National Geographic-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին այցելելու աշխարհի 25 լավագույն ուղղությունների ցանկում

National Geographic-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին այցելելու աշխարհի 25 լավագույն ուղղությունների ցանկում՝ առանձնացնելով երկրի բնությունը, պատմամշակութային ժառանգությունը և Անդրկովկասյան արշավային արահետը։ Պարբերականի գնահատմամբ՝ Հայաստանը գնալով ավելի գրավիչ է դառնում արկածային զբոսաշրջություն նախընտրողների համար։

Հոկտեմբերի 20-ին հրապարակված «Ինչու է Հայաստանը դառնում արկածային ճանապարհորդների երազանքի ուղղություն» հոդվածում National Geographic-ը ներկայացնում է Հայաստանի ավելի քան 800 կմ երկարությամբ արշավային արահետը, որը ձգվում է Մեղրիից մինչև Արփի լիճ՝ անցնելով կաղնու անտառներով, գետերի կիրճերով և լեռնային գյուղերով։

Պարբերականը գրում է, որ ճանապարհորդներն այստեղ կարող են տեսնել հրաբխային լեռնագագաթներ, այցելել Մետաքսի ճանապարհի ժամանակներից պահպանված պատմական վայրեր, ծանոթանալ հայկական գյուղերի կենցաղին և համտեսել տեղական պանիրն ու ծիրանի օղին։

Անդրկովկասյան արշավային արահետի ստեղծման աշխատանքները սկսվել են 2016 թվականին՝ հիմնականում կամավորների մասնակցությամբ։ Նախագիծը միավորում է պատմական արահետներն ու հովիվների օգտագործած ճանապարհները։ Նախատեսվում է, որ առաջիկա տասնամյակում ամբողջական երթուղին կհասնի մոտ 3000 կմ-ի՝ անցնելով Հայաստանով, Վրաստանով և Ադրբեջանով։

National Geographic-ը նշում է, որ մինչև 2027 թվականը նախատեսվող բարելավումները՝ նոր քարտեզները, ցուցանակները, բարեկարգված արահետներն ու զբոսաշրջային ծառայությունները, ավելի դյուրին կդարձնեն Հայաստանի տարբեր հատվածներով ոտքով ճանապարհորդելը։

Հոդվածում առանձնացվում են Սյունիքի խոր կիրճերը, Մեղրիի բերդն ու Տաթևի վանքը, Վայոց ձորի գինեգործական ավանդույթները, Արենի-1 քարանձավը, ինչպես նաև Գեղամա լեռներն ու Աժդահակ լեռնագագաթը։

Պարբերականն անդրադառնում է նաև Մարտիրոս գյուղին, որտեղ զբոսաշրջիկները կարող են գիշերել ընտանեկան հյուրատներում, մասնակցել պանրի և ավանդական ուտեստների պատրաստմանը, իսկ երեկոյան տեղացիների հետ զրուցել ծիրանի օղու շուրջ։

Առանձին ուշադրություն է դարձվում Դիլիջանի և Լոռու անտառներին, որտեղ միջնադարյան վանքերը շրջապատված են կաղնու և հաճարենու անտառներով։ National Geographic-ը նշում է, որ չնայած երթուղիների բարելավմանը՝ դրանց որոշ հատվածներում դեռ շատ քիչ զբոսաշրջիկներ են հանդիպում, ինչը հնարավորություն է տալիս վայելելու բնությունն առանց մարդաշատության։

Պարբերականը ներկայացնում է նաև Հայաստան այցելելու լավագույն ժամանակահատվածները։ Գարնան վերջից մինչև աշնան սկիզբը եղանակային պայմաններն առավել բարենպաստ են քայլարշավների համար։ Իսկ սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի վերջ Դիլիջանի անտառներն ու Սյունիքի լեռնային տարածքներն առանձնանում են աշնանային գույներով։

Միաժամանակ նշվում է, որ բարձրադիր Գեղամա լեռներում ձյունը պահպանվում է հոկտեմբերից մինչև հունիս, ուստի այդ հատվածով անցնելու համար առավել հարմար են հուլիսն ու օգոստոսը։

National Geographic-ի գնահատմամբ՝ արշավային արահետների զարգացումը, պատմական հուշարձաններն ու տեղական մշակույթին ծանոթանալու հնարավորությունները Հայաստանը դարձնում են տարածաշրջանի առավել հետաքրքիր զբոսաշրջային ուղղություններից մեկը։