«Անընդունելի է մեզ ոչ հարիր այդ արձանը դնել կարևոր արշավական լեռան վրա». ըստ մասնագետների՝ Հիսուսի արձանը խախտում է Հատիսի էկոհամակարգը

Հայաստանում Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու մասին ծրագիրը հարուցել է մի խումբ զբոսավարների և բնապահպանների դժգոհությունը. նրանք պնդում են՝ հսկայական արձանը կանգնեցնելը կխախտի Հատիսի էկոհամակարգը:

Այն, որ այդ արձանը կանգնեցվելու է Հատիս լեռան վրա, երեկ Կառավարության նիստին առաջին անգամ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կառավարության համապատասխան մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Նախագծի վերաբերյալ մեր նախնական գնահատականը դրական է, որովհետև կարծում ենք, որ այն բավական էական զբոսաշրջային հետաքրքրություն կբերի Հայաստանին: Հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն, և նախագիծն առաջ կընթանա նախատեսված ձևով»,- ասել էր Փաշինյանը:

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ, զբոսավար Յաշա Սոլոմոնյանը պնդում է՝ Հիսուսի արձանը որևէ աղերս չունի հայկական մշակույթի հետ, և ավելին, դրա զբոսաշրջային նշանակությունը մեծ չի լինի:

«Մեզ համար ոչ աուտենտիկ, մեզ ոչ հարիր, մեզ ոչ հարմար այդ հուշարձանը բերել դնել կարևոր արշավային ուղու վրա, ամբողջովին փոխել, խաթարել Հատիս լեռան էկոհամակարգը՝ մեզ համար անընդունելի է: Մենք առհասարակ չէինք ընդունում այդ արձանի գաղափարը, իսկ հիմա առավել ևս չենք ընդունում, որ այդ արձանը տեղադրվի շատ կարևոր արշավական երթուղու վրա»,- «Մեդիալաբին» ասում է Յաշա Սոլոմոնյանը:

Հատիս լեռը, նկատենք, Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկում է ընդգրկված՝ Հատիս հրաբուխ, որը գտնվում է Կոտայքի մարզում, Զովաշեն գյուղից 2 կմ արևմուտք: Մի խումբ բնապահպաններ հարցեր են բարձրացնում՝ արդյոք որևէ գնահատում եղե՞լ է այդ հրաբխի գագաթին Հիսուսի հսկայական արձանը տեղադրելու մասին, արդյոք եղե՞լ են հանրային քննարկումներ:

Շրջակա միջավայրի նախարարությունն այդ հարցադրումներին անհաղորդ է. մեր հեռախոսազանգերին նախարարի խոսնակը չարձագանքեց:

Սոլոմոնյանն ասում է՝ քննարկումներ չեն եղել նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, և առանց մասնագիտական շրջանակների հետ քննարկումների արդեն իսկ լեռան շուրջ շինարարական աշխատանքներ են ծավալվում:

Նրա խոսքով՝ Հատիս լեռը Հայաստանի արշավականների շրջանում ընդունված վայր է այցելելու համար: «Չկա մի արշավական, որը Հատիս լեռան վրա չի եղել, բոլորի արշավական կենսագրությունն սկսում է այստեղից, քանի որ այն հեշտ է բարձրանալու համար: Տեսեք՝ երեկ Կառավարության ղեկավարը խոսեց այդ մասին, բայց տեսնում ենք՝ ամիսներ շարունակ Հատիսի շուրջ շինարարություն են սկսել: Երևանի տարբեր կետերից որ նայեք լեռանը, կտեսնեք շինարարությունը: Լեռան էկոհամակարգն է փոխվում, որտե՞ղ են պատասխանատու մարմինները: Զբոսաշրջության անվան տակ պրոյեկտ են իրականացնում՝ հաշվի չառնելով զբոսաշրջության մասնագետների կարծիքը»,- ասում է մասնագետը:

Նրան հետաքրքրում է՝ ի՞նչ հաշվարկներ են կատարվել, որոնց հիման վրա վարչապետը և արձանի նախագծման հեղինակները պնդում են, թե զբոսաշրջային հետաքրքրությունը կբարձրանա այդ վայրի նկատմամբ:

Դիտարկմանը՝ հավանաբար Բրազիլիայի օրինակն է հիմք եղել, Սոլոմոնյանն արձագանքում է. «Բրազիլիան կաթոլիկ երկիր է, և նորմալ է այդ երկրում ունենալ Քրիստոսի արձան, այդ երկրի ցանկացած եկեղեցում հսկայական արձաններ կան դրված, այսինքն՝ դա աուտենտիկ է տվյալ երկրի համար: Բայց Հայաստանը կաթոլիկ երկիր չէ, այդ արձանը մեր կրոնական մշակույթին հատուկ չէ, և հիմա օտար տարր բերել ու անունը տալ զբոսաշրջության զարգացո՞ւմ, կներեք, Բուդդայի արձանը բերեիք կառուցեիք»:

Սոլոմոնյանն ասում է՝ պատրաստվում են գրություններ, նամակներ հղել պատասխանատուներին և փորձել հասկանալ՝ ինչո՞ւ են առանց հանրային քննարկումների նման որոշման հանգել: Հարցին, թե դատելով պաշտոնյաների տարբեր հայտարարություններից, ըստ էության որոշվել է, և առանց քննարկումների էլ հակված են կառուցելու, ինչո՞վ կարող են նամակներն ու գրությունները փոխել իրավիճակը, Յաշա Սոլոմոնյանն արձագանքում է.

«30 տարուց ավելի ապրում եմ այս երկրում, այս հողի վրա ու շատ լավ գիտեմ, որ շատ հարցերի լուծումը անհույս է: Ցավոք, կարծել, թե մեր երկրում ի վերջո խելամիտ ձայնն ու մասնագիտական կարծիքը հաշվի կառնվեն, սխալ կլինի: Մեր պարտքն ենք համարում արտահայտվել դրա մասին ու անել քայլեր: Եթե դրանք տան արդյունք, մենք դրանից միայն ուրախ կլինենք, եթե արդյունք չեն տա, մեր սերունդների ու մեր խղճի առաջ մենք արդար կլինենք, որ չենք լռել դրա մասին, խոսել ենք»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am