Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթությունը կներդրվի մինչև 2023 թվականը

Այսօր Ազգային Ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է նախադպրոցական կրթության մասին ըստ էության նոր օրենքը, որը համակարգված ձևով անդրադառնում է նախադպրոցական կրթության խնդիրներին, անելիքներին, սկզբունքներին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ներկայացնում են նախագծի ամենակարևոր կետերը.

✅Նախադպրոցական կրթությունն ամրագրվել է որպես հանրակրթության սկզբնական աստիճան, նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ցանկացած կազմակերպություն՝ անկախ սեփականության ձևից ու հիմնադրից, ենթական է լիցենզավորման՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած լիցենզավորման կարգի։

✅Ամրագրվել է պետության աջակցությունը պետական, համայնքային և այլ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաների կրթության կազմակերպմանը և մանկավարժական աշխատողների կատարելագործմանը՝ միասնական պետական քաղաքականության, համաֆինանսավորման միջոցով։ Լրացվել են նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրները։Պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների դեպքում կլինեն նաև պետական բյուջեից հատկացումներ։ Առանձին նկարագրվել են ձեռնարկատիրական գործունեության տեսակները:

✅Խնդիր է դրվել նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարելավումը՝ կրթական ծրագրերի բովանդակության վերանայման և ժամանակակից կրթական նորարարությունների ներդրման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման միջոցով։ Սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր բուժզննությունը՝ տարեկան առնվազն 1 անգամ, պարտադիր վերապատրաստումը, տարեկան` մանկավարժական աշխատողների մեկ հինգերորդը։ Ամրագրվել է նախադպրոցական կազմակերպության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պայմանը, նշվել է նաև հաստատության՝ զարգացման ծրագիր ունենալու պահանջը։

✅Կարևոր խնդիր է ամրագրվել որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների, ներառականության և մատչելիության ապահովումը՝ խելամիտ հարմարեցումների միջոցով։ Սահմանվել է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի դրույթը։ Անցումային դրույթներում լրացվել է համընդհանուր ներառման անցնելու վերաբերյալ հստակեցում` նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության ներդրում նախատեսելով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։

✅Ամրագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը.

🔹Առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ 3 և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ների) երեխաները,

🔹կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները,

🔹տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաներին.

🔹տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) աշխատակիցների երեխաները:

✅Վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը: Ավելացվել է դրույթ՝ երեխաների բժշկական սպասարկման մասով։ Ավելացվել են երեխաների իրավունքների դրույթներ այդ թվում՝ մասնակցության իրավունքի:

✅Նկարագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները, նախադպրոցական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում կներդրվեն նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ:

✅Առանձնահատուկ շեշտադրվել է ծնողների հետ աշխատանքը՝ իբրև բաղադրիչ, ծնողավարման դասընթացների անցկացման հնարավորությունը։

✅Ավելացվել են նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության գնահատման դրույթներ,
➡️մասնավորապես, կիրականացվի ներքին և արտաքին գնահատում, նկարագրվել է դրանցից յուրաքանչյուրը:

✅Հստակեցվել են նախադպրոցական կրթության ոլորտում տարբեր մարմինների լիազորություններն ու գործառույթները, ինչը էապես կնպաստի ոլորտի համակարգված գործառնությանը։

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2873521376208471?__tn__=K-R