«Նախընտրական քարոզարշավը հիմա ատելության խոսքի, մահվան քարոզի շքերթ է և հրավառություն». Լևոն Բարսեղյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը 

– Պարո՛ն Բարսեղյան, դուք նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի մոնիթորինգ եք իրականացնում, կխնդրեմ՝ մի փոքր մանրամասնեք՝ ինչ եք ուսումնասիրում:

– Քարոզարշավի շրջանակներում զանգվածային բաց միջոցառումների ժամանակ հնչող խոսքին ենք անդրադառնում, պաստառներին, որոնց ժամանակ կիրառվում է ատելության խոսք:

Մեր մեթոդաբանությունը ներառում է վիրավորանքից սկսած մինչև զրպարտություն, մահվան սպառնալիք, առողջական, նյութական վնաս պատճառելու ուղղակի ու անուղղակի կոչեր, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելու կոչեր, այդ բոլոր դրվագներով արձանագրումներ ենք անում, բայց միայն քաղաքներում:

Միջանկյալ զեկույց չի լինելու, քանի որ ժամանակը կարճ է: Վերջնականը կլինի քարոզարշավից հետո:

– Նախնական ի՞նչ տվյալներ կարող եք փոխանցել, երեկ էլ կարծես արձանագրել էիք, որ նախընտրական շրջանում գնալով խորանում ու նոր երանգներ է ստանում ատելության խոսքը: Ո՞րն է պատճառը:

– Միամտություն էր սպասել, որ քաղաքական դաշտի բազմակարծության պայմաններում այս պայքարի ընթացքում քաղաքական բանավեճ ենք ունենալու:

Ակնհայտ էր, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ իրենց արտացոլումն էին գտնելու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների խոսքում, ինչպիսին կար նաև հետհեղափոխական ամբողջ շրջանում, երբ մեղավորները պատասխանատվության չենթարկվեցին, իշխանությունն էլ անկարող եղավ իրականացնել անցումային արդարադատություն:

Հիմա երկուստեք ակնհայտ է վրեժի ձգտման հանգամանքը: Գաղափարների փոխարեն շատ հեշտ է կիրառել վիրավորանքը, զրպարտությունը և բռնության կոչերը, դրա համար էլ քաղաքական ուժերը ձեռնամուխ եղան այսպիսի հակաճառության՝ հաշվի չառնելով, թե ով է ավելի փորձառու այդ գծով և ով է շահելու դրանից:

Ցավալի է, որ քաղաքական մարտահրավերների լուծման, ճանապարհային քարտեզների քննարկման փոխարեն մենք լսում ենք նման հոխորտանք: Իհարկե խոսքը բոլորի մասին չէ, քաղաքական ուժերից երևի 5-6-ն են այսպես արտահայտվում, որոնք մեծ ազդեցություն են թողնում հանրային ընկալումների վրա: Ցավոք, սա կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:

– Իսկ ինչո՞ւ է այդ 5-6 քաղաքական ուժը որդեգրել նման գործելաոճ:

– Բոլոր երկրներում, որտեղ քաղաքական միտքը դեռ սաղմնային վիճակում է, թույլ է կամ չկայացած, այդ դատարկությունը մի կողմից լցվում է էմոցիոնալ արտահայտություններով, որով ջանում են ազդել ընտրողների զգացմունքների վրա՝ զգայական մակարդակում քվե կորզելու ակնկալիքով:

Եվ, իհարկե, ուղիղ կապ ունի հետհեղափոխական իշխանության համարյա անգործության հետ, իսկ իշխանություն կորցրածներն էլ լի են իշխանության վերադառնալու, նախկին ռեժիմն ունենալու ձգտումով:

Հիմա փորձում են վերստանալ կորցրածը, իսկ նոր իշխանությունն էլ՝ պահպանել իր դիրքերը, և, ըստ իրենց, ամենահեշտ միջոցը մարդկանց զգայականի, ոչ թե գիտակցականի վրա ազդելն է:

– Պարո՛ն Բարսեղյան, քարոզարշավի ընթացքում ո՞ր քաղաքական ուժերի մոտ են ատելության խոսքն ու ագրեսիվությունն ավելի շատ:

– Իշխանություն կորցրածների և իշխանություն ունեցողների: Առաջինների մեջ նրանք են, որոնք ունեցել են պաշտոնական իշխանություն, և նրանք, ովքեր շատ մոտ են կանգնած եղել իշխանություն ունեցողներին:

Հիմա միավորվել են մի քանի թեկնածուական ուժերի մեջ և անպայման ուզում են հետ ստանալ իրենց դիրքերը: Դրա համար ոչնչի առաջ կանգ չեն առնում:

Կարծում եմ՝ նրանք մոլորության մեջ են, թե դրանով կարող են խեղճացնել իշխանություն ունեցողներին, հաշվի չեն առել, որ հրապարակային լաչառ վեճում իրենք պարտվելու են՝ իրենց բառապաշարը, մտածողությունը և իրենց իշխանավարման հիշողությունները ի սկզբանե պարտված են:

Ցավոք սրտի, գաղափարական, որակյալ մտքեր ունեցող քաղաքական ուժերի ասելիքը կորչում է այս էմոցիոնալ ղալմաղալի տակ:

– Ատելության խոսքը մի կողմ թողնելով՝ որքանո՞վ է քաղաքական գործչին հարիր մեկ այլ քաղաքական գործչի որակումներ տալ, միմյանց դիմել, շատ հաճախ՝ ամենավերջին բառերով իրար վիրավորել: Այս ամենը ի՞նչ հետևանք է ունենալու:

– Նման բառապաշարը, վարքի դրսևորումները, ցավոք, դառնում են նորմատիվային: Եթե տասը տարի առաջ այդ բառապաշարը կարող էր լինել ցնցող, սահմռկեցուցիչ, հիմա կարող է նորմալ թվալ, և հանրությունն էլ սկսում է կրկնել, կիրառել դրանք՝ ենթագիտակցորեն համարելով, որ միջավայրն այդպիսին է: Այս ամենը բերում է նորմերի փոփոխության՝ բացասական առումով:

Մեզ էլ են բազմիցս թիրախավորել, վիրավորել, բայց մենք երբեք չենք անցել անձնական վիրավորանքների, ընտանիքի անդամների թիրախավորմանը:

Այս դեպքում հաշվարկը շատ բնազդային է՝ ոչնչացման բանահյուսություն է ընթանում, հետևանքները կարող են լինել մի կողմից շատ ողբերգական, իսկ ակնհայտ հետևանքն էլ այն է, որ այդ բառապաշարն ու մտածողությունը աստիճանաբար դառնում են նորմալ:

Իրավական համակարգը չփոխվեց, և մենք հիմա ականատես ենք լինում ատելության խոսքի, մահվան քարոզի շքերթի ու հրավառության:

– Պարո՛ն Բարսեղյան, ատելության խոսքը, նմանատիպ բառապաշարը ավելի սրվեց 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո՞, թե՞ մինչ այդ էլ էր նույնը:

– Ես չեմ հիշում, որ հեղափոխությունից առաջ քաղաքական գործիչները քարոզարշավի շրջանակներում խոստանային մորթել ինչ-որ քաղաքական հակառակորդի, եթե սխալվում եմ՝ ներողություն:

Հեղափոխությունը շատերին շատ բաներից զրկեց և ոմանց ազատությունից զրկելու սպառնալիք ստեղծեց, ու այդ ամենը կիսատ մնաց: Իսկ հիմա ինքնապաշտպանական, կենսաբանական բնազդը շատերին ստիպում է պաշտպանվել բոլոր հնարավոր միջոցներով՝ առանց կանոնների:

– Իսկ հեղափոխությամբ իշխանության եկած մարդիկ ինչո՞ւ են խոսում վենդետաներից, քաղաքացու վրեժից և այլնից, եթե նախկին իշխանության ներկայացուցիչները դա անում են ինքնապաշտպանվելու համար:

– Դա պայմանավորված է գիտելիքի ահռելի պակասով, փորձի աղետալի պակասով, գործ անելու փոխարեն՝ լեզվով խեղդել: Իշխանության որակներից մեկը պետք է լինի էմոցիա չունենալը, շատ տարօրինակ է հնչում, երբ պաշտոնյան հիշում է, որ ունի ընտանիք, երբ դու ստանձնել ես հանրային պաշտոն, այդ ընթացքում պետք է նյարդեր չունենաս, կներեք՝ ռոբոտի նման պետք է վարվես՝ կողքից ինչ ուզում են թող ասեն: Գիտելիք է՝ հասկանալ, որ պետք է գործ անես:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am