝ երկու ուշագրավ հանգամանք կա Սոչիի հանդիպման հետ կապված։ Առաջին՝ որ հանդիպումն ի ցույց էր դնում Ռուսաստանի կարևորությունը՝ որպես միջնորդի, ինչը ռուսները հակադրեցին Արևմուտքի`որպես այլընտրանքային միջնորդի աճող հավակնություններին։ Երկրորդ՝ հանդիպմանը հաջորդած հայտարարության տեքստում բացակայում էր Արցախի կարգավիճակի մասին որևէ հղում։

Իսկ ինչո՞ւ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ կետ չկար հայտարարության մեջ։ Ի՞նչ ռիսկեր է պարունակում այդ հայտարարությունը Հայաստանի համար։

– Այդ կետի բացակայությունը թերևս թելադրված էր երկու հանգամանանքով։ Պատերազմից հետո ընկած ամբողջ ժամանակաշրջանում Ռուսաստանը հետևողականորեն պնդել է, որ կարգավիճակի հարցը հիմա փոխհամաձայնությամբ լուծելը հնարավոր չէ, և որ այն պետք է առկախել։ Նրանք պնդել են, որ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, և մնացած վիճելի հարցերը կարգավորվեն՝ առանց կարգավիճակի հարցը լուծելու։ Նրանք պնդել են, որ ավելի հեշտ կլինի այդ հարցում փոխհամաձայնության հասնել խաղաղ գոյակցության, փոխշահավետ համագործակցության ու փոխադարձ վստահության որոշ պաշար ձեռք բերելուց հետո միայն։

Իհարկե, կարգավիճակի հարցի առկախումը նաև թույլ կտա Ռուսաստանին պահել սեփական ռազմաստրատեգիական ներկայությունը Կովկասում, ինչը գուցե նրանց համար ավելի առաջնային մոտիվ է, բայց դա տվյալ պարագայում ընդամենն ակադեմիական նշանակություն ունի։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը չափազանց կոշտ դիրքորոշում է զբաղեցրել այս հարցում, ինչը դիրքորոշումների լուրջ տարբերություն է նշանակում ոչ միայն Երևանի ու Բաքվի, այլ նաև Բաքվի ու Մոսկվայի միջև։

Արցախի կարգավիճակի մասին որևէ հղման բացակայությունն ամենայն հավանականությամբ հետևանք էր այն բանի, որ կողմերը` Բաքուն ու Մոսկվան, որոշեցին շրջանցել խնդիրը, քանի դեռ նրանք այդ հարցում համաձայնություն չունեն։ Երևանն էլ երևի առարկություն չուներ այդ որոշման դեմ, որովհետև եթե հիմա կարգավիճակի հարց դրվի, հասկանալի է, որ խոսքը չի գնալու Ադրբեջանից դուրս ինչ-որ կարգավիճակի մասին։ Բացի այդ, Հայաստանը որևէ շահ չունի այս հարցում Մոսկվային ընդդիմանալու։ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում բխում է նաև Հայաստանի, ինչպես նաև Արցախի շահերից։

Բայց Հայաստանում, չնայած քողարկված կերպով, որոշ մարդիկ խոսում են այն մասին, որ վատ չի լինի Արցախի հարցին վերջնական լուծում տալը, քանի որ դա թույլ կտա ազատվել Ռուսաստանի գերիշխանությունից ու թեքվել դեպի Արևմուտք։ Քանի կա այդ հարցը, Ռուսաստանն այն շահագործելու է տարածաշրջանն իր ազդեցության գոտում պահելու համար։

– Երևի նախորդ հարցին իմ պատասխանում մի փոքր կատեգորիկ էի, երբ ասացի, որ Հայաստանն այս հարցում Ռուսաստանին ընդդիմանալու որևէ շահ չունի։ Դուք իրավացի եք։ Հայաստանում կան մարդիկ, այդ թվում՝ իշխանության ներսում ու իշխանամերձ շրջանակներում, որոնք համարում են, որ Արցախի վրա Ադրբեջանի սուվերենության ճանաչումը Հայաստանի առջև կարող է նման հեռանկար բացել, հետևաբար դա գին է, որը Հայաստանը պետք է պատրաստ լինի վճարելու։

Եթե նույնիսկ մի կողմ դնենք այն հարցը, թե արդյոք իսկապես ընդունելի՞ է այդ գինը վճարել Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու ու արևմտյան ճամբար տեղափոխվելու համար, կամ թե իրականում այդ շրջադարձը մեզ տալո՞ւ է այն երանելի բաները, որ հայաստանյան արևմտամետները շռայլորեն խոստանում են, դա վտանգավոր ու արկածախնդրական դիրքորոշում է։

Ռուսաստանը նման փորձը կդիտարկի որպես իր շահերի դեմ ուղղված քայլ, որպես տարածաշրջանից իրեն դուրս մղելու փորձ ու դրա համար Հայաստանին շատ ծանր գին կպարտադրի։ Լա՞վ է դա, թե՞ վատ, արդարացի՞ է, թե՞ ոչ՝ որևէ նշանակություն չունի։ Ես կարծում եմ, որ գոնե Նիկոլ Փաշինյանը սա հասկանում է, ինչով էլ թերևս պայմանավորված էր հանդիպմանը նախորդած նրա հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության գնալու Ռուսաստանի նախընտրած տարբերակով ու աջակցելու այնտեղ տեսանելի ապագայում ռուսական խաղաղապահ առաքելության պահպանմանը։

– Ինչո՞ւ Փաշինյանը ռուսական առաջարկներն անվերապահ ընդունելու ու կատարելու մասին ի լուր աշխարհի հայտարարեց միայն «Վալդայ» ակումբում Պուտինի հայտարարությունից հետո։ Եթե ի սկզբանե ընդունելի էին ռուսական կողմի առաջարկն ու միջնորդությունը, իմաստ կա՞ր համագործակցելու բրյուսելյան հարթակի հետ։ Ի վերջո, այս երկու՝ իրար հակասող հարթակներն ավելի շատ օգնո՞ւմ, թե՞ խանգարում են գործընթացին, պարո՛ն Գրիգորյան։

– Փաշինյանը հաճախ առաջնորդվում է ինչ-որ իղձերով և ոչ թե հստակ հաշվարկով, թե այդ իղձերն իրականության հետ ինչ հարաբերության մեջ են գտնվում։ Դիրքորոշումները նա փոխում է, երբ նրան կամ, որ ավելի ցավալի է` Հայաստանին, պատժում են իրականությունը հաշվի չառնելու համար։ Երբեմն նա նաև հակում ունի բոլորին ամեն ինչ խոստանալու և առաջնորդվելու` «օրը գա, բարին հետը» սկզբունքով։ Վերջապես, ես կարծում եմ՝ Փաշինյանը շատ ռիսկային խաղամոլի հոգեբանություն ունի։ Նա սիրում է խաղադրույքներ կատարել ինչ-որ բաների վրա, որոնք մեծ շահույթ են խոստանում, բայց շահելու չնչին հավանականություն ունեն։

Ինչ վերաբերում է այդ հարթակներին, ես կարծում եմ, որ իմաստ չուներ։ Դա ընդամենը ավելորդ լարվածություն առաջացրեց ռուսների հետ, հիմա էլ հիասթափեցնելու է եվրոպացիներին ու ամերիկացիներին։ Իսկ այդ հարթակներն անկասկած իրար խանգարում են։ Դրանք իրականում պարզապես հարցի լուծման տարբեր մոդելներ չեն։ Այստեղ կարևորը հենց միջնորդի ու երաշխավորի ընտրությունն է, ինչը հավասարազոր է ստրատեգիական կողմնորոշման ընտրության։

Հաշվի առնելով հանգամանքը, որ Ադրբեջանը նախորդ երեք համատեղ հայտարարություններով սահմանված իր պարտավորությունները խախտել է, երաշխիք կա՞, որ սա ևս չի խախտի։

– Քանի դեռ այս ուկրաինական մղձավանջը չի ավարտվել, ոչ մի երաշխիք չկա և ոչ միայն այդ հարցում։ Ուկրաինական ճակատում տեղի ունեցող տեղաշարժերն ու փոփոխություններն անընդհատ տարբեր գայթակղություններ, վախեր ու ճնշումներ են ստեղծելու տարածաշրջանում, իսկ դա շարունակվող անկայունության աղբյուր է։

Խաղաղությունը երաշխավորված կլինի, երբ կամ որևէ մեծ տերություն անվերապահ գերիշխանություն հաստատի տարածաշրջանում, կամ մեծ տերությունները համաձայնության գան խաղաղության հարցում ու միասնաբար քաջալերեն կողմերին ընդունել խաղաղության այս կամ այն պայմանագիրը։ Այդ տարբերակներից որևէ մեկը տակավին հորիզոնից այն կողմ է, հետևաբար նոր բռնկումների վտանգները` միանգամայն իրական։

– Երկկողմ հանդիպման ժամանակ Փաշինյանը հնչեցրեց հստակ կետեր ու իր սպասելիքները ռուսական կողմից։ Կբավարարի՞ Մոսկվան այդ սպասելիքները։

– Փաշինյանը փաստորեն հայտարարեց, որ պատրաստ է խաղաղության գնալու ռուսական տարբերակով ու միջնորդությամբ, ինչը պետք է որ բարեհաճ արձագանքի արժանանա Մոսկվայի կողմից։

Ինչ վերաբերում է մեր սպասելիքներին, ինձ համար ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք Մոսկվան կկարողանա՞ Ադրբեջանին համոզել մեղմելու այն դիրքորոշումը, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի, որ կարգավիճակի հարց այլևս գոյություն չունի։

Եթե Մոսկվան կարողանա հասնել դրան, Փաշինյանի սպասելիքները՝ չգիտեմ, ես շատ ուրախ կլինեմ։ Իսկ ավելի ուրախ կլինեմ, եթե պարզվի, որ Մոսկվայի դիրքորոշումը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում համապատասխանում է Օվերչուկի հայտարարությանը, մասնավորապես, արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքում չի լինելու։

Պարո՛ն Գրիգորյան, արևմտյան հարթակը կարո՞ղ ենք սպառված համարել, քանի որ Փաշինյանն մի քանի անգամ ընդգծեց, դուք ևս նշեցիք, որ ինքը ռուսական առաջարկներին է համաձայն։

– Վերջին ամիսները ցույց են տվել, որ նման հայտարարություններ անելը մի փոքր անշնորհակալ գործ է։ Վաղը կարող է իրադրությունը նորից փոխվել, եթե ուկրաինական ճակատում Ռուսաստանի գործերը կտրուկ վատթարանան, բայց ես դա քիչ հավանական եմ համարում։ Հետևաբար, եթե նույնիսկ ֆորմալ առումով ինչ-որ արևմտյան միջնորդական հարթակ շարունակի գոյություն ունենալ, հիմնական հարթակը ռուսականն է լինելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am