Կորոնավիրուսի պատվաստման ծրագիրը մինչև տարեվերջ պետք է ծածկի բնակչության 10-15 տոկոսը

Առողջապահության նախարարությունն արդեն սահմանել է ռիսկային խմբերին, թե ովքեր առաջինը պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ. այդ խմբերում ընդգրկված անձանց պատվաստման ծրագիրը պետք է ծածկի բնակչության թվի 10-15 տոկոսը: Armenpress-ի փոխանցմամբ՝ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սակայն կախված պատվաստանյութի գնից և մեր հնարավորություններից՝ պետք է ամեն ինչ անենք, որ այս թիվն ընդլայնվի, նախատեսում ենք մինչև տարվա վերջ իրականացնել»,- ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ ռուսական «Sputnik V» պատվաստանյութից բացի, ձեռք է բերվելու նաև «AstraZeneca» պատվաստանյութը:

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կիրականացվեն երկու փուլով: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 1-ին փուլի ռիսկի խմբերն են՝ տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները և աշխատակիցները, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցները, բուժաշխատողները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից, 16-64 տարեկան քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք՝ ըստ առանձին պատվաստանյութերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների և առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 2-րդ փուլի ռիսկի խմբերն են դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցները, պետական ծառայողները: