«Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը առաջադրելու ենք վարչապետի պաշտոնում». Իվետա Տոնոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը

Տիկի՛ն Տոնոյան, պաշտոնական քարոզարշավի հինգերորդ օրն է ընթանում արդեն, ինչպե՞ս եք գնահատում ձեր հանդիպումներն այս օրերին, և ինչու՞ պետք է մարդիկ վստահության քվե տան հենց «Բարգավաճ Հայաստանին»:

– Քարոզարշավի առաջին օրվանից Գագիկ Ծառուկյանը հագեցած գրաֆիկով հանրապետության մարզերում հանդիպումներ է ունենում: Այս պահի դրությամբ հանդիպումներ է ունեցել Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:

 Վերջին երկու մարզերում առաջինը քարոզարշավ իրականացնելն ամենևին էլ պատահական չէ, քանի որ Արցախյան վերջին պատերազմից հետո այդ մարզերը, սահմանամերձ դառնալով, բազմաթիվ խնդիրներ ունեն, և այդ խնդիրների լուծման ուղղությամբ պարոն Ծառուկյանը ներկայացրել է մեր կուսակցության տեսլականը, որոնցից առաջինը, բնականաբար, անվտանգությունն է և դրանց հետ կապված հարցերի լուծումը, որոնք հստակ ներկայացված են ծրագրում:

Թե՛ Գեղարքունիքի, թե՛ Տավուշի մարզերում առկա էր անհանգստությունը՝ կապված սահմանային լարված իրավիճակի հետ, և մեր զրույցը մեր հայրենակիցների հետ ընթանում էր հենց անվտանգային թեմաների շուրջ:

Պարոն Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում այցելելու է բոլոր մարզեր, ներկայացնելու է կուսակցության երեսուն կետից բաղկացած ծրագիրը, համաձայն որի մենք ակնկալում ենք մեր ընտրողների վստահությունը ստանալ հունիսի 20-ի ընտրություններին: Մեր պատգամավորներից բաղկացած առանձին խմբեր ևս այցելում են տարբեր համայնքներ:

Մարդկանց հետ շփումներից հետո ձեր՝ իշխանության գալու կամ խորհրդարան մտնելու շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

– Բնականաբար, մեր շանսերը շատ բարձր ենք գնահատում, և դրանում մեր համոզումն ավելի է խորանում հատկապես մարզեր այցելության և մեր հայրենակիցների հետ շփումից, որովհետև մենք տեսնում ենք մեր բազմահազար հայրենակիցների անվերապահ վստահություն պարոն Ծառուկյանի անձի, ինչպես նաև ԲՀԿ-ի ու նրա ներկայացրած ծրագրի նկատմամբ:

Կոնկրետ ուժի վարկանիշի վերաբերյալ հիմա չէի ուզենա որևէ գնահատական հնչեցնել, որովհետև շատ հստակ տեսնում ենք , թե ինչ ընթացք ունի քարոզարշավը, և ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր ազգաբնակչությունը շատ բարձր քաղաքացիական գիտակցություն ունի՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում այս օրերին, որ սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների այս տարանջատումը որևէ լավ բանի չի հանգեցնելու:

Նաև այս օրերին շարունակվող փոխադարձ գզվռտոցի պայմաններում վտանգված են մեր հայրենիքի սահմանները, ադրբեջանական զինուժը շուրջ մեկ ամիս է՝ Հայաստանի տարածքում է, և բոլոր այդ չլուծված խնդիրների ֆոնին տեսնում ենք, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում:

Դրանք սարսափելի մտահոգիչ են, և մենք ներկայացնում ենք մեր ծրագիրը կառուցողական խոսքով՝ առանց որևէ մեկի վրա ցեխ շպրտելու և ակնկալում ենք մեր հայրենակիցների վստահությունը:

Իսկ այն, որ մենք գնում ենք հաղթելու հաստատակամությամբ, դրանում որևէ փոփոխություն չկա, և այդ հաղթանակի դեպքում Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու հաստատակամությունը ևս որևէ փոփոխության չի ենթարկվել:

– Տիկի՛ն Տոնոյան, խոսեցիք քարոզարշավի ընթացքի մասին, սպասելի՞ էր նման բովանդակությամբ քարոզարշավը:

– Բնականաբար սպասելի էր, տեսնելով դրան նախորդած իրադարձությունները՝ նույն սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների տարանջատումը, հեռակա փոխհրաձգությունը, իհարկե սպասելի էր:

Սակայն այն, ինչ այսօր տեսնում եմ քաղաքական դաշտում, ինձ ցավ է պատճառում, որովհետև այն բառամթերքը, որն օգտագործվում է, այն բովանդակությունը, էմոցիոնալ ֆոնը, որը որոշ քաղաքական ուժերի կողմից տարվում է, ինձ համար բացարձակ անընդունելի է:

Մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցը պետք է բացարձակ առաջնահերթություն լինի բոլորի մոտ, այլ ոչ թե հնարավոր ու անհնարին բառամթերքով փոխադարձ փոխհրաձգությունը:

– Որոշ քաղաքագիտական և հասարակական կարծիքների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավն անցկացնում է հստակ ընդգծված ռուսամետությամբ, և տպավորություն է, որ ձեր կուսակցությունը ցանկանում է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի, այսպես կոչված, նահանգ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Բնականաբար, անհիմն մեղադրանքներին կամ կասկածելի ծագում ունեցող վերլուծություններին չեմ արձագանքելու:

Ընդամենը պետք է ասեմ, որ պարոն Ծառուկյանը ներկայացնում է կուսակցության ծրագրային դրույթները, որոնցում շատ հստակ նշված է, որ, այո՛, Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտություն կա մեր ռազմավարական գործընկերոջ հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի ստորագրման, որում պետք է հստակ ֆիքսված լինեն այն անվտանգության երաշխիքները, այն արժանապատիվ մոտեցումները, որոնք բխելու են բացառապես ՀՀ-ի և նրա ազգաբնակչության շահերից:

Սա մեր ծրագրային կետերից մեկն է, և բոլոր այն ուժերին, որոնք հստակ ուղղորդում են ուզում իրականացնել տարբեր տեսակի «մետ» վերջավորությամբ բնորոշումներ տալու նպատակով, խորհուրդ եմ տալիս վերլուծել սեփական քաղաքական ուժերի ծրագիրը կամ ավելի արդյունավետ աշխատանքով զբաղվել:

– Տիկի՛ն Տոնոյան, Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած ուժի հետ որևէ համագործակցություն բացառում է: Կա՞ն քաղաքական այլ ուժեր ևս, որոնց հետ հետընտրական գործընթացների ժամանակ համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանը» բացառում է:

– Գագիկ Ծառուկյանը շատ հստակ բացառել է գործող իշխանության և Նիկոլ Փաշինյանի հետ գործակցությունը հետընտրական Հայաստանում, որովհետև հետևողականորեն կոնկրետ շրջանակների կողմից շրջանառվում էր այդ թեզը, թե իբր ԲՀԿ-ն կոալիցիա է կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ:

Որևէ այլ ուժի հետ հնարավոր համագործակցության հարց որևէ դեպքում մեր օրակարգում չկա, որովհետև մենք գնում ենք այս ընտրություններում հաղթելու հաստատակամությամբ, հետևաբար, տարատեսակ կոալիցիաների հարց այս պահին մենք չենք քննարկում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am