Կորոնավիրուս․ պանդեմիա է հայտարարվել, ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ սպասել

Ի՞նչ պետք է անեն կառավարություններն ու բնակչությունը, երբ պանդեմիա է հայտարարվում․ տեսություն

COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի մասին մարտի 11–ի երեկոյան հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Մինչ այսօր աշխարհով մեկ վարակի արագ տարածումը պաշտոնապես անվանվում էր կամ բռնկում, կամ համաճարակ։

COVID-19–ն աշխարհում հայտնի չէր դեռևս երեք ամիս առաջ, սակայն մարտի 11–ի դրությամբ՝ դրանով վարակված է արդեն ավելի քան 121 հազար մարդ ողջ աշխարհում։

«Վերջին երկու շաբաթում դեպքերի քանակը Չինաստանի սահմաններից դուրս ավելացել է 13 անգամ, իսկ վարակի առկայությամբ երկրների քանակը եռապատկվել է», — հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մարտի 11–ին Ժնևում կազմակեպության շտաբ–բնակարանում անցկացված ասուլիսին։

Նա նշել է իրավիճակի երկու առանձնահատկություն․

«Մենք նախկինում կորոնավիրուսի հետևանքով առաջացած պանդեմիա երբեք չենք տեսել։ Եվ մենք նախկինում չենք տեսել պանդեմիա, որը կարելի է վերահսկել»։

ԱՀԿ ղեկավարն ասել է, որ մի քանի երկրներ ցուցաբերել են բռնկումը վերահսկելու ունակություն։

Սակայն միաժամանակ նա բավականին կտրուկ է արտահայտվել համաշխարհային շատ առաջնորդների հասցեին՝ ոչ բավականաչափ արագ և կտրուկ գործելու անընդունակության համար, ինչը կօգներ տարածումը զսպել։

ԱՀԿ ղեկավարն ասել է, որ կազմակերպությունը «բարձր և հստակ բոլորին տագնապի ազդանշան է հաղորդում»․

«Մոտակա օրերին ու շաբաթներին ակնկալում ենք, որ հիվանդության, մահացության դեպքերի և վարակված երկրների քանակն աճելու է»։

Սակայն միաժամանակ նա ընդգծել է, որ «անկասկած, բոլոր երկրները դեռևս կարող են փոխել այս պանդեմիայի ընթացքը»։

Ո՞րն է պանդեմիայի, համաճարակի և բռնկման տարբերությունը

Միջազգային համաճարակաբանությունում սովորաբար օգտագործվում են այս երեք եզրերը՝ բռնկում, համաճարակ և պանդեմիա։

Մասնագետներն ասում են, որ այդ երեք սցենարների միջև տարբերությունը, նախևառաջ, հիվանդության տարածման մասշտաբն է։

Տեխասի համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ղեկավար Ռեբեկա Ֆիշերը CNN–ին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել։

Բռնկում

Ոչ մեծ մասշտաբ, սակայն տարածման անսովոր ձև և որոշակի ավելացում՝ դեպքերի սպասվող քանակի համեմատ։

Համաճարակ

Համաճարակն ավելի մեծ տարածքում բռնկումն է։ Երբ մարդիկ արդեն սկսեցին հիվանդանալ Չինաստանի Ուհանի շրջանից դուրս, որտեղ վարակն առաջացել էր 2019 թ–ի դեկտեմբերին, շատ մասնագետներ խոսում էին համաճարակի մեկնարկի մասին։ Որպես պատճառ էին նշվում վարակի տարածման զսպման ոչ բավարար կամ չափազանց ուշացած միջոցները։

Ընդ որում, մասնագետներն ասում են, որ իրադարձությունների այդպիսի զարգացումն անսպասելի չէր, քանի որ ամենասկզբում ոչ բուժում, ոչ պատվաստանյութ դեռ չկար։

Պանդեմիա

Երբ համաճարակը տարածվում է արդեն մի քանի երկրների և աշխարհամասերի վրա, և հիվանդությունը փոխանցվում է արդեն տեղում, այլ ոչ թե այն անձանց միջոցով, ովքեր այն այլ երկրներից են «բերել», դա համարվում է պանդեմիա։

Դա նշանակում է, որ վարակի տարածման գործընթացը դուրս է եկել վերահսկողությունից։

Ի՞նչ պետք է անեն կառավարություններն ու բնակչությունը, երբ պանդեմիա է հայտարարվում

Մինչ այս կառավարություններին, ողջ աշխարհում օգնություն ցուցաբերող հաստատություններին և կազմակերպություններին առաջարկվում էր շեշտը դնել վարակի տարածման կանխարգելման վրա։

COVID-19–ի պաշտոնապես պանդեմիայի հայտարարումը հորդորում է փոխել գլխավոր շեշտադրումը և պատրաստվել հետևանքների հաղթահարման, նախևառաջ՝ գործ ունենալ մեծ թվով հիվանդների հետ։

Իշխանություններն այժմ պետք է հիվանդանոցներում նոր տեղեր ստեղծեն կամ նոր հիվանդանոցներ կառուցեն, ինչպես նաև պահուստավորեն դեղորայք։

Ինչ վերաբերում է բնակչությանն, ապա մասնագետներն ընդգծում են, որ պանդեմիայի պաշտոնական հայտարարումը չպետք է վախ առաջացնի կամ ստիպի բժշկական դիմակներ հավաքել։

Դա չի նշանակում, որ վարակն ավելի վարակիչ է դարձել կամ ավելի մահաբեր։

Ուժի մեջ են այն բոլոր հորդորները, որոնք արվել են մինչև հիմա, նախևառաջ՝ հաճախ լվանալ ձեռքերը, խուսափել մարդկանց կուտակման վայրերից, պաշտպանել աչքերը, քիթն ու բերանը հնարավոր վարակման վայրում գտնվելիս։ Ավելի մանրամասն խորհուրդներն՝ այս կարճ տեսանյութում․

Սակայն պանդեմիայի հայտարարումը պատմական իրադարձություն է, որն, ըստ միջազգային փորձագետների, լուրջ տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքներ է ունենալու։

Կորոնավիրուսի պանդեմիայի վիճակագրությունը մարտի 11–ի երեկոյի դրությամբ․

• Կորոնավիրուսով 121,564 հիվանդ կա ողջ աշխարհում՝ այն պահից սկսած, երբ առաջին դեպքերն են գրանցվել կենտրոնական Չինաստանում 2019 թ–ի դեկտեմբերին։

• Նրանցից 4,373–ը մահացել է։

• 66,239 մարդ ապաքինվել է։

Կովկաս

• 4 հիվանդ՝ Հայաստանում։

• 14 հիվանդ՝ Ադրբեջանում, նրանցից երեքն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից։

• 23 հիվանդ՝ Վրաստանում։

• Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը կարելի է հետևել այստեղ

Նախորդ պանդեմիաները

Պանդեմիաները մարդկային պատմության մի մասն են եղել դարեր շարունակ։ Դրանցից ամենավաղը, որի մասին հաղորդվել է, 1580 թվականին է եղել։

Այդ օրվանից, Հիվանդությունների վերահսկման միջազգային կենտրոնի (CDC) տվյալներով, գրիպի նվազագույնը չորս պանդեմիա է եղել 19–րդ դարում, երեքը՝ 20–րդում։

1918 թվական

CDC համաձայն՝ նորագույն պատմության մեջ ամենալուրջ պանդեմիան եղել է 1918 թ–ի գրիպի պանդեմիան, որն անվանում են «իսպանական գրիպ»։ Այն ժամանակ վարակվել է շուրջ 500 մլն մարդ, այսինքն՝ մոլորակի բնակչության մեկ երրորդը։ «Իսպանական գրիպից» մահացել է մոտ 50 մլն մարդ ողջ աշխարհում։

1957 թվական

Այնուհետև 1957 թ–ին Արևելյան Ասիայում գրիպի նոր վարակ է ի հայտ եկել՝ A H2N2–ը, որը պանդեմիա է առաջացրել։ Այն կոչում էին «թռչնագրիպ», քանի որ կազմված էր գեներից էր, որոնք մինչ այդ բնորոշ էին միայն թռչուններին։ Հիվանդությունների վերահսկման միջազգային կենտրոնի տվյալներով՝ վարակն աշխարհում 1,1  մլն մարդու կյանք է խլել։

1968 թվական

1968 թ–ին պանդեմիա է հայտարարվել, որն առաջացել է A H3N2 գրիպի վարակի հետևանքով։ Ըստ CDC տվյալների՝ վարակը կազմված էր A տեսակի «թռչնագրիպի» վարակի երկու գեներից։ Այն ժամանակ մահացել էր շուրջ մեկ միլիոն մարդ ողջ աշխարհում։

H3N2 վարակն այսօր էլ է շարունակում շրջանառվել ողջ աշխարհում, սակայն արդեն՝ որպես սեզոնային գրիպի վարակ։

2009 թվական

2009 թ–ի գարնանը գրիպի նոր վարակ հայտնվեց՝ A H1N1։ Սկզբից այն հայտնաբերվեց ԱՄՆ–ում, այնուհետև արագ տարածվեց ողջ աշխարհում։ Ըստ CDC տվյալների՝ վարակը «գրիպի գեների բացառիկ համադրություն» էր պարունակում, որն ավելի վաղ չէր հայտնաբերվել կենդանիների կամ մարդկանց մոտ։ Արձանագրվել էր, որ վարակը գալիս է խոզերից, և պանդեմիան ստացել էր «խոզագրիպ» անվանումը։

CDC գնահատականով՝ այդ պանդեմիայի ժամանակ ողջ աշխարհում մահացավ 152 հազարից 576 հազար մարդ, նրանց 80 տոկոսը 65 տարեկան չկար։ Այս վարակը նույնպես շարունակում է իր շրջապտույտը ողջ աշխարհում, սակայն արդեն՝ որպես սեզոնային գրիպի վարակ։

Աղբյուրը՝  JAMNEWS