«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գիգանտ չափի կիստա՝ 20 լիտր հեղուկով

«Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ 22-ամյա աղջիկը «Էրեբունի» ԲԿ է դիմել՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից: Ծննդատան գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ Շաքե Խաչատրյանի բուժզննումից հետո կատարվել են փոքր կոնքի եւ որովայնի ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ինչպես նաեւ ձվարանի քաղցկեղի օնկոմարկերների քննություն:

Ախտորոշվել է աջ ձվարանի հավելումների շրջանի պարաօվարյալ գիգանտ կիստա, որը տեղակայված էր փոքր կոնքի խոռոչում՝ հասնելով մինչեւ ստամոքս եւ պարունակում էր 20 լիտր հեղուկ: Ձախ ձվարանում եւս դերմոիդ կիստա կար:
Կիստայի չափերը եւ որովայնի մեծությունը համեմատելի է 40 շաբաթական հղիության 4 կգ պտղի քաշի հետ:

Ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը, հաշվի առնելով աղջկա տարիքը, իրականացրել է օրգանապահպան վիրահատություն՝ հնարավորություն ընձեռելով հետագա առողջ եւ անվտանգ կյանքի եւ մայրանալու համար: Վիրահատությունն անցել է հարթ, հեռացվել են բոլոր կիստաները, պահպանվել են ձվարանները: Հիվանդը դուրս է գրվել վիրահատության 4-րդ օրը՝ առանց բարդությունների եւ առողջական խնդիրների: Նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ:

Վիրահատությունը կատարվել է գինեկոլոգների թիմի կողմից՝ Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ, ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ: