«Ռուսները չորով դրեցին, շանտաժի ենթարկեցին Սերժ Սարգսյանին». վերլուծաբանը վերջին զարգացումների մասին

«Ռուսները չորով դրեցին, շանտաժի ենթարկեցին Սերժ Սարգսյանին». վերլուծաբանը վերջին զարգացումների մասին
«Ռուսները չորով դրեցին, շանտաժի ենթարկեցին Սերժ Սարգսյանին». վերլուծաբանը վերջին զարգացումների մասին

Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, անկախ քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով, վերջին շրջանում կանխատեսելի էր:

 «Սերժ Սարգսյանի արևմտամետ քաղաքականությունը նյարդայնացրեց ռուսներին, ռուսները չորով դրեցին, շանտաժի ենթարկեցին նրան և կորզեցին ճիշտ հակառակ որոշում»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ շատ պարզ էր, որ եթե դրվում է «կամ-կամ» քաղաքականություն, արդյունքում պետք է նեղանա կողմերից մեկը՝ կա´մ ռուսները, կա´մ Արևմուտքը, ինչը կործանարար է Հայաստանի համար:

Քաղաքագետը նշում է, որ ցանկացած «կամ-կամ»-ի տարբերակ կենսական վտանգ է ներկայացնում մեր երկրի համար: Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, այնպիսի ռեսուրս չունի, որ մենք կարողանանք շռայլորեն վարել կա´մ ընդգծված ռուսամետ, կա´մ արևմտամետ քաղաքականություն:

Բոզոյանի դիտարկմամբ՝ Հայաստանի վիճակը շատ ավելի բարդ է, աշխարհագրական դիրքը՝ շատ ավելի բարդ, ունենք չլուծված ղարաբաղյան հիմնախնդիր:

Այնպես որ, այս պարագայում արկածախնդրություն է երկիրն այս վիճակին հասցնելը:

«Վերջին 20 տարիներին Հայաստանի մյուս նախագահները, ինչքան էլ շատ սխալներ են գործել, այնուամենայնիվ նման քաղաքականություն չեն վարել և չեն արել քայլեր, որոնք այս իմաստով կարող էին վտանգել Հայաստանի կարգավիճակը»,- ասաց վերլուծաբանը:

Այն, որ Հայաստանը պատրաստ է միանալ Ռուսաստանի կողմից գլխավորվող Մաքսային միությանը, Սերժ Սարգսյանը հայտարարեց նախօրեին՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Մինչ այդ, վերջին շրջանում Հայաստանում քննարկումներ էին այն մասին, որ նոյեմբերին մեր երկիրը Վիլնյուսում Եվրամիության հետ ստորագրելու է ասոցացման համաձայնագիրը, որից էլ բխելու է ԵՄ-Հայաստան Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:

Ու թեև իշխանական աղբյուրները Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո պնդում են, թե ԵՄ-ի հետ բանակցությունները Հայաստանի օրակարգից դուրս չեն եկել և մեկը մյուսին չեն հակասում, սակայն ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ տարակուսած են Հայաստանի այս որոշումից և բացատրություններ են պահանջում: ԵՄ պաշտոնյաները Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս բազմիցս հայտարարել են, որ ՌԴ գլխավորած Մաքսային միությունն ու ԵՄ Ասոցացման համաձայնագիրը անհամատեղելի են, Հայաստանը չի կարող «և-և» ընտրություն կատարել, «կամ-կամ» քաղաքականություն պետք է վարել:

Հիշեցնենք, որ Մաքսային միության վերաբերյալ նախորդ տարի բավական կոշտ էր արտահայտվել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ռուսաստանյան մամուլին տված հարցազրույցում նշելով, որ Հայաստանը չի կարող միանալ Մաքսային միությանը, քանի որ այդ միության անդամ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի, հետևաբար անիմաստ է նման քայլի գնալը:

Մաքսային միությանը միանալու պատրաստակամության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը հարուցել է նաև հայ հասարակության զայրույթը, նախագահի նստավայրի մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ են սպասվում, որոնցից առաջինը տեղի ունեցավ այսօր:

© Medialab.am