Հայաստանը պետք է քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Բայրամով

Հայաստանը պետք է անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության XIII գագաթնաժողովի ժամանակ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բայրամովը նշել է, որ Բաքվի առաջարկած սկզբունքների հիման վրա մշակված խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է 2025 թվականին։

«Համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ Հայաստանը ձեռնարկի անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր»,- հայտարարել է նա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։

Բայրամովը նաև անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու տնտեսական համագործակցությանը՝ ընդգծելով տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման կարևորությունը։

«Միջին միջանցքի զարգացումը, Զանգեզուրի միջանցքի իրականացումը, տրանսպորտային կապերի ընդլայնումը, փոխադարձ ներդրումներն ու համատեղ նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծում առևտրի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նշենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը բացակայում է։ Փաստաթղթերում խոսվում է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի մասին։