Ռուսական կողմի սահմանափակումները կարող են հանգեցնել գործազրկության աճի, բերքի կորստի և միգրանտների վիճակի բարդացման․ Միքայելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ և տնտեսագետ Հրանտ Միքայելյանը

– Պարո՛ն Միքայելյան, հայ-ռուսական հարաբերությունների այս ֆոնին, երբ Ռուսաստանը հայկական որոշակի ապրանքատեսակների ներմուծման համար խնդիրներ է ստեղծել, Հայաստանի տնտեսությունը ի՞նչ հնարավոր ռիսկերի կամ հետևանքների առաջ է կանգնելու:

– Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությունը կարող ենք բաժանել երկու մասի. առաջինը տնտեսվարողների՝ հատկապես փոքր բիզնես, ընտանիքներ, միկրոբիզնես, ինքնազբաղվածներ և այլն, երկրորդը՝ մակրոտնտեսական էֆեկտ: Առաջին փուլում մակրոտնտեսական էֆեկտը լինելու է համեստ, երկրորդ փուլում այն կարող է աճել, հատկապես եթե աճեն սահմանափակումների թիվը, կամ դրանք երկարատև դառնան: 

Ինչ վերաբերում է միկրոտնտեսականին, ապա ազդեցությունն արդեն բավականին մեծ է ու ավելի զգալի է դառնալու, թեև մենք տեսնում ենք իշխանության կողմից այսպես ասած հակաճգնաժամային արշավ, որոնք վստահեցնում են, թե գազ էլ կունենանք, ատոմակայան էլ կկառուցեն և այլն, բայց հասկանալի է, որ այդ ամենն իրականության հետ որևէ աղերս չունի, ինչպես նաև այն, որ այլընտրանքային շուկաներ կգտնենք:

– Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ որևէ խնդիր չկա, ամեն բան արագ կկարգավորեն, բայց մենք տեսնում ենք դժգոհություններ տարբեր տնտեսվարողներից, եթե խնդիրն այդքան էլ լուրջ չէ, ապա ինչո՞ւ մինչ այս պահը հարցը չի կարգավորվել, կամ ինչո՞ւ չի կանխվել այս խնդիրը:

– Մի կողմից կարելի է ասել, որ այս պահին իշխանությունը չի կարող այլընտրանք գտնել, քանի որ գրեթե ամբողջ կազմով դուրս է եկել արձակուրդի, որպեսզի քարոզարշավ վարի, այնպես որ, դե ֆակտո մենք կառավարություն չունենք, հետևաբար արագ արձագանքելու հնարավորությունը այստեղ սահմանափակ է: 

Մյուս կողմից՝ պարզ է, որ իրադարձությունը նոր է, այդքան էլ արագ արձագանքելու հնարավորություն չկա: Եթե ավելի լայն նայենք, ապա դա էլ իրավիճակը չի փոխում, որովհետև այլընտրանքը գտնել չի ստացվի, ոչ թե դժվար է լինելու, այլ՝ ուղղակի չի ստացվի: Ինչ-որ տոկոսով, քանակով գուցե, բայց շատ սահմանափակ, դրա համար պետք է իրավիճակն ադեկվատ գնահատենք՝ այս շուկային այլընտրանք չկա, ուրիշ շուկաներում այդ արտադրանքը չեն գնի, հատկապես՝ եվրոպական, այս շուկան փակ է Հայաստանի համար գրեթե բոլոր ճյուղերով, դա քննարկման ենթակա չէ:

– Եթե իսկապես այդպես է, ինչպես ասում եք, այդ դեպքում իշխանության ներկայացուցիչներն ինչո՞ւ են պնդում, թե ամեն բան կարգին է, կլուծվի:

– Դա ուղղակի նախընտրական քարոզարշավի մաս է, պարզ ասեմ՝ ժողովրդին ուղղակի նորից խաբում են, իշխանությունը շատ լավ գիտի, որ այլընտրանք գտնել չի լինի, նրանք այդ մասին շատ լավ գիտեն: Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, որ ԵՄ-ն խոսելիս շատ լավ է, բայց մենք աջակցության սպասելիքներ ունենք, ինչը դեռ չկա, ցուցիչ է, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ կարելի է սպասել, բայց, ինչպես միշտ, ելնելով քաղաքական դրդապատճառներից՝ հայտարարություններ են անում: 

– Ձեր գնահատմամբ՝ Ռուսաստանի այս քաղաքականությունը որքա՞ն կշարունակվի, պարո՛ն Միքայելյան:

– Այս խնդիրն արագ չի լուծվի, ու այն, որ նախընտրական այս փուլում Փաշինյանը որոշեց իրավիճակը ավելի չլարել, չի նշանակում, թե Ռուսաստանը դա կգնահատի իբրև դրական քայլ, որովհետև երբ նույն Փաշինյանի թիմակիցները Ռուսաստանը հռչակում են իբրև թշնամի, սպառնալիք, դա Ռուսաստանին քաղաքականությունը փոխելու առիթ չի տալիս:

Լարված հարաբերությունները շարունակելու են լրացուցիչ լարվել, իսկ պատժամիջոցների չափը այսօր շատ դժվար է պատկերացնել, ու չեմ կարծում, որ ընտրություններից հետո կարող է մի բան փոխվել, հատկապես երբ այս իշխանությունը վերընտրվի:

– Շարքային քաղաքացին ի՞նչ հետևանքների է բախվելու, եթե այս իրավիճակը երկար շարունակվի:

– Գազի պարագայում կարող է շղթայական թանկացում լինել, եթե իշխանությունն էլ գնա Դանիել Իոաննիսյանի առաջարկած մոտեցմամբ ու ազգայնացնի «Գազպրոմ Արմենիան», ապա դա արդեն հարաբերությունները լրիվ կկազմաքանդի: Գործազրկության հնարավոր աճ կարող է լինել, բերքը կարող է փչանալ կամ վաճառվել Հայաստանում ավելի ցածր գնով, մեծ հաշվով կարելի է սպասել եկամուտների որոշակի կրճատում:

Աշխատանքային միգրանտների զգալի մասի վիճակը կարող է բարդանալ, որովհետև Ռուսաստանում խոսվում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներին կարող են պարտադրել աշխատանքային պատենտ, մինչև հիմա Հայաստանի քաղաքացիներն աշխատում էին Ռուսաստանի քաղաքացիների հետ համադրելի սկզբունքով, իսկ աշխատանքային պատենտը և՛ թանկ է, և՛ բյուրոկրատական խնդիրներ է ստեղծում: Այսինքն՝ մի քանի տասնյակ հազար մարդ ստիպված կարող է հետ գալ Հայաստան, քանի որ Ռուսաստանում աշխատելն այլևս ձեռնտու չի լինի նրանց համար: 

Մենք վտանգ ունենք, որ Հայաստանի տնտեսությունը կարող է ավելի պարզ, այսինքն՝ ավելի պրիմիտիվ դառնալ, որովհետև ավելի բարձր աստիճանով մշակման ապրանքները վաճառվել են Ռուսաստանում, իսկ հանքահումքային արտադրանքը՝ ԵՄ-ում:

Եթե Ռուսաստանը չգնի, ապա շատ դժվար է լինելու դրանք ուրիշ տեղ վաճառելը: Այսինքն՝ ռիսկեր կան նաև տնտեսական որակի մասով: Հայաստանում տնտեսական կոլապս կարող է լինել այն ժամանակ, երբ Ռուսաստանը լրիվ կասեցնի բոլոր տնտեսական հարաբերությունները, որը ես չեմ ակնկալում, բայց տնտեսական զգալի բարդություններ կարող ենք ունենալ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am