Երեւանում բժիշկները հեռացրել են 4-ամյա երեխայի ազդրի հսկա լիպոման

Շենգավիթ բժշկական կենտրոնից հայտնում են․

«Շենգավիթ» ԲԿ –ի Մանկական, նորածնային վիրաբուժական բաժանմունք է ընդունվել 4 տարեկան տղա երեխա:

Դիմելուց մի քանի ամիս առաջ երեխայի մայրը նկատել է ազդրերի ասիմետրիա:

Իրականացվել է ուլտրաձայնային հետազոտություն և ՄՌՏ, որի արդյունքում երեխայի մոտ հաստատվել է աջ ազդրի հետին շրջանի գիգանտ լիպոմա ՝ ճարպային հյուսվածքի բարորակ ուռուցք:

Գոյացությունը գտնվում էր խորանիստ մկանների արանքում, բարդ դիրքում, կարևոր անատոմիական կառուցվածքի հարևանությամբ։

Պացիենտը վիրահատվել է: Վիրահատությունն իրականացվել է «Շենգավիթ» ԲԿ –ի Մանկական, նորածնային վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, մանկական վիրաբույժ Աշոտ Հովսեփյանի և մանկական վիրաբույժ Սամվել Մարտիկյանի կողմից:

Բժիշկների պրոֆեսիոնալ, թիմային և արագ աշխատանքի արդյունքում հաջողվել է ամբողջությամբ հեռացնել երեխայի ազդրի հսկա լիպոման: Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, առանց բարդությունների, երեխան գտնվել է բժիշկների հսկողության տակ՝ ստանալով համապատասխան բուժօգնություն:

Թիմային համատեղ աշխատանքի շնորհիվ հիվանդը այս պահին որևէ գանգատ չունի և արդեն տանն է։