«Առայժմ մարդիկ կուլ են տալիս շատ բաներ հույսերով, բայց երբ նրանց ակնկալիքները չարդարանան, նրանք այդ բոլորը հատ-հատ հիշեցնելու են». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

– Տիկի՛ն Սեդրակյան, հեղափոխությունից 2,5 տարի անց ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները: Շատերին տեմպը չի գոհացնում, շատերն ասում են, որ միայն փոփոխությունների իմիտացիա է տեղի ունեցել:

– Փոփոխությունների իմիտացիա չէ, կան ցանկություն և կամք այդ փոփոխություններն իրականացնելու, բայց գործիքակազմ չկա: 

Նախ՝ չկան պրոֆեսիոնալ կադրեր, հետո՝ չկա փորձ, որից կարելի է վերցնել, որովհետև հասկանում ենք, որ նախորդների փորձը չի կարելի վերցնել, իսկ սովորելու համար մի քիչ ցանկություն չեմ տեսնում որոշակի փորձառություն կուտակելու: 

Կարծես էքսպերիմենտ է գնում, պետությունը որպես մեծ փորձարարական դաշտ է, և եթե անգամ դա լավագույն մտադրություններով է արվում, պետք է հասկանալ, որ ամեն սխալ քայլ լուրջ հարված է և՛ ժողովրդավարության կոնցեպցիային, և՛ հակակոռուպցիոն պետության կոնցեպցիային: 

Դրա համար ներկայիս իշխանությունները չպետք է բավարարվեն միայն նրանով, որ իրենք հեղափոխական են, իրենց մտադրությունները շատ մաքուր են, ձեռքերը մաքուր են: Այդ մաքուր ձեռքերը պետք է լինեն նաև արդյունավետ ու գործնական: 

Իհարկե կա համավարակի խնդիրը, որը անշուշտ իր ազդեցությունն է ունենում, բայց այդ համավարակն իր ազդեցության հետ մեկտեղ ունի մի կողմնակի վատ էֆեկտ: 

Տեսեք՝ շատ բաներ կան, որ օբյեկտիվ թերություններ են, բայց իշխանությունները այդ օբյեկտիվ թերությունների մի մասը վերագրում են նախկիններին, մյուս մասը՝ համավարակին, և դա լուրջ արգելք է ստեղծում այդ թերությունները շտկելու ճանապարհին: Նախևառաջ պետք է օբյեկտիվ հայացք ունենաս այդ ամենի վերաբերյալ:

– Ակնկալիքներն այս իշխանություններից ո՞ր մասով չեն արդարացել, և ի՞նչ պետք է աներ իշխանությունը, որ թերացել է:

– Իշխանությունը թերացել է նախևառաջ միասնական ստանդարտ մշակելու մեջ: Իսկ երբ դա չես մշակում, այդ ժամանակ հնարավոր չէ ստեղծել օրենքի հասարակություն, որովհետև օրենքը մի բան է, որին անվերապահորեն ենթարկվում են բոլորն անխտիր: 

Եթե դու գալիս ես իշխանության նրանով, որ պուրակներում շինարարություն անել չի կարելի, հետո հայտարարում ես, որ պուրակը, փողոցը այլևս հուշարձան չեն: 

Եթե դու գալիս ես իշխանության բնապահպանական կարգախոսներով, իսկ հետո ասում ես, որ Ամուլսարը պետք է շահագործել, դու մարդկանց մեջ կասկած ես առաջացնում օրենքի համընդհանուր ուժի և սկզբունքի համընդհանուր ազդեցության դաշտի վերաբերյալ: 

Այսինքն՝ մարդիկ սկսում են մտածել, որ պաշտոնի հետ կարելի է փոխել սկզբունքը, կարելի է փոխել հավատամքը, որ դիմակ կրելու օրենքը պետք է տարածվի հասարակ ժողովրդի և չտարածվի ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաների վրա: 

Եթե դու այդ հավասար սկզբունքի, հավասար չափանիշի և դրանից բխող համապարփակ և հավասար օրինապաշտության դաշտ չես ստեղծում, դա քո խոշորագույն թերացումն է, որովհետև վաղը-մյուս օրը մարդիկ կարող են դա չհանդուրժել: 

Առայժմ մարդիկ կուլ են տալիս շատ բաներ հույսերով, ակնկալիքներով, բայց երբ նրանց ակնկալիքները լիարժեք չարդարանան, նրանք այդ բոլորը հատ-հատ հիշեցնելու են: 

Եվ դա չի լինելու չարակամություն, չի լինելու բամբասանք, դա լինելու է նորմալ չձևավորված պահանջ, որովհետև նորմալ ձևավորված պահանջ կարող է ունենալ միայն այն հանրությունը, որին պահում են լիարժեք օրենսդրական դաշտում և լիարժեք չափանիշային մթնոլորտում, ինչը մենք չունենք ներկա պահին:

– Հիմա կառավարությունը ձախողե՞լ է, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ մեկ հնչում էին կառավարության հրաժարականի պահանջներ, հիմա էլ ոլորտային պահանջներ են նշում: 

– Խելացի է ոլորտային քննադատություն հնչեցնելը: Յուրաքանչյուր ոլորտի գործունեության և ազդեցության արդյունքը շոշափելի է և բացահայտ: Անհնար է չտեսնել դրական փոփոխությունները: Կարող է չլինել իդեալական պատկեր, բայց Հայաստանի ճանապարհներով երթևեկող յուրաքանչյուր ոք տեսնում է, որ ներկա պահին Հայաստանի ճանապարհները անկասկած բարելավվել են, և մարդիկ այդտեղ լցվում են հույսով ու շնորհակալությամբ: 

Իսկ երբ, ասենք, խոսքը առողջապահության ոլորտի մասին է, մենք ունենք համավարակ և այդ համավարակի մեջ մենք ունենք հսկայական ամպլիտուդ: 

Առաջին ալիքը եկավ նրանով, որ մենք սկսեցինք պետության հաշվին 5 աստղանի հյուրանոցներում պահել մարդկանց, նրանց սնել ու զվարճացնել, իսկ դրա հակառակ պատկերը եղավ համալիրում այդ մահճակալների սարսափելի ցուցադրությունը, և մենք հասկանում ենք, որ երկուսն էլ վկայում են ոչ արդյունավետ մենեջմենթի մասին:

– Այսինքն՝ առողջապահության նախարարը պետք է հրաժարակա՞ն տար:

– Վաղուց պետք է հրաժարական տար, և եթե մեկ-մեկ էլ նրա մտերիմներն ասում են, թե նրա դեմ ինտրիգներ են նյութում, բոլորն ուզում են բարդել նրա գլխին, իրականում նա այդպես չէր ուզում, ես համարում եմ այսպես. եթե ժողովրդավարական Հայաստանում դու նախարար ես, և քո մտքերը, գաղափարները ինչ-որ առումով հանդիպում են արգելքների, դու ունես ժողովրդավարական պետության ներկայացուցչի, ժողովրդին հաշվետու լինելու տարբերակը: 

Դու անում ես մամուլի ասուլիս, բացատրում ես քո հրաժարականի պատճառները և հրաժարական ես տալիս հանրային ձևով, որտեղ միգուցե ստացվում է, որ դու ճիշտ ես: Բայց եթե դու չես կարողանում անել քո գործը, կապ չունի՝ քեզ խանգարում են, թե դու ինքդ չես կարողանում, դու երկու դեպքում էլ պետք է հրաժարական տաս: 

– Հայաստանում արտահերթ գործընթացների հիմք կա՞ այս պահին:

– Բոլոր թերացումներով հանդերձ, արտահերթ գործընթացների համար ներքին հիմք չկա: Բայց ես երբեք չեմ բացառում արտաքին ֆորսմաժորները, որովհետև մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ի պես հրեշի ներսում ապրող պետությունը չի կարող ունենալ կանխատեսելի հեռանկար, ներառյալ սահմանների հետ կապված: 

Եթե դու ենթարկվում ես հրեշի կանոններին, դու երբեք չգիտես, թե ինչով կարող է այդ ամենը վերջանալ: Դրա համար, այո՛, արտահերթ քաղաքական գործընթացների ներքին պատճառ չեմ տեսնում, բայց չեմ բացառում արտաքին սադրանքները:

Մանե Հարությունյան

MediaLab.am