Արցախից ևս 4 հիվանդ Կարմիր խաչի կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 4 հիվանդներ՝ «Միելոմային հիվանդություն», «Արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ՝ սուր նեֆրոտիկ համախտանիշով, առաջնային ֆոսֆոլիպիդային համախտանիշ», «Ախալազիա III-IV աստիճան» և «Առաջնային անպտղություն» ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 23-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։