Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է և բուժում է ստանում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) մեկ շաբաթով հետաձգեց կաշառքի գործով քննությունը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը վատառողջ լինելու պատճառով կրկին չի կարողացել ներկա գտնվել դատական նիստին։

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանքը, համաձայն որի նախագահի բուժումը պետք է շարունակվի ևս 3-5 օր։ Դատավորը տեղեկացրեց նաև, որ դատարանն ստացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ, որը կքննարկվի հաջորդ նիստին։ Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը», -տեղեկացնում են փաստաբանական թիմի լրատվական ծառայությունից։