Արցախի ԱԱԾ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արայիկ Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուն

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել: Ինչպես հայտնում են Արցախի ԱԱԾ-ից,  հայտարարության մեջ նշված է.

«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը՝ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունն ի զորու է ապահովելու ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը՝ ի դեմս հանրապետության նախագահի, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»:

Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել է, որ Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքվի դատախազությունը Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։