Այլևս դիվանագիտության ժամանակը չէ, Ֆրանսիան պետք է պահպանի ճնշումը հումանիտար հասանելիության առումով. Մակրոն. «Ազատություն»

Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ օգնելու Ադրբեջանի շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին․ Figaro-ի այս տեղեկությունը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Չմեկնաբանելով ֆրանսական պարբերականի հրապարակած տեղեկությունը՝ դեսպանությունը միայն հղում արեց «Լը Փուէն ֆրանսիական պարբերականին նախագահ Էմանյուել Մակրոնի նախօրեի հարցազրույցին՝ ասելով՝ որևէ այլ մեկնաբանություն չունեն։

Խոսելով Արցախի գրեթե ինը ամիս շարունակվող շրջափակումից՝ այդ հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է՝ այլևս դիվանագիտության ժամանակը չէ, Ֆրանսիան պետք է պահպանի ճնշումը հումանիտար հասանելիության առումով, և իրենք շարունակում են օգտակար նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի կենսական անհրաժեշտության ապրանքներ, դեղամիջոցներ ուղարկվեն, ու ազատ մուտք ապահովվի դեպի Լեռնային Ղարաբաղ։ Բայց թե ի՞նչ նախաձեռնության մասին է խոսքը, արդյոք հենց բանաձևի, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Ֆրանսիայի նախագահը չի մանրամասնել։

«Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք ժողովուրդների ինքնիշխանությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է, այդ թվում՝ ժողովուրդների հավասարության առումով։ Ես չեմ կարող հետևել այս հարցում կոշտ գծի կողմնակիցներին։ Ֆրանսիան հստակորեն դատապարտել է 2020-ի պատերազմը և մի շարք մարդասիրական գործողություններ է կազմակերպել։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատվի, և ժողովուրդների ու մշակույթների ապահովություն գտնվի։ Այդ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համահունչ լինի միջազգային իրավունքին», – ասել է նախագահ Մակրոնը։

Էմանյուել Մակրոնը, սակայն, ձեռնպահ է մնացել Արցախում այսօրվա իրավիճակի վերաբերյալ միջազգային փորձագետների կողմից օգտագործվող «ցեղասպանություն» տերմինը գործածել։ Թե երբ է պատրաստվում Ֆրանսիան Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձև ներկայացնել, ֆրանսիական Figaro-ն չի մանրամասնել, միայն ընդգծել է՝ 120 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է:

Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ հրատապ վերջին նիստից հետո որևէ բանաձև այդպես էլ չշրջանառվեց, անգամ հայտարարություն չընդունվեց, պաշտոնական Երևանը միայն հայտնեց, թե կշարունակի աշխատանքը ՄԱԿ-ի ԱԽ-ում և միջազգային այլ հարթակներում։

Արցախն ամբողջությամբ պաշարված է արդեն 2 ամսից ավելի՝ զրկված անգամ սննդի, դեղորայքի, վառելիքի մատակարարումներից։ Ֆրանսիան ադրբեջանական շրջափակումը դատապարտած այն եզակի երկիրն է, որը փորձեց նաև հումանիտար օգնություն ուղարկել։ Հայաստանից ուղարկված, բայց արցախցիներին այդպես էլ չհասած հումանիտար օգնության կողքին Կոռնիձորում արդեն մեկ շաբաթից ավելի է նաև ֆրանսիական բեռներն են կանգնած՝ «Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների մարդասիրական օգնությունը Արցախին» գրությամբ։