Գազաբալոնների ստուգման պահանջը ձախողելուց հետո կառավարությունը նոր խստացում է նախատեսում. FIP

Եթե շտապում ես. համառոտ` հոդվածի մասին

․ 2022 թ․ օգոստոսից արգելվում էր ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները լիցքավորել, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Չնայած օրենսդրական պարտադրանքին՝ գրեթե բոլոր լցակայանները գազով շահագործվող մեքենաները լիցքավորում են առանց վկայագրման ստուգման։ 

․ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ 2022-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ վկայագրվել է ընդհանուր մեքենաների թվի ընդամենը շուրջ 35%-ը:

․ Օրենքի փաստացի ձախողումից հետո կառավարությունը որոշել է խստացնել պահանջը՝ քաղաքացիները մեքենայի տեխզննում չեն կարող կատարել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն: Մինչդեռ նոր օրենքը ևս շրջանցելու տարբերակներ կան, քանի որ վարորդները կարող են մեքենայի տեխզննման ժամանակ գազաբալոնը հանել, անցնել տեխզննումը և նորից տեղադրել բալոնը:

Փետրվարի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա։  

Դեռևս 2021-ի փետրվարին ուժի մեջ մտած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը պարտադրում էր, որ 2022 թ․ օգոստոսի 1-ից ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Օրենքով մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն, որից հետո ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները պետք է մուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2022-ի հունիսին բոլոր վարորդներին ևս մեկ անգամ զգուշացրեց, որ գազաբալոններն օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի, եթե ստուգում չեն անցել։ 

Չնայած պարտադրանքին՝ շատ կարճ ժամանակ անց լցակայանները գազով շահագործվող մեքենաները լիցքավորում էին առանց վկայագրման ստուգման։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել օրենքի կիրառման արդյունքները, թե գազով շահագործվող քանի՞ մեքենա է ստուգում անցել։ 

Չնայած օրենքի պարտադրանքին՝ գազով մեքենաների շուրջ 35 տոկոսն է միայն  ստուգում անցել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տվյալներով՝ Հայաստանում գազով շահագործվող շուրջ 450 հազար տրանսպորտային միջոց կա: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալներով՝ վերջնաժամկետի ավարտից չորս ամիս անց՝ 2022-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ, վկայագրվել է 166 266 փոխադրամիջոցի վրա տեղադրված ավելի քան 171,000 գազաբալոն, այսինքն՝ ընդհանուր մեքենաների թվի ընդամենը շուրջ 35 տոկոսն է ստուգում անցել։ 

Իսկ 2022-ի օգոստոսի 1-ի դրությամբ, երբ իբր վերջնաժամկետ էր հայտարարվել, վկայագրվել էր մեքենաների ընդամենը 14 տոկոսը՝  63,592 փոխադրամիջոցի վրա տեղադրված 67,943 գազաբալոն։

Նշենք, որ ըստ ՏԿԵ նախարարության՝ 2023 թ․ փետրվարի 1֊ի դրությամբ հանրապետությունում գործում է տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող 82 լիցենզավորված կազմակերպություն։

Նախարարության տվյալներով՝ 2023-ի փետրվարի 1-ի դրությամբ վկայագրման ընթացքում խոտանվել է մոտ 5000 գազաբալոն, շահագործումից հանվել է 4600 ժամկետանց գազաբալոն, հիդրավլիկ փորձարկման ընթացքում բացվել կամ դեֆորմացվել են 305 գազաբալոն։

Տեսչական մարմնի տուգանքներն էական արդյունք չեն տալիս

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում կամ պարբերական վկայագրում իրականացնող, ինչպես նաև գազի լցավորման կայանների գործունեության անվտանգության նկատմամբ հսկողությունը վերապահված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։ 

Տեսչական մարմնի տրամադրած տվյալներով՝ մշտադիտարկվել է 1061 գազալցակայան, 227 գազի վկայագրման կայան։

«2022 թ․ օգոստոսի 2-ից մինչ օրս ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից կազմվել է տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ ընդհանուր թվով 774 արձանագրություն, որից 31 արձանագրություն կազմվել է գազի վկայագրման կայանների նկատմամբ»,- նշում է տեսչական մարմինը։ 

Տուգանքների ընդհանուր գումարը տեսչական մարմինը դժվարանում է հայտնել, մեր ստացած պատասխանում նշվում է միայն, որ oրենքի պահանջները չկատարելը  առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100,000-500,000 դրամի չափով։

Տեսչական մարմնից «Փաստերի ստուգման հարթակին» տեղեկացրին, որ համապատասխան հաշվետվությունը կազմվում եռամսյակի կտրվածքով, և մարտ ամսին միայն հնարավոր կլինի ընդհանուր գումարի չափը տրամադրել։ 

Գազաբալոնների վերահսկման գործընթացը կխստացվի

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը փետրվարի 8-ին ԱԺ-ում խոստովանեց՝ ցուցանիշներն այնքան էլ գոհացնող չեն և օրենսդրական նոր են փոփոխություն են կատարվել։  

Սանոսյանի խոսքով՝ փետրվարի 25-ից ուժի մեջ կմտնի նոր օրենք, ըստ որի՝  քաղաքացիները մեքենայի տեխզննում չեն կարող կատարել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն:

Հատկանշական է, որ այս օրենքը ևս շրջանցելու տարբերակներ կան. օրինակ,  վարորդները կարող են մեքենայի տեխզննման ժամանակ գազաբալոնը հանել, որպես բենզինով աշխատող մեքենա անցկացնել տեխզննումը և նորից տեղադրել գազաբալոնը: 

Գնել Սանոսյանը այս խնդրին ևս ծանոթ է, և ԱԺ-ից արձագանքել է, թե այդ տրամաբանությունը սարսափելի է։

Այսպիսով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով պարտադրանքը  փաստացի ձախողելուց հետո պետությունը վերահսկողությունը խստացնելուն միտված նոր օրենք է մշակել: 

Նելլի Լազարյան

Fip.am