«Մանդատը վայր մի’ դրեք». մի խումբ մտավորականներ «խնդրանքը» Ռուբեն Հայրապետյանին կրկին ալեկոծել է մարդկանց

«Մանդատը վայր մի' դրեք». մի խումբ մտավորականներ «խնդրանքը» Ռուբեն Հայրապետյանին կրկին ալեկոծել է մարդկանց
«Մանդատը վայր մի’ դրեք». մի խումբ մտավորականներ «խնդրանքը» Ռուբեն Հայրապետյանին կրկին ալեկոծել է մարդկանց

Մինչ այսօր շատերը պատրաստվում են ի հիշատակ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի կրկին «Հարսնաքարում» մասնակցել նրա մահվան քառասուն օրվա կապակցությամբ նախատեսվածված մոմավառություն-բողոքին, մի շարք անհայտ մտավորականները դիմել են պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին` «Մանդատը վայր մի դրեք» նամակով:

Հիշեցնենք, որ հասարակական ցասում առաջացրած Վահե Ավետյանի մահը իսկական բողոքի ալիք բարձրացրեց: Զինվորական բժիշկ Վահե Ավետյանը մահացավ այն բանից հետո, երբ ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում դաժան ծեծի ենթարկվեց անվտանգության աշխատակիցների կողմից:

Դեպքից հետո, հասարակական ճնշման ներքո, Ռուբեն Հայրապետյանն հայտարարեց, թե վայր է դնում պատգամավորական մանդատը, եւ որ շատ է ցավում տեղի ունեցածի համար: Չնայած Հայրապետյանի խիստ զգայական նամակին, Վահե Ավետյանի մահվան յոթ օրվա կապակցությամբ կազմակերպված մոմավառության ժամանակ ոչ միայն մասնակիցներին թույլ չտվեցին մոմավառություն անել` ոստիկանության եւ ուժայինների կողմից ճնշելով եւ ուժ կիրառելով, այլեւ հենց ինքը` Հայրապետյանը բռնություն կիրառեց իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ:

Այն ամենից հետո ինչ տեղի ունեցավ, այսօր անհայտ մտավորականների նամակը, որը տպագրվել է «Առավոտ» օրաթերթում, կրկին անգամ զայրույթի ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում:

«Մեզ բոլորիս մեծ ցավ պատճառեց «Հարսնաքար» ռեստորանում կատարված բռնությունը, որի արդյունքում մահացավ զինվորական բժիշկ,պա, մայոր Վահե Ավետյանը: Տեղի ունեցածը իրավացիորեն դատապարտեցին բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ: Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը`դատապարտելով եւ միաժամանակ ցավ ու ափսոսանք հայտնելով, որ չի կարողացել կանխել այդ դժբախտ միջադեպը: Միեւնույն ժամանակ ուղղորդված լինելով տարբեր քաղաքական եւ անձնական նպատակներով` դժբախտաբար հայտնվեցին նաեւ որոշ կազմակերպություններ եւ անձիք, որոնք շահարկեցին Վ. Ավետյանի մահը`ի նպաստ իրենց անձնական նպատակների,-գրված է մտավորականների նամակում:

Օգտագործելով դժբախտությամբ ավարտված «Հարսնաքարի» դժբախտ դեպքը`նրանք հասարակության դժգոհության ալիքը որոշակիորեն ուղղում են դեպի ՀՀ ԱԺ պատգամավոր Ռ. Հայրապետյանը:

Մենք դիմում ենք Ձե’զ` պարոն Ռ. Հայրապետյան, մենք հավատում ու վստահում ենք Ձեզ, ու խնդրում ենք տեղի չտալ մերօրյա այս վայ-հեղափոխականներին ու տեր կանգնեք մեր կողմից Ձեզ տված քվեներին:

Պարոն Ռ. Հայրապետյան, մենք արդեն արել ենք մեր ընտրությունը եւ հուսով ենք, որ այսուհետ էլ կլինեք մեր կողքին եւ հուսախաբ չեք անի մեզ;

Հայտնում ենք մեր աջակցությունը, պահանջում եւ կոչ ենք անում չհրաժարվել ԱԺ պատգամավորական մանդատից»:

Ստորագրել են քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Համլետ Մատինյանը, տեխ. գիտ. թեկնածուներ Հենրիկ Կարապետյանն ու Հարություն Սիմոնյանը, ԵՊՀ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Խաչատուր Ղազարյանը, աշխատանքի վետերան Տաճատ Սաֆարյանը, ԵՊՀ ֆիզիկայի քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Ջամալյանը, պատերազմի վետերան Վլադիմիր Գուլումյանը, Տեխ. գիտ. թեկնածու Թորգոմ Նալչաջյանը, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցոնտ Լեոնարդ Շեկյանը:

Վերջիններիս նամակը կրկին անգամ ալեկոծել է առանց այն էլ բորբոքված մարդկանց: Ֆեյսբուկ սոցիալական ցանցում նամակի շուրջ բուռն քննադատություն է սկիզբ առել:

© Medialab.am