ՀՀ-ն ապաշրջափակման կոնտեքստում միջանցքի հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Փաշինյան

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ Հայաստանը կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում միջանցքի հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին վարչապետի պաշտոնակատարը նշեց կառավարության նիստում:

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում կրկին արձանագրել՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումն իր գլխավորած կառավարության առաջնահերթություններից մեկն է, որովհետև կոմունիկացիաների բացումն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, նույնքան անհրաժեշտ է ՀՀ-ին։

«Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սկսած 1992 թվականից Հայաստանի նկատմամբ որդեգրվել է շրջափակման, այսինքն՝ կոմունիկացիաները փակելու քաղաքականություն։ Եվ այս փաստի բերումով մենք պետք է հասկանանք, որ կոմունիկացիաների բացման օրակարգը ձեռնտու է ՀՀ-ին։ Մյուս կողմից, ինչպես բազմիցս նշել ենք, ես չեմ կարծում, որ մենք ամեն օր այս մասին պետք է հայտարարենք, ասում եմ բոլոր ժամանակների համար՝ մենք միջանցքային տրամաբանության հարց կոմունիկացիաների կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։