Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի

Ամերիկացի հումանիտար գործիչ և գործարար Քեյթ Ֆորբսն ընտրվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) նախագահ՝ չորս տարի ժամկետով։ Ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 11-ին Ժնևում Ֆեդերացիայի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստում։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի տարածած մամուլի հաղորդագրությունից։

«Քեյթ Ֆորբսի ընտրությունը ԿԽՄԿ-ի նախագահի պաշտոնում պատմական պահ է, քանի որ նա դառնում է երկրորդ կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը․․․ Նրա ղեկավարության ներքո ուշադրության կենտրոնում լինելու է կլիմայի փոփոխության և միգրացիայի հրատապ խնդիրների լուծումը», – գրված է հաղորդագրությունում:

«Ամբողջ աշխարհում համայնքները ականատես են լինում կլիմայի փոփոխության, աշխարհաքաղաքական լարվածության և առողջապահական արտակարգ իրավիճակների ազդեցությանը: Մենք գիտենք, որ ժամանակակից աշխարհի մարտահրավերները պահանջում են միաժամանակ մի քանի խնդիրների լուծում: Հիմա ժամանակն է հենվելու մեր հիմնարար սկզբունքների վրա՝ մեր առաքելությունն իրականացնելու և համայնքներն ավելի ուժեղ դարձնելու համար», – ասել է Ֆորբսը ընտրվելուց հետո:

Ֆորբսը Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինեց իտալացի Ֆրանչեսկո Ռոկկային, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։

Ֆորբսը 72 տարեկան է։ Ծնվել է ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում և ունի Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ցանցում աշխատելու ավելի քան 40 տարվա փորձ: Վերապատրաստված լինելով որպես աուդիտոր՝ Ֆորբսը եղել է ԿԽՄԿ խորհրդի անդամ վերջին 17 տարիների ընթացքում: Վերջերս նա գլխավորել է ֆեդերացիայի աուդիտի և ռիսկերի հանձնաժողովը։