Ում կարելի է համարել քաղաքական գործիչ, ում՝ ոչ. Արամ Աբրահամյան

Ում կարելի է համարել քաղաքական գործիչ, ում՝ ոչ, ինչպես եւ ում շնորհիվ են նրանք կայանում կամ չեն կայանում՝ բարդ հարց է:

Օրինակ՝ այսօր նախագահի պաշտոնում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց համարում են քաղաքական գործիչներ, մինչդեռ իրենց շուրջը անձի պաշտամունքի մթնոլորտ ստեղծողները գտնում են, որ այդպիսի գործիչներ են միայն իրենց զինակիցները, իսկ երբ վերջիններս դադարում են այդպիսիք լինել, ապա դադարում են լինել նաեւ քաղաքական գործիչ: Վերջապես, Պարույր Հայրիկյանը վստահ է, որ Հայաստանում միակ քաղաքական գործիչն ինքն է: Չափանիշները, մի խոսքով, տարբեր են եւ չափազանց սուբյեկտիվ: Իհարկե, կարելի է վերամբարձ տոնով ասել՝ որոշողը ժողովուրդն է, հասարակությունը, քաղաքացիները: Բայց այստեղ մենք դարձյալ բախվում ենք այն խնդրին, թե ով կարող է որոշել՝ ինչպիսին է իրականում այդ «ժողովրդի» վերաբերմունքը: Այս կամ այն կուսակցապետը, իր շուրջը ֆանատների կամ հանուն փողի քծնողների խումբ տեսնելով, այդ խմբի վերաբերմունքը տարածում է ողջ ժողովրդի վրա: Նախագահի կայացած եւ չկայացած թեկնածուներ կան, որոնք անկեղծորեն զարմանում են, երբ մեկը ենթադրում է, թե իրենց Հայաստանում որեւէ մեկը չի ճանաչում: Ուրեմն՝ այստեղ էլ օբյեկտիվ չափանիշներ եթե անգամ կան, ապա դրանք շատ դժվար է բացահայտել: Իմ անձնական, իհարկե, սուբյեկտիվ ընկալմամբ՝ մեր քաղաքացիների մեծ մասը խորապես հիասթափված են բոլոր նրանցից, ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում՝ անկախ այն հանգամանքից, թե որ ճամբարում են նրանք «պայքարում հանուն ազգի»: Կարդալ ավելին