«Ադրբեջանն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության ուղին՝ պատերազմի շարունակության փոխարեն»․ Հաջիև

Ադրբեջանն ընտրել է Հայաստանի հետ «հավերժական խաղաղության» ուղին՝ պատերազմի շարունակության փոխարեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Բաքվում ամերիկացի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հետ հանդիպման ժամանակ։

Հաջիևի խոսքով՝ պատերազմից հետո խաղաղության հասնելն ավելի բարդ է, քան ռազմական հաղթանակը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմավարությունն ուղղված է Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելուն։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Հաջիևը նշել է, որ, չնայած պատմական հիշողություններին և երկու ժողովուրդների միջև առկա չլուծված խնդիրներին, անհրաժեշտ է կենտրոնանալ ապագայի և երկարատև խաղաղության հաստատման վրա։

Նա հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերություններն արդեն սկսվել են։

Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքով՝ Բաքուն Երևանին առաջարկում է միանալ տարածաշրջանային հաղորդակցական ցանցին՝ ընդլայնելով տնտեսական համագործակցության հնարավորությունները։

Հաջիևն անդրադարձել է նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի ծրագրերին՝ նշելով, որ կանաչ էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության և խաղաղության ամրապնդման բաղադրիչներից մեկը։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր ստեղծելու փոխարեն անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը։