Կառավարությունը 7,5 մլրդ դրամ կհատկացնի Արցախի քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապրիլ ամսվա համար տրամադրելու նպատակով: Ըստ այդմ առաջարկվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի պահուստաֆոնդից հատկացնել 7,548,000 հազար դրամ՝ 111 000 շահառուներին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուներին, 68,000 դրամ դրամական օգնություն ցույց տալու համար։ Հաշվարկներում հաշվի է առնվել մարտ ամսվա վճարման ցուցակներ ընդգրկված շահառուների թիվը՝ 101,442 (77420 շահառուի վճարվել է դիմումի հիման վրա, իսկ 24022 շահառուի՝ Արցախի կողմից, որպես հաշմանդամություն ունեցող կամ 63 և ավելի տարեկան կենսաթոշակառուներ)։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ որոշման համաձայն 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր Արցախի քաղաքացու տրվում է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց: Նախարարի խոսքով՝ մինչև այժմ արցախցիներին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 մլրդ դրամ: «Եւս 22 մլրդ դրամի աջակցության որոշում արդեն ունենք, որից մեկը այս հատկացումն է: Այսինքն ընդհանուր կառավարության հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ: Այս ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի արցախցիներ ստացել են այս աջակցությունը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս աջակցությունից օգտվելու համար լրացուցիչ դիմելու կարիք չկա, եթե մարտին ստացել են աջակցությունը, հետագա ամիսներին ավտոմատ կփոխանցվի:

Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ քաղաքացիների մի փոքր խումբ է մնացել, որոնք աջակցության ծրագրերից դուրս են մնացել, և այդ առումով կարգավորում կարվի, որպեսզի նրանք նույնպես դառնան ծրագրի շահառու: Ի պատասխան վարչապետի հարցին, նախարարը նշել է, որ շահառուները՝ անկախ ստացած կենսաթոշակից կամ աշխատավարձից, ստանում են լրացուցիչ 68 հազար դրամ: