Խիստ դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի․ Արտակ Բեգլարյան

Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին:

Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը:Այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ Տելեգրամի իր ալիքում:

Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Եվ ՄԱԿ-ի չափազանց հումանիստ ու արժեքահենք պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում՝

1. ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու և կանխելու նպատակով.

2. 40000 տեղահանված, որից 5000 շուշեցի զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը.

3. նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը, և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ հարուցելով 100000 մարդու լրացուցիչ տառապանքներ, իսկ ՄԱԿ-ը լուռ էր:

Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները»,- գրել է Արտակ Բեգլարյանը։