«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ թիրախային քննարկումները․ Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ թիրախային քննարկումները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և հավելել․

«Մասնավորապես, երեկ հանձնաժողովում հյուրընկալել էի ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին և պատասխանատու այլ պաշտոնյաների։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ, հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը և Հակոբ Ասլանյանը:
 Քննարկումը հիմնականում ծավալվեց բարձրագույն կրթության և գիտության ոլորտների արդյունավետ կառավարման և օրենսդրական կարգավորումների հետ կապված մի շարք առանցքային հարցերի շուրջ, որոնք են՝

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների կարգավորումը մեկ օրենքի շրջանակում սահմանելու նպատակահարմարության, արդյունավետ կառավարման և ռիսկերի հետ կապված հարցերը,

«Պետություն-բուհ-գիտություն-բուհ-արդյունաբերություն» համագործակության մեխանիզմների, բուհական կրթության գործում նշված կողմերի մասնակցության ու պատասխանատվության շրջանակի սահմանման հարցերը,

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի որակավորումների, աստիճանակարգությունների սահմանման մոդելների և դրանց առավելությունների, խոչընդոտների մասին հարցերը,

Բուհի և գիտական կառույցների կառավարման մարմինների, խորհուրդների ձևավորման և գործառույթների բաշխվածության հարցերը, ընտրության կամ նշանակման գործուն մեխանիզմներ սահմանելու հարցերը,

Ուսանողական միավորումների բազմազանություն ունենալու, երիտասարդական նախաձեռնություններն ակտիվացնելու, մասնագիտական ներուժը համախմբելու և այն նպատակային օգտագործելու եղանակները և այլ հարցեր։

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համատեղ աշխատանքները շարունակելու վերաբերյալ»։

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը…

Posted by Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan on Tuesday, January 12, 2021