Քաջարանի քաղաքապետը Քննչական կոմիտեում է

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ՀՀ քննչական կոմիտեում է՝ հարցաքննության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Քննչական կոմիտե մտնելուց առաջ Փարամազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծանուցագիր է ստացել:

Նա «Քաջարան» կամավորական ջոկատի հրամանատարն է:

Թեև քաղաքապետը չգիտի, թե կոնկրետ ինչի համար են իրեն հարցաքննության կանչել, սակայն դա համարում է քաղաքական պատվեր: «Այսօր մենք մտահոգված ենք մեր սահմաններով, երկրի սահմանների պաշտպանությամբ, բայց եկեք, տեսեք, թե ինչով են իրենք այսօր զբաղված: Մեզ նման մարդիկ «ձեռք չեն տալիս»  իշխանությանը»,-նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ գործով է կանչվել հարցաքննության, նա ասաց՝ հստակ չի կարող նշել, իր համար անհասկանալի է: Քաղաքապետն ասաց, որ մտահոգված է Սյունիքի սահմաններով, դրանց անվտանգությամբ: Փարամազյանը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Քննչական կոմիտեի դիմաց հավաքվել են մի խումբ մարդիկ՝ ի աջակցություն քաղաքապետի:

Դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ դեկտեմբերի 23-ին: Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին: