Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով ուսուցիչ է մահացել

Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով մահացել է ուսուցիչ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկանում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարտի 10-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն  տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝  ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և  հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ  դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ»  մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից  (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: